«Ազգային պատկերասրահ» - IV Լուրջ երաժշտարվեստը ընդլայնում է իր լսարանը


Խելամիտ հեռատեսությամբ են հաստատում մեր մշակութային կյանքում «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի ուրույն տեղը նրա արվեստասեր հիմնադիրներ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը: Այս մասին իրենց խանդավառությունը չեն թաքցնում բոլոր մասնակիցները` լուրջ երաժշտարվես տի անդավաճան երկրպագուները, նորահայտ ու անվանի երաժիշտ կատարողները, արվեստագետները: Նաև` չորրորդ փառատոնի թվով վեցերորդ համերգը իրենց բարձր վարպետությամբ երաժշտատոնի վերափոխած «Ալիաջ» (Գերմանիա) կվինտետի անդամները: Սաքսոֆոնների ընտանիքի 7 գործիքներից չորսի` սոպրանո (Կորյուն Ասատրյան), ալտ (Լյուց Կոպետչ), տենոր (Սիմոն Հանրաթ), բարիտոն (Սեբաստիան Պոտմայեր) միավորմամբ և դաշնամուրային (Յանգ Յուն Բաե) նվագակցությամբ հանրաճանաչ երաժշտախումբը հագեցնում է Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահի մթնոլորտը Մոցարտի, Մենդելսոն-Բարտոլդիի, Ստրավինսկու և Շոստակովիչի դասական գոհարների կախարդիչ հնչյուններով: Սաքսոֆոնների թավ, հյութեղ տեմբրով հայտնի ստեղծագործությունները նորովի են հմայում: Ֆարկաշի` հունգարական հնագույն պարերի, Գերշվինի «Պորգի և Բես» օպերայի քաջածանոթ դրվագների, Գլիերի` ռուս նավաստիների ու չինուհիների պարերի ջազային մեկնաբանությունները վերահաստատում են սաքսոֆոնի նախնական կիրառական նշանակությունը: Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից, ասես ակամա, անջատված ու շատ վաղուց ինքնուրույն գոյության կարգավիճակ ստացած աշխարհահռչակ «Սուսերով պար»-ի աշխույժ կատարումով չի եզրափակվում «Ալիաջ»-ի համերգային ելույթը: Բարձրարվեստ երաժշտարվեստի ոլորտում ինքն իրեն վերագտած հանդիսատեսը, բուռն ծափերով ու բրավոներով, հարկադրում է հոգնաբեկ երաժիշտներին կրկին հնչեցնել յուրահմա սաքսոֆոնանվագը: Եվս 350 երաժշտասեր գոհունակ հեռանում է Որմնանկարների սրահից` իր ակտիվ վերաբերմունքով մեկ անգամ ևս հավաստելով լուրջ արվեստի անփոխարնելի անհրաժեշտությունը մարդու ներաշխարհի հարստացման, մտահորիզոնի ու հետաքրքրությունների ընդլայնման տեսակետից: Միաժամանակ` կարևորում փառատոնի կազմակերպիչների նոր նախաձեռնությունը` կլոր սեղանի շուրջ զրույցի ժողովել հայ երաժշտարվեստի ճակատագրով անկեղծորեն անհանգստացող հայրենակիցներին` կոմպոզիտորներ, երաժշտագետներ, կատարող երաժիշտներ, լրագրողներ, մշակութային գործիչներ… Եվ, Մշակույթի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ, ուղիներ նախանշել կուտակված կնճռոտ հարցերը հնարավորինս արագ հանգուցալուծելու: «Երաժշտական պատկերասրահ» և մի շարք այլ փառատոների շրջանակներում առավելագույնս պրոպագանդվում է հայ երաժշտարվեստը: Մշակույթի նախարարության աջակցությանն են արժանանում դրան միտված նոր նախաձեռնություններից շատերը: Մամուլում և հեռուստատեսությամբ լուսաբանվում է այդ կարգի միջոցառումների գերակշռող մեծամասնությունը: Վերաբերմունքը լուրջ երաժշտարվեստի նկատմամբ հուսադրող տեղաշարժ է դրսևորում: Այդուհանդերձ, հանապազօր արմատական փոփոխության վաղվա օրը մշուշված է մնում, որովհետև Կոմպոզիտորների միությունը կաթվածահար վիճակում է: Ներկայացնելով իրենից առանձին խմբավորումների ձևական միասնություն` այն ի զորու չէ համախմբվել մեկ ընդհանուր գերխնդրի` արդի հայ երաժշտարվեստի դաշտը առողջացնելու կոնկրետ միջոցներ գտնելու և դրանք հետևողականորեն շուտափույթ իրագործելու շուրջ: Նախևառաջ, ստեղծագործական բարենպաստ մթնոլորտը պետք է հարկավոր թանձրության հասցնել: Ապա միայն ուղիներ գտնել նոտատպագրության, առանձին երաժշտական ժանրերի պահպանման, նոր գործերի հանրաճանաչման: Ո՞վ պետք է պետությանը ներկայացնի ստեղծված անմխիթար իրավիճակը մասնագիտորեն, չանձնավորված գնահատող ու դրա հիման վրա ամենանպաստավոր ելքը ապահովող գործնական առաջարկությունների անհրաժեշտ համակարգը: Կարծում եմ` երաժշտական ընտանիքի համաժողովը: Գործող երաժիշտներն իրենք պետք է սկսեն բարոյական հաղթարշավը, շահագրգռություն հանդես բերեն` համազգային, հանրօգուտ: Անեն առաջին գործնական քայլը, ապա ձեռք մեկնեն պետական գանձարանին: «Ազգային պատկերասրահ»-ի սկսած խոսակցությունը անպայման պետք է կոնկրետ գործերով շարունակ վի, որպեսզի կարելի լինի հաղթահարել հայ արդի երաժշտաընտանիքի հոգևոր-բարոյական ճգնաժամը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ