«Արցախի հովերը»


Ժամանակակից հայ երաժշտության հանրաճանաչումը գործունեության առանցք դարձրած դաշնակահար, կոմպոզիտոր, օպերային ու սիմֆոնիկ դիրիժոր Յուրի Գալստյանը, ով 1982¬ից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, մտազբաղ է արդի ստեղծագործական ներուժի երաժշտակտավների լայնամասշտաբ հնչեցման ուղիների փնտրտուքով£ Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միության իր հիմնած ժամանակակից երաժշտախմբի (1989-91 թթ.) կարճատև կյանքից հուսահատ` Գալստյանն ի վերջո կարողացել է համախմբել նոր երիտասարդ շնորհալի երաժիշտ կատարողների, որոնք մասնագիտական հրաշալի դպրոց անցնելով Մոսկվայի պետական կոնսերվատորիայում` մեծ ձգտում ունեն իրենց կատարողական վարպետությունը գործնականում հմտացնելու£ Լինելով այժմ մոսկովյան տարբեր նվագախմբերի մենակատարներ` Արտաշես Գրիգորյանը (ֆլեյտա), Պավել Զագրեբաևը (հոբոյ), Ալեքսանդր Շուշպանովը (կլառնետ), Ալեքսանդր Արապովը (գալարափող) և Վլադիմիր Պրոցենկոն (ֆագոտ) ստեղծագործական եռանդին միասնաբար լիուլի հագուրդ տալու հավելյալ հնարավորություն են գտել Յուրի Գալստյանի գեղարվեստական առաջնորդությամբ£ Ռուսաստանի տարբեր քաղաքներում համերգային շրջագայություններով 23 հայ կոմպոզիտորների երաժշտակտավները հանրահռչակելուն զուգահեռ ձեռնարկել հայաստանյան այս յուրօրինակ հյուրախաղերը, որոնք մեկնարկելով Գյումրիի «Գոհար» երաժշտանոցի փոքր դահլիճում` ապա հանգրվանել են Արամ Աբրահամյանի այս հյուրընկալ օջախում£ Փոքրաթիվ ունկնդիրների կազմում հայտնի երաժիշտների ներկայությունը քննական ապրումներով է համակում հատկապես Արտաշեսին, ում կարճառոտ կենսուղին հարազատության եզրեր է ցուցանում Թիֆլիսում ծնված, Մոսկվայում հնչեղ կայացման հասած Արամ Աբրահամյանի անցածի հետ£ Արմատներով Հադրութից այս կենսախինդ երիտասարդը, ով ծնվել է Մոսկվայում, նախնիների կարոտի կանչն է փորձել արտահայտել երաժշտախմբի անվան մեջ£ Մոսկվայի կոնսերվատորիայում գտած ընկերներին խանդավառելով Հայաստանով ու նրա բարձր մշակույթով` կրկնակի պարտավորված ազդարարում է մինի¬համերգի սկիզբը` իր ֆլեյտայով մատուցելով Նարեկացու «Հավիկը»£ Այդպիսով նպաստելով առաջին անգամ հայկական հողի վրա ոտք դրած երաժիշտ կատարող գործընկերների (ափսոս, անսպասելի հիվանդացած Վոլոդյան անմասն մնաց հայաստանյան շրջագայության կախարդանքից...) կենտրոնացմանը` համերգի վարույթով նաև խմբի հոգևոր նեցուկն է աննկատ դառնում Չայկովսկու, Պրոկոֆևի ծանոթ գործերի դրվագների միասնական բարեհունչ մատուցման£ Հյուրեկ երաժշտախմբին ֆլեյտայի ու թավջութակի զուգանվագով ողջունում են Հայկ Բոյաջյանն ու Սամսոն Թաթոսյանը£ Ի դեպ, «Արցախի հովերի» կազմն էլ «առաձգական» է£ Եթե նույնիսկ հնգյակով են մեկտեղվում, համերգային ծրագրերում տարաչափ (դուետ, տրիո, կվարտետ, կվինտետ) միավորմամբ են հանդես գալիս£ Կատարումից կատարում աճում է Յուրի Գալստյանի խանդավառությունը£ Երբ Մարտին Վարդազարյանի իրեն սիրելի դարձած «Հումորեսկ»¬ից հետո խումբը կատարում է միջնադարյան տաղ, շտապում է հավաքվածներին իրազեկել, որ գործիքավորման հեղինակը Արտաշեսն է£ «Հրաշալի գաղափար է որդեգրել նորաստեղծ այս երաժշտախումբը,¬ համերգային ելույթից հետո ասում է հայկական ջազի երիտասարդ նահապետ Մարտին Վարդազարյանը£¬ Տղաները հավաստեցին, որ տիրապետում են իրենց գործիքներին, ունեն անսամբլային զգացողություն£ Վստահ եմ, որ ստանձնած առաքելությանը հավատարիմ մնալով` իրենք էլ կաճեն ու կամրանան, կգունեղացնեն կատարողական արվեստն ու առավել խորքային մատուցումը ընտրած երկացանկի£ Ժամանակակից բարդընկալ երաժշտության հանդեպ մեծ հետաքրքրություն առաջացնելու նախապայմանը, գաղտնիք չէ, վիրտուոզ հնչեցումն է»£ «Արցախի հովերն» այսօր Եկմալյան ու Նարեկացի, Հարությունյան ու Բախ, Շաքարյան ու Ավետիսյան կհնչեցնի Գառնու հեթանոսական տաճարի մատույցներում£ Հյուրախաղերի ավարտական ակորդներին ունկն կդնեն Դիլիջանի երաժշտական ուսումնարանի դահլիճում ժողովված երաժշտասերները£ Այսպիսով, սկսնակ երաժիշտները ոչ միայն պատկառելի փորձառություն ձեռք կբերեն, այլև Հայաստանի 4 անկյուններում գտած ջերմ ընդունելությամբ նոր ստեղծագործական խթան կստանան` իրենց մտապատկերում պահած գեղատեսիլ վայրերի կենդանի հմայքը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ