Հայոց քաջապարեր


Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է պարային մշակույթ, որն արտահայտում է իր ազգային բնութագիրը: ժողովրդական պարերը եղել են տարեկան տոների, ուխտագնացությունների, հարսանիքների, նաև հուղարկավորության արարողակարգի անբաժան մասը: Ռազմապարերը ժողովրդի կողմից անվանվել են «կռվի խաղեր»: Դրանց կատարմանը մեծ նշանակություն է տրվել, քանի որ համարվել են սրբազան պարեր, որոնք եղել են նաև ռազմամար զական դաստիարակության միջոց: Դրանց տեխնիկական բարդությունները հաղթահարելիս երիտասարդները ֆիզիկապես մարզվել են և կոփվել: Կարևորելով ռազմապարերի կազդուրիչ ազդեցութ յունը երիտասարդների առողջության վրա` դրանք ընդգրկվել են զինվորական ֆիզիկական պատրաստականության համակարգում: Բանակի, զորագնդի պարերը, հատկապես տարած հաղթանակների առիթով, հնում կոչվել են «Պարք Բանակաց»: Սրանք կատարվել են ռազմի դաշտ գնալուց առաջ` զինվորների մարտական ոգին բարձրացնելու, ոգեշնչելու, համախմբելու նպատակով: Երբեմն էլ այս պարերի ժամանակ նմանողական գործողությունների միջոցով գուշակել են մարտի հաջող կամ անհաջող ընթացքը: Մարտապարեր կատարվել են ոչ միայն հաղթանակներ տոնելիս, այլև հուղարկավորման արարողությունների ժամանակ, հատկապես երբ հանգուցյալը կապ է ունեցել ռազմական գործի հետ: Այս մասին վկայում է Մ.Խորենացին: Բոլոր ժողովուրդների և ցեղերի մոտ հնում ընդունված են եղել մենամարտերի և ճակատամարտերի բեմականացումները, որոնց միջոցով երիտասարդներին են փոխանցվել իրենց նախնիների հաղթանակների մասին պատմող զրույցները: Պաշտամունք դարձած ռազմի ոգիների և աստվածների պատվին ևս կատարվում էին նրանց գովերգող պարային գործողություններ: Ամենահայտնի և սիրված ռազմապարերից է «Յարխուշտան»£ Ժողովրդի կողմից այն անվանվել է «Քաջաց պար», որը կատարելու իրավունք չեն ունեցել փոքրոգի, դավաճան, վախկոտ և կռվից խուսափած մարդիկ: «Յարխուշտան» Սասունում տարածված խաղերից է եղել, որը կատարվել է ուխտագնացությունների ժամանակ: Մասնակցել են հասուն տղամարդիկ, պատանիները, նույնիսկ տարեցները: Խաղացողները բաժանվել են երկու մասի: Խաղի սկիզբն ազդարարվել է մարտիկների երեքանգամյա ծափով, որից հետո «հարձակվել» են միմյանց վրա: Այս ամենը կատարվել է խիստ համաչափ` երգի ու պարի ուղեկցությամբ£ Ժամանակի ընթացքում «Յարխուշտայի» խաղային տարրը նահանջել է` տեղի տալով շարժումների պարային բնույթին£ Պարում են բազուկները տարածած£ Հիմնական դասավորությունը շրջանն է, որը պարբերաբար քանդվում է և վերածվում երկու հանդիպակաց մարտաշարքերի, որոնք մոտենում են իրար` կարծես հարձակվում, ապա բախվում են գլխավերևում կատարվող ծափերով` նմանակելով զենքի հարվածն ու բախման ձայնը£ Երբ ծափերը կատարվում են մի ձեռքով, կողմերից մեկը հանդես է գալիս որպես հարձակվող, իսկ մյուսը` պաշտպանվող: Հնարավոր է, որ վաղ անցյալում զույգերն ունեցել են թրեր, նիզակներ և վահաններ` հարձակման ու պաշտպանության նպատակով: Երբ ծափերը կատարվում են երկու ձեռքով, հանդիպակաց կողմերը հարձակվում, հավասարապես զարկում և պաշտպանվում են միաժամանակ: Այս դեպքում վերանում են նահանջողի դերը և վահանի գործառույթը£ Հայկական սիրված ռազմի պարերից է նաև «Ռոստամ Բազին», որը հիմնականում տարածված է եղել Պարսկահայքում` Կապուտան լճի շրջակայքում: Ենթադրվում է, որ «Ռոստամ Բազիի» նախնական տարբերակը նվիրված է եղել հայոց ռազմի աստված Վահագնին և կրել է այլ` հայկական անուն£ Հետագայում պարսկահայերի շրջանում կրելով Ֆիրդուսու էպոսի ազդեցությունը, այն անվանափոխվել է£ Ռազմապարերում կուտակված ուժն ու ոգին վայրկյանների ընթացքում պարողներից փոխանցվում են դիտողին և զուռնա-դհոլի զարկերի հետ մեկտեղ թունդ հանում սրտերը, ապրեցնում հաղթանակի այն հպարտությունն ու հրճվանքը, որը կենդանի է մեր պապերի երգերի ու պարերի մեջ, որոնք էլ նրանք մեզ են փոխանցել` որպես ամենաթանկ ժառանգություն և գոյության առհավատչյա:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ