Գերմանիան շարունակում է մաքրել ֆաշիզմի հետքերը


Ապշեցնող հետևողականությամբ այս պետությունն իր խիղճն է մաքրում` մարդկության դեմ նախնիների կատարած ոճիրների համար հատուցելով: Այսպիսի արդարամտությանն է, թերևս, վայել քաղաքակիրթ երկիր ու ժողովուրդ ասվածը:

Բունդեսթագի պատգամավորները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել` նացիստական ռեժիմից տուժած և Գերմանիայի տարածքում գտնվող ճամբարներում պահված նախկին Խորհմիության ռազմագերիներին, որպես փոխհատուցում, վճարել 10 միլիոն եվրո: Այս մասին անցյալ շաբաթ հայտարարել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը (հաղորդել է Die Zeit-ը): Իսկ խորհրդարանի մամլո ծառայությունից էլ տեղեկացրել են, թե չի բացառվում, որ այդ թեման ընդգրկվի օրակարգում:

Գերմանացիները հաշվարկել են 4 հազար սովետական ռազմագերիների` յուրաքանչյուրի համար նախատեսելով 2,5 հազար եվրո:

Հատկապես այս օրերին նման որոշման դրդապատճառ կարող է լինել Համաշխարհային 2-րդ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի հոբելյանը: Կարևոր այլ հանգամանք էլ կա. այդ քայլը մեծ դերակատարում կունենա` գերմանա-ռուսական հարաբերություններում ուկրաինական սառույցը հալեցնելու: Այս ամենով հանդերձ չպետք է անտեսել փաստը, որ Գերմանիան ինչ-որ կերպ փորձում է հատուցանել նացիստների վայրագություններից տուժած բոլոր ժողովուրդներին: Երկրի նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերն այս առիթով հայտարարել է, որ Գերմանիան պատմական Ռուսաստանի հանդեպ պատասխանատվություն է կրում Երկրորդ աշխարհամարտում կատարած հանցագործությունների համար: (ՌԻԱ «Նովոստի»):