Թագավորին հանցագործի էին նմանեցրել


Հետո ասում են` փորձառու աչք, տեղեկացվածություն, որոնցով պետք է զինված լինեն գոնե հատուկ ծառայությունները: Տեղեկացված լինեն գեթ այն չափով, որ մի երկրի թագավորին հանցագործի հետ չշփոթեն. չէ՞ որ պետական այցով իրենց երկիր գալու դեպքում նրան մեծամեծ պատիվներով էին դիմավորելու: Մինչդեռ...

Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները չեն ճանաչել իսպանական լողափերից մեկում հանգստացող Մարոկոյի Մուհամեդ VI թագավորին (գրել է EL Mundo-ն): Չճանաչելը դեռ ոչինչ, կարող էին նաև չնկատել իր արձակուրդը վայելող արքային: Բայց նկատելով երկու նավակներն ու ջրային թիկնազորը, գվարդիականները որոշել են ստուգել դրանց տիրոջ ինքնությունը: Ներկայանալու և փաստաթղթեր ցույց տալու նրանց պահանջը վրդովեցրել է թագավորին...

Որոշ ժամանակ անց Մուհամեդ VI-ը զանգահարել է Իսպանիայի իր թագակցին` Ֆելիպե VI-ին: Վերջինս էլ ներքին գործերի նախարարին է դիմել` ստեղծված անհարմար իրավիճակից համատեղ ելք փնտրելու: Հետո գվարդիայի բարձրաստիճան ներկայացուցիչները գնացել ու ներողություն են խնդրել Մուհամեդ VI-ից: Իսկ նա մեծահոգաբար սեղմել է այցելուների ձեռքն ու անկեղծորեն խոստովանել, որ «գվարդիականները գերազանց են կատարել իրենց աշխատանքը», թեև «պատշաճ վերաբերմունք չեն ցուցաբերել իր հանդեպ»:

Գվարդիականների կասկածամտության պատճառն այլ է եղել: Խնդիրն այն է, որ այդ ափերում հաճախ են լինում ստրկավաճառության ու մաքսանենգ ճանապարհով թմրավաճառության դեպքեր: Վերջին շրջանում ճեպընթաց մոտորանավակներից օգտվում են իսպանական քաղաքներում ապրող աֆրիկացի արտագաղթյալները` թմրանյութեր տեղափոխելու և մարդավաճառության նպատակով: