ՄԵՆՔ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ Սեյրան ՕՀԱՆՅԱՆ


Սեյրան ՕՀԱՆՅԱՆ ՀՀ պաշտպանության նախարար Հարգելի° հյուրեր, սիրելի° ավանգարդցիներ, Այսօր առիթ ունենք նշելու հանրապետության թերևս ամենաերկարակյաց պարբերականներից մեկի` «Ավանգարդի» ծննդյան 85-ամյակը: Այս պարբերականը հարուստ կենսափորձ ունի, երկար ճանապարհ է անցել և իր կենսագրությամբ ու վաստակով հիրավի համալրում է հայ մամուլի պատմության երևելի պարբերականների շարքը: Խորհրդային դպրոց անցած թերթը շարունակեց իր գործունեությունը նաև ԽՍՀՄ փլուզումից հետո և բազմադեմ ու տարանուն լրատվամիջոցների շարքում ունեցավ իր պատվարժան ու հաստատուն տեղը: Ձերբազատվելով կարծրացած ստերեոտիպերից և որդեգրելով նոր ժամանակներին հարիր աշխատաոճ ու չափանիշներ, «Ավանգարդը», սակայն, պահպանելով խորհրդային բարի ավանդույթները և առաջապահ մարտիկի իր դիրքը, ինչ և նշանակում է թարգմանաբար, կարողացավ ստեղծել իր ձեռագիրն ու կերպարը: Միշտ լինելով դեպքերի և իրադարձությունների կենտրոնում, ձեռքը` ժամանակի զարկերակին, իր ազգաշահ ու հայրենաշեն շեշտադրումներով միաբանություն և ազգային համերաշխություն քարոզող թերթը, իրավամբ, նվաճեց հարգանք ու վստահություն, որն այնքան պակասում է այսօր հայկական լրատվամի ջոցներին: Իր համարձակ, բայց և հավասարակշիռ, սուր, բայց և օբյեկտիվ հրապարակումներով «Ավանգարդը» ապացուցեց պատեհապաշտությանը տուրք չտալու, իր սկզբունք ները պահպանելու հաստատակամությունը: Սա այն եզակի թերթերից է, որ պարբերաբար անդրադառնում է բանակաշինության խնդիրներին, նրա «Հայրենականչ» խորագրով էջում քննարկվում են պաշտպանության ոլորտի հոգսերն ու խնդիրները, ձեռքբերումներն ու բացթողումները, կարևորվում ազգային բանակի ուժն ու դերը, մարմնավորվում է հայ սպայի կերպարը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բանակի բարեկամին` «Ավանգարդին», ու ասել, որ նման սրտացավություն ու բարեհաճ վերաբերմունք այսօր բանակին շատ է հարկավոր: Շնորհավոր ծնունդդ «Ավանգարդ»: Թող ընթացքդ լինի հարատև, արգասաբեր ու բեղուն` ի նպաստ մեր հայրենիքի, ժողովրդի ու պետականության: