ՄԱՏԻ ՈՒ ՄԱՏԱՆՈՒ ԱՐԱՆՔՈՒՄ


Իշխանությանն ու ընդդիմությանն ուղղված երկխոսելու` հետզհետե անհեթեթ դարձող հորդորները, հաջողության զրոյական արդյունք գրանցելով հանդերձ, այդպես էլ ժամկետանց քաղաքական ծրագրերի շարքը չեն անցնում: Իսկ թե կլոր կամ սուր անկյուններով սեղանի շուրջ հավաքվելուց հետո կողմերը հատկապես ինչից պետք է սկսեն զրույցը, իրականում որևէ մեկը չի էլ ցանկանում ճշտել: Որքան էլ զարմանալի լինի, այս հարցում իշխանության և ընդդիմության նախաձեռնողականությունը ինչ-որ իմաստով երկրորդական է… Ի վերջո, հակադիր քաղաքական բևեռներում հստակ պատկերացնում են ճամբարների հակադիր դառնալու և իրարից այդչափ հեռանալու իրական շարժառիթները, և երկխոսելու անհրաժեշտության դեպքում վերջիններս հաստատ կկարողանան որոշել` «խոսքն» ինչից սկսել ու ավարտել: Խնդիրն այստեղ ավելի շատ պղտոր ջրի շրջակայքում ակամայից ձկնորսներ դարձածներին է առնչվում` հայտնի մտավորականների ծանոթ շարքն էլ ներառյալ: Եվ այսօր արդեն ավելի հեշտ է եզրահանգելը, որ մարտի 1-ի առաջացրած հասարակական խաթարված հարաբերությունները սրանց չգիտակցված կոչերի արդյունքում է°լ ավելի են ճաք տալիս: Քարոզչական այդօրինակ գրոհը երբեք էլ չի կարող արդարացվել «բարի ցանկությունների» վերաբերյալ մտացածին հիմնավորումներով: Առավել ևս, երբ որոշ դեպքերում ակնհայտ են երկխոսության առաջարկի շրջանակներում ուրվագծվող սեփական հեռահար քաղաքական շահերը: Այստեղ, ըստ էության, երկու կողմի աչքին էլ «լավամարդ» երևալու միտումը երևույթի ամենաերևացող կողմն է միայն: Իրականում գործող խորհրդարանի լուծարման հեռանկարից մինչև ոչ ընտրովի պաշտոններ «ձեռք գցելու» մասին համառ պնդումները, լիովին կարող են տեղավորվել երկխոսության միջնորդներ ներկայացողների հաշվարկներում: Այլ հարց է, որ, հակառակ նման աննահանջ նկրտումներին` թե° ընդդիմությունը, թե° իշխանությունը արդեն հասցրել են անուղղակիորեն բացառել կլոր սեղանի շուրջ հանդիպելու ցանկությունը: Առաջինների կողմից այնպիսի աներևակայելի նախապայմաններ են առաջ քաշվել, որոնց գոնե մի մասի իրականացումն առնվազն մոտ ապագայում օբյեկտիվորեն անհնարին է: Երկրորդ դեպքում էլ, չնայած ակնհայտ պատրաստակամությանը, իշխանությունը պարզապես դրա հրատապութ յունը գերնպատակ չի ցանկանում դարձնել: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Եվ, բնականաբար, մատի և մատանու արանքում տեղավորվելու ճիգերը անհաջողության են դատապարտված: Էլ չասած, որ բարոյական չափանիշների տեսանկյունից ևս նման միջնորդություններն արդարացված չեն: Բազմիցս է նշվել, որ վաղուց արդեն իշխանությունն ու ընդդիմությունը յուրաքանչյուրն իր ճանապարհով է գնում: Ավելին, եթե կասկածից վեր է, որ առավել բազմափորձ իշխանությունն իր անելիքը լավ գիտի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար էլ հարմար առիթ է ստեղծվել` գոյություն ունեցող թույլիկ ընդդիմության տեղն արժանիորեն զբաղեցնելու համար: Այս առումով վերջերս տեղի ունեցած կոնգրեսում անհրաժեշտ չափով արդեն բացվել են խաղաքարտերը: Ավելին, երկխոսության չգոյությունը որևէ առումով վտանգավոր չէ, քանի որ ընդդմիությունն առիթը բաց չի թողնում` հավաստիացնելու, որ իր հետագա գործունեությունը միայն ու միայն օրենքի և օրինականության շրջանակներում է ծավալվելու: Դիցուք, արմատականներն իրենց ուժերը պատրաստվում են փորձել բոլոր տիպի ընտրություններում: Կարելի է կարծել, թե խոսքը նաև աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին է վերաբերում, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ այստեղ շատ ուշագրավ ու հետաքրքիր մրցակցություն է ծավալվելու իշխանության և ընդդիմության թեկնածուների միջև: Իսկ մրցապայքարը, բնականաբար, երկխոսելու ուրույն ձև է: Այս առումով հետաքրքիր կլիներ իբրև այլընտրանք այդ մրցապայքարում` բանակցությունների ակտիվ նախաձեռնություններով հանդես եկող քաղաքական ուժերին տեսնելը… Միգուցե նրան, ինչին այդքան շատ են ձգտում վերջիններս, հնարավոր լինի ավելի ազնիվ ճանապարհով հասնել: