Տխրազվարթ զգացողությունների խճանկար


«Աշունը սրտում» խորագրին հարիր ընթացք ունեցավ մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը: 2010-ից Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրելով, այն 3-րդ անգամ բորբոքեց իր կրկեսային ու մնջախաղային արվեստները յուրատիպ միավորած պոետիկ ծաղրածուի վաղաժամ կորստյան անթեղված ցավը:

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում, փառատոնային գլխավոր թատերահարթակին միմյանց հաջորդելով իրենց ներկայացումներից ընտրված հատվածների մանրապատումային տարբերակները ներկայացրին 2014-ի խաղացանկը ձևավորած մասնակիցները: Շատերը թախծածոր հայացքները շրջում էին դեպի «Հովանոցը» մանրապատումով հավերժացված Լեոնիդ Ենգիբարյանի արձանը: Եվ բացօթյա հանդիսասրահում բեմի տախտակամածից ալիքվում էին հայ, թայլանդցի, գերմանացի, ճապոնացի, իրանցի, ֆրանսիացի արտիստների ելույթների տարագույն տպավորությունները...

Մեկնարկային խանդավառությունը սրվեց հանդիսավարի պարտականությունները փայլուն ստանձնած Ժիրայր Դադասյանի պայծառ տրամադրություն հարուցող խոսքով և ծաղկաձորյան աստղալից երկնքի հետ ասես համառորեն մրցակցող տևական հրավառությամբ: Տոնական վարակիչ տրամադրությամբ ուշ գիշերով տուն դարձող երևանյան արվեստասերներն այդուհետ, հաջորդ 4 օրերին էլ օգտվեցին իրենց ընձեռված բացառիկ հնարավորությունից և ձգտեցին լիուլի վայելել թե´ ծաղկաձորյան զովը, թե´ ծրագրված մշակութային բացօթյա ժամանցը:

Նրանց ամենևին չտրտմեցրեց նույնիսկ երրորդ օրվա երեկոյան կարճատև տեղատարափը, և «աշունը սրտում» Երևան վերադարձողները հաջորդ օրը կրկին հայտնվեցին Երևան-Ծաղկաձոր-Երևան երթուղում ու լիարժեք վայելեցին երկօրյա հագեցած ծրագիրը: Ավելին, մինչ ամենօրյա բացօթյա դիսկոտեկի մեկնարկը ունկնդիրը եղան Լեոնիդ Ենգիբարյանին ձոնված Արամ Սաթյանի երգի պրեմիերային:

Ահա թե ինչու անհամեմատ համեստ թվաց վերջին օրվա թե´ «Կենդանի արձանի» անհրապույր ստատիկությունը, թե´ սեղմ ծրագրով մատուցված փակման հանդիսութ յունը: Ոմանք նաև զարմացան, որ կազմակերպիչները, լավատեղյակ իրենց փառատոնային դրամագլխին, մեկնարկային շքեղ հրավառությունից մի փոքր բաժին չէին տնտեսել ավարտական հանդիսության ֆինալային ակորդներին ևս տոնական ինչ-ինչ երանգներ հաղորդելու:

Ծաղկաձորյան փառատոնին ինքնակամ հավատարմագրված ԶԼՄ-ների փոքրաթիվ բանակն արդեն հասցրել էր տխրել Դիլիջանի ամֆիթատրոնում փառատոնի խափանման փաստից:

Եվս 1 տխուր, համաճարակ դարձող փաստ` «աջ ու ձախ ձեռքերի իրարից անտեղյակ լինելու արդյունքից»: Ճապոնացի մնջախաղաց Մակոտո Ինո-ուեի կատարողական արվեստով քանիցս հմայվելու առիթ ունեցան դասական մնջախաղի սիրահարները: Բայց նաև զայրույթ ու զարմանք ապրեցին, երբ պարզվեց, որ Երևանում չի գտնվել որևէ ազատ թատերաբեմ, որտեղ նա կկարողանար բարձր արվեստին համարժեք միջավայրում ներկայացնել իր բեմավորած «Կագույա» մենաներկայացումը:

Այդուհանդերձ, մինչ միմյանց հրաժեշտ տալը, փառատոնի մասնակիցներն ու հյուրերը յուրովի ամփոփեցին ընդհանուր տպավորությունները: Ծաղկաձորյան բացօթյա հանդիսությունների 4-րդ փառատոնի հայտնությունը նրանք համարեցին թայլանդական «Մյութ շոուն»: Անուի Կիտկասոն և Լիզա Սրիպատանասակուլը բարձր պրոֆեսիո նալիզմով մատուցեցին իրենց մտահղացած «Սեր» և «Տիկնիկ» մանրապատումները: Ներկայացման տարածք ներմուծված բոլոր իրերն ու դիմակները տպավորիչ ու դյուրընկալ խորհրդավորություն էին հաղորդում թայլանդացի նորահայտ արտիստների սահուն զուգախաղին:

Կենդանի քանդակների, կրակե շո-ուի փորձառությամբ` կարելի է ենթադրել, որ շատ շուտով հայաստանյան շքեղ հանդիսանքներում կօգտագործվեն մեծ աշխուժութ յուն հարուցած ֆրանսիացի Վիլյամ Դոմասկու բազմաֆիգուր փուչիկային ձևավորումները: Չէ՞ որ կենսախինդ ֆրանսիացին չզլացավ իր փուչիկային աճպարարությունների «այբուբենը» ուսուցանել բացօթյա վարպետության դասերով: «Աշնանային զգացողությունները» փոքր-ինչ ստվերվեց «Երևանյան կրկեսի» գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի պատասխանատու հայտարարությամբ.

Բոլոր հետաքրքրասերներին պաշտոնապես հայտնում եմ, որ երևանյան միակ կրկեսի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 1 տարուց, և մենք մոտ ապագայում կկարողանանք կրկեսային աշխույժ հանդեսների զվարթ ու արդի ոճով տիրույթում հյուրընկալել բոլոր ցանկացողներին :

Ասենք, որ հրաշալի նոր սերունդ է կրթվել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանի գլխավորած թատրոն-ստուդիայում: Այսպես դատելու հիմք են տալիս փառատոնային երկրորդ օրը նորովի իմաստավորած «Ենգիբարյանի զավակների» ելույթները:

«Աշնանային վերջին զգացողությունը» ամենքի մոտ գրեթե նույնն էր` հիմա արդեն կարոտով են սպասելու 2016-ի ծաղկաձորյան փառատոնի 5-րդ մեկնարկին: Հուսանք, առաջին հոբելյանականի դրամագլուխն անհամեմատ ճոխ ծրագրերի իրականացման հնարավորություն կընձեռի:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ