Մինչամուսնական կապերը

խանգարում են կանանց


Խանգարում են, թույլ չեն տալիս երջանիկ լինել ամուսնական կյանքում:

Մեր նախնիները երևի դա էլ են իմացել, երբ արգելել են սեռական հարաբերությունները` օրինական ամուսնությունից առաջ: Այսօր դա փաստում են ազատ սիրո, անկաշկանդ բարքերի ջատագով Արևմուտքի գիտնականները:

Այն կանայք, ովքեր մինչև հարսանիքը մի քանի զուգընկեր են ունենում, ավելի հազվադեպ են երջանիկ լինում, քան նրանք, ովքեր պահպանում են անմեղությունը: Այս օրինաչափությունը տղամարդկանց չի վերաբերում: Նման եզրակացության են հանգել Վիրջինիայի համալսարանի հետազոտողները:

Գիտնականներ Հալեն Ռուդեսը և Սքոտ Ստենլին այս թեմայով իրենց զեկույցում նշել են` «Այն, ինչ կատարվում է Վեգասում, Վեգասում չի մնում»: Այսինքն, մեր անցյալի ապրումները, մանավանդ` եթե խոսքը սիրո մասին է, ազդում են ապագա ամուսնության վրա:

Նրանց համոզմամբ` որքան ավելի շատ են եղել սեռական կապերը, կինն այնքան ավելի դժվարությամբ է համակերպվում ամուսնու թերություններին: Տրամաբանական է. այլընտրանքային տղամարդկանց հետ կապն ավելի ժամանցային է լինում և հիմնականում առիթ ու ժամանակ չի լինում նրա մարդկային էությունն ամբողջապես ճանաչել: Բացի այդ, զուգընկերոջից բաժանվելու մեծ փորձը կանանց սերն ավելի հաշվենկատ է դարձնում:

Մեկ այլ իրողություն ևս արձանագրել են հետազոտողները. ամուսինների միջև հաճախակի վեճերը, որքան էլ զարմանալի է` ոչ մի չափով չի խաթարում ընտանեկան երջանկությունը (հետազոտությունը տպագրվել է JournΖl of SociΖl PersonΖl RelΖtionshiΘs ամսագրում): Ինչպես նշել է պարբերականը` ամերիկացի սոցիոլոգները պարզել են, որ այն ընտանիքներում, ուր ամուսինները հազվադեպ են վիճում, հարաբերությունները սառն են. ուրեմն առկա է խզման վտանգ: Իսկ բուռն վիճաբանություններ ունեցող զույգերը, որպես կանոն, նույնքան բուռն զգացմունքայնությամբ էլ հաշտվում են:

Իսկապես, ինչո՞ւ վիճել կամ ի՞նչ ապացուցել նրան, ում հետ չես ցանկանում շարունակել ճամփադ: Մինչդեռ հոգեհարազատ մարդուն հանդիմանում կամ պահանջներ ես ներկայացնում` նրա սխալն ուղղելու, մոլորությունից զերծ պահելու մղումով: