Հայկական բալետը դեռ հեռու է միջազգային մակարդակից


Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ

- Որքա՞ն ժամանակ է Հայաստանում եք. ի՞նչ եք հասցրել անել այս ընթացքում :

- Սպասումներս շատ տարբեր էին, քան իրականությունն էր: Մարդիկ փորձում էին իրենցը թելադրել ինձ, բայց երեք ամիս անց բոլորը հասկացան, որ ես եկել եմ շատ հստակ անելիքով և աշխատելու եմ ոչ այստեղի տեմպերով: Քսան տարի դրսում աշխատել եմ և գիտեմ, թե համաշխարհային բալետն ինչպես է զարգացել, ուր է գնում, ինչ խնդիրներ է լուծում: Այդ նույն ռիթմով պետք է այստեղ աշխատենք: Խումբն իմ պահանջները հասկացավ: Մինչև հիմա մեր բալետային խաղացանկում միայն տեղ ունեին հին տեսակ բալետները, որոնց գնահատական ես չեմ տալիս: Դրանք իրենց ուրույն տեղն ունեն մեր խաղացանկում, բայց առաջխաղացման համար բավարար չեն: Պետք է հասնենք միջազգային մակարդակի: Ես գիտեմ, որ հայը շատ մեծ ներուժ ունի, հիմա սկսել եմ աշխատել և արդեն գոհ եմ:

- Որո՞նք էին հայկական բալետի «վայրէջքի» պատճառները:

- Նախ ասեմ, որ 1970-ականներին հրաշալի բալետ ունեինք: Ինքս գլխավոր պարողներից էի և հանդես եմ եկել շուրջ 25 երկրներում: Ես և Վիլեն Գալստյանն էինք հայկական բալետը ներկայացնում, և´ Խորհրդային Միության տարածքում և´ արտասահմանում: Բացի այդ, ես ունեի իմ հեռուստատեսային խումբը, որտեղ նոր գործեր էինք անում: Փլուզումից հետո ամեն ինչ քանդվեց. այն սերունդը, որ պետք է մնար, դասավանդեր, չկար:

- Հայկական բալետը կղզիացե՞լ էր:

- Ոչ թե կղզիացել էինք, այլ վակուումի մեջ էինք: Սերնդի շարունակականություն չկար: Շուրջ քսան տարի մնացել էինք 20-րդ դարի 60-70-ական թվականների` սովետական բալետի զարգացման մակարդակին:

- Գնահատման հինգբալանոց սանդղակում հիմա քանի՞ միավոր կվաստակի հայկական բալետը, ըստ Ձեզ:

- Կա մի քանի բաղադրիչ` կատարողական արվեստ, մտածելակերպ, մարզվելու ձևեր: Հիմա մեր նոր ներկայացումներն արտիստներին հասցրել են 4-բալանոց մտածելակերպի, բայց որպես կատարող դեռ 2,5-3-ի մեջ ենք:

- Մի անգամ Դուք ասացիք, որ ԱՄՆ-ում, որտեղ աշխատում եք, պարողները նույնպես շատ չեն վաստակում և կարող են անգամ մատուցող աշխատել: Աշխարհում ինչպե՞ս են վերաբերվում համատեղման այդ տարբերակին, և ինչպե՞ս է վիճակը Հայաստանում:

- Իհարկե, այնտեղ էլ մեր պարողների մի մասը երեկոյան ռեստորաններում մատուցող է աշխատում: Բայց այստեղ վերաբերմունքը շատ վատ է: Մեր հնարավորութ յունների չափով, մի քիչ բարձրացրինք աշխատավարձերը, բայց դա ծիծաղելի է: Բալետի պարողի միջին աշխատավարձը 60 հազար դրամ է: Պատկերացրեք, որ առավոտից 7-8 ժամ նա պետք է մարզվի, ի՞նչ սնունդ պիտի ստանա, ի՞նչ հանգիստ պետք է ունենա: Նրա միտքը պետք է ազատ լինի, պետք է վստահ լինի, որ իր ընտանիքն ապահով է և էլի մի շարք խնդիրներ: Ֆինանսականը շատ կարևոր է: Մտածում եմ` ում դիմել, որ մեր արտիստների վարձատրության ինչ-որ նվազագույն շեմ լինի. օրինակ, 100 հազար դրամ, որպեսզի նրանցից կարողանամ արվեստ պահանջել:

- Մինչև պրոֆեսիոնալ բեմ բարձրանալը մեր պարողն ինչպիսի՞ կրթություն է կարողանում ստանալ:

- Այն, ինչ ունենք այսօր, դա բավարար չէ, չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Մենք միշտ ասում ենք, որ հիանալի պարողներ ունենք: Իհարկե, դա շատ ճիշտ է, ԱՄՆ-ում և Եվրոպայում մոտ 30 պարողներ ունենք: Այդ տղաները բոլորը դուրս են եկել մեր դպրոցից, բայց դա չի նշանակում, որ դպրոցի մարզման կնիքն ունեն: Մեր տղաները շատ մեծ պոտենցիալ ունեն, և երբ այդ պոտենցիալը դնում ես ճիշտ ուղու վրա, միշտ արդյունք է տալիս:

Կան տաղանդավոր մարմիններ, տաղանդավոր մտածողներ, եթե այդ բոլորը չմշակես, կմնան հումք:

- Կարծիք կա, որ բալետային ներկայացումները մեզանում քիչ են` օպերայի համեմատությամբ:

- Այն տարիներին շեշտը դրվել է օպերաների վրա: Հիմա մտադիր եմ բալետին կից ստեղծել մի խումբ, որն ապահովի օպերային ներկայացումները: Բալետային խումբը միայն բալետային բեմադրություններով պետք է զբաղվի: Բալետային մտածելակերպ է պետք այսօր: Եթե համաշխարհային չափանիշներով մոտենանք` օպերան ավելի էլիտար համարում է ունեցել, բալետն ավելի դեմոկրատ է: Իմ նպատակը դասական հիմքի վրա դրված ժամանակակիցի ստեղծումն է:

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ