ՄԵՐ ՀԱՎԱՏԱՄՔԸ
Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում: Տասնամյակներ, գուցեև հարյուրամյակներ շարունակ այս հարցադրումը որպես սթափության կոչ է հնչել, արժանապատվորեն ետ նայելու, ներկան արժևորելու և գալիքին հայացք հառելու ինքնավստահություն ներշնչել: Հատկապես դժվարին ու անտարբերության պահերին մղել է վերարժևորել հինավուրց ազգիս պատմության պանծալի էջերը, այդ պատմությունը կերտած անհատներին և, իհարկե, պատասխանատվություն զգալ ներկայի համար: Իսկ ներկան ապագայի նախադուռն է: Խառն ու խրթին մեր օրերում, դժբախտաբար, հարցադրումը մոռացվել է կամ դարձել ոչ մի հույզ չարթնացնող հռետորաբանություն:
ԱՍՈՒՄ են` 21-րդը հոգևոր դարաշրջան է, բայց առայժմ միայն նյութականի մոլուցքն է մեծանում. փող դիզելու տենդով բռնկված ունևորները միլիոնները միլիարդ դարձնել են ձգտում, իսկ մի կերպ հանապազօրյա հաց հայթայթողներն ամեն օր հաշվարկում են, որ հանկարծ «ավելորդ» մի քանի հարյուր դրամ չծախսեն: Ու բոլորը հաշվում են, հաշվում, հաշվում… Հաշվում են նյութը. հոգևորի համար սիրտ ու ժամանակ չկա: Ավաղ, Հայրենիքն ու պետությունն էլ շատոց համար նյութեղեն է, նյութական: Իզուր չէր Նժդեհն ահազանգում` «Նվաճելի է նյութական հայրենիքը, հոգևորը` գրեթե ոչ»: Իսկ այն, ինչը նվաճելի է` նվաճող ու հափշտակող միշտ կգտնվի:
Արդ, ո՞րն է մեր հավատամքը: Ավելի ստույգ` ո՞րը պետք է լինի մեր հավատո հանգանակը, հավատի խորհրդանիշը: Նախևառաջ` Հայրենիքը: Մանավանդ` պետություն (այն էլ` անկախ) դարձած հայրենիքը: Եվ` ոչ միայն իր տարածքով: Ցանկացած տարածք հայրենիք է դառնում իր մարդկանցով: Իրենով ջերմացող ու իր հողը ջերմացնող մարդկանցով: Իրեն շենացնող, իր գրկում ապագա կերտող ժողովրդով: Ու թե ազգային օրրան է հայրենիքը, ուրեմն այն տվյալ ազգին անցյալից ներկա հասցրած և դեպի ապագա ուղեկցող ոգեղեն ուժ է, անցնող ու եկող սերունդների անմահության երաշխիքը:
- Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան:
Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք:
Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ` իբրև միջոց:
ՀԱՎԱՏԱՄՔ. այսինքն` հավատանք կամ հավատում ենք: Ու եթե կանք` պիտի´ հավատանք: Առավել ևս` պիտի´ հավատանք, որպեսզի լինենք: Հավատը սեր է, և հավատում ես նրան, ում (կամ ինչը) սիրում ես: Իսկ մենք ինչպե՞ս, ինչի՞ն ու որչա՞փ ենք հավատում: Կամ` ի՞նչը, ինչպե՞ս ու որչա՞փ ենք սիրում: Մինչդեռ սերը` հավատով հանդերձ, նվազել է մեզանում:
Ժամանակնե՞րն են մեղավոր: Գուցե´: Բայց չէ՞ որ ժամանակը մենք ենք կերտում:
Դժվարություննե՞րն են պատճառը, օրավուր խորացող անզորության զգացո՞ւմը, անարդարությո՞ւնը… Պատճառները շատ են, բայց դրանք չեն արդարացնում մեղանչումները Հայրենիքի հանդեպ: Այն Հայրենիքի, որն այլևս անկախ պետություն է, պետականություն է կերտում, բազմամիլիոնանոց Սփյուռքի հայացքն է դեպ իրեն հառում: Ոմանք, սակայն, աղավաղում են մեր պետականության կերտման բնականոն ընթացքը` խաթարելով միասնականությունը, խանգարելով մեր միաբանվելուն:
Պետականություն ենք կերտում, բայց արդյո՞ք բոլոր պետայրերն են գիտակցում իրենց պատասխանատվության չափը: Կամ, մարդիկ պարծանքով են կրում օլիգարխ «տիտղոսը»` չգիտակցելով, որ դա հե´չ պատվաբեր չէ (մեղմ ասած): Բախտն իրենց հետևից քարշ տվող այդ մարդիկ ամենազոր, ամենակարող են իրենց երևակայում, բայց վախենում են առանց ահազդու թիկնազորի փողոց ելնել: Ումի՞ց են վախենում` իրենց իսկ կողմից բզկտված, անօգնական ժողովրդի՞ց: Բայց մտածել է պետք, թե ով ումից պետք է վախենա…
Պառակտումի որոմը միշտ էլ առատ ծլարձակել է մեզանում: Արդյունքում` անվերջ կորցրել ենք: Ծովից-ծով Հայաստանից մի բուռ հայրենիք է մնացել` բնակռած աշխարհաքաղաքական խաղերի խաչմերուկում: Այլևս կորցնելու իրավունք չունենք: Սա լավ գիտակցում էին այն տղաները, ովքեր Հայրենիքի զոհասեղանին իրենց մատաղ կյանքը դրեցին: Մեր պատմության մեջ թերևս առաջին անգամ միաբանվեցինք, միակամվեցինք` գրպան ու նյութական շահ մոռացած: Սա լավագույն դասը պետք է դառնար` արթնացած ինքնագիտակցությունն այլևս չկորցնելու, ազգային միասնականությունը չխաթարելու, հոգևոր զարթոնքը արարումի ընթացք դարձնելու: Բայց հոգևոր արժեքներով ապրողը չէր էլ կարող մտածել` անկախություն նվաճած հայրենիքը շահութաբեր ոսկեբեր երակ դարձնել: Հոգևոր հայրենիքով ապրողները չհասցրին անգամ նկատել, թե ինչպես ճարպիկ «կոմերսանտները» անազնիվ բիզնեսախաղեր սկսեցին` տանուլ տալով իրենց խաղերից նյութապես սնանկացողների հավատը, վստահությունը: Տկարացավ հավատը, դալկացավ սերը: Եվ արտագաղթի քարավանները ճանապարհ ելան:
Կայացած պետականությունը, ամրահիմն պետությունը չի կարող ձեռնտու լինել իր հոգու դռները ճշմարիտ լույսի առջև ամուր գոցած խավարասերի համար…
ՄԱՐԴԻԿ Հայաստանից հեռանում են ոչ այնքան դժվարություններից փախչելով, որքան անարդարության հաղթարշավից: Միացյալ Նահանգներում ապրող մեր հայրենակիցները, օրինակ, Հայաստանից այնտեղ նոր մեկնածին մանրակրկիտ հարցուփորձ են անում`
- Բա ո՞նց եք յոլա գնում, չե՞ք վախենում, էդ թանկացումներին ո՞նց եք դիմանում:
Ու երբ ասում ես, որ դժվար է, բայց վախենալու ոչինչ չկա, սերիալներն են աչքդ խոթում:
- Վախենալու չէ՞, որ ամեն քայլափոխի քեզ կարող են առևանգել, սպանել կամ ինչ-որ նկուղներում պահել…
- Այդպիսի սցենարների հեղինակներն ամերիկյան մարտաֆիլմեր շատ են նայում և կարծում են, որ արևմտյան բարքերը միշտ արժանի են ընդօրինակման,- մի անգամ փորձեցի կատակել:
- Ուզում եք ասել, թե արդարություն կա, անմեղը կարող է հանգիստ ապրե՞լ… Ձեր կերած երշիկի մեջ միս կա՞… Վրաստանին 15 դրամով էլեկտրաէներգիա եք տալիս, դուք շուտով 30-ից էլ թանկ կվճարեք…
Զրուցակցիս պոռթկումը հանդիմանանք չէր: Կարծես փորձում էր հիմնավորել, թե ինչու է հեռացել Հայաստանից: Իսկ ես հակադարձող պատասխաններ չէի գտնում, բայց այնպե˜ս կուզենայի ասել`
- Ճիշտ չե´ք: Եկե´ք, ապրե´ք ու կհամոզվեք, որ ճիշտ չեք…
Ի դեպ, օտար երկրում նրանք հանգիստ են ապրում, որովհետև վստահ են, որ օրենքները ժողովրդի օգտին են, և օրենքի առաջ հավասար են բոլորը: Շատ հակիրճ, բայց պերճախոս մի բանաձևում ունեն`
- Ամերիկայում հեշտ կապրես, եթե օրենք չխախտես և աշխատանք ունենաս:
Ահա թե ինչու են հեռացել: Ահա, թե ինչու են սիրում օտար երկիրը: «Եթե օրենք չխախտես»` ասում են ու չեն էլ մտածում` իսկ եթե ուրիշը խախտի այդ օրենքը, բայց դու տուժե՞ս: Չեն մտածում, որովհետև հավատում-վստահում են արդարադատությանը:
- Եթե աշխատանք ունենաս,- ասում են և հավելում,- ցանկության դեպքում բոլորն էլ աշխատանք կգտնեն:
Աշխատավարձերի, կենսաթոշակի բարձրացում չեն պահանջում, բայց ամեն շաբաթ ուսումնասիրում են խանութներից ստացած գնազեղչերի թերթիկները: Իրենք մտածելու ոչինչ չունեն. իրենք գնորդ են, այսինքն` վճարող: Թող արտադրողները, ներմուծողներն ու վաճառողները մտածեն իրենց սիրաշահելու մասին: Իսկ վերջիններս էլ մթերքը չեն եղծում, առասպելական գներ չեն մոգոնում, որ գնող չլինի, և սնունդը հնանա, փչանա, հետո մտածեն խաբելով «սաղացնելու» մասին: Նրանք ընդամենը բիզնես են անում ու երևի չեն էլ մտածում, որ ամրացնում են պետության դիրքերը: Մերոնք այդ գիտակցությունը չունեն: Հուսանք, որ մի օր մեր երկիր էլ կայցելի նորին մեծություն արժանապատվությունը: Ավելի ճիշտ` կվերականգնվի արժանապատվությունը, կբացվեն նրանց հոգու աչքերը, ովքեր խիղճը գրպանած` բարեսեր են փորձում ներկայանալ:
Հուսանք, որ հեռու չէ այն օրը, երբ հավատուրացները կդադարեն դրամաշնորհային աղանդներ տարածել` նաև այս կերպ պառակտելով մեր մի բուռ ժողովրդին: Առժամանակ առաջ պառակտումի այդ բացիլով նաև կուսակցություններն էին վարակում: Բարեբախտաբար` ժողովուրդն իր բնածին իմունիտետով ապաքինվեց այդ ախտից:
- Սոցիալապես որքան արդար` այնքան զորավոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար. այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես»:
Երանի այն ազգ ու ժողովրդին, որը սիրում է իր երկիրը, մարդկանց: Սիրում է` ոչ թե հեռուներից կարոտելով իր օրրանը, այլ Հայրենիքից իրեն ու Հայրենիքն իրենից չզրկելով: Երանի˜ այն ազգ ու ժողովրդին, որը գիտակցում է միասնականության ուժը և պատրաստ է վայելել անկախ պետության քաղաքացի լինելու երջանկությունը: Հայ մարդը սիրո´ւմ է, գիտակցո´ւմ է ու պատրա´ստ է: Եվ կվերագտնի տկարացած հավատը` վերհիշելով, թե ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս: Իսկ առողջ արմատներ ունեցող ծառը վերընձյուղվում է անվերջ` չերկնչելով փոթորիկներից և դիմակայելով բոլոր մարտահրավերներին: