Դահիճների պահանջ կա


Դա էլ է մասնագիտություն, և հիմա Սաուդյան Արաբիայում թափուր տեղեր են բացվել: Ոչ թե դահիճներն են գործից հեռացել, այլ գործն է ավելացել: Եվ երկրի կառավարությունը իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել դահիճներ վարձելու մասին: Աշխատել ցանկացողներին մեծ պահանջներ չեն ներկայացվում. կարևորը սառը զենքին տիրապետելն է: Մահապատիժն ի կատար ածելուն զուգահեռ նրանք պետք է կարողանան նաև ձեռք ու ոտք կտրել. օրինակ` գողություն կատարածների:

Թագավորությունում գործում են շարիաթի օրենքները: Մահապատիժը նախատեսված է սպանությունների, հավատուրացության, կախարդության, բռնաբարության և թմրանյութերի առևտրի դեպքերում: Թրով զինված դահիճը դատավճիռն իրականացնում է հրապարակում և, որպես կանոն, բազմության ներկայությամբ:

2015 թ. սկզբից այս երկրում նշանակալիորեն աճել է մահապատիժների թիվը. 4-5 ամիսների ընթացքում այս կերպ այն աշխարհ են ճանապարհել արդեն 85 մեղապարտի: Անցյալ տարի մահապատժի էր ենթարկվել «ընդամենը» 81 մարդ, իսկ 2012-ին` 76-ը:

Կառավարության հայտարարության մեջ դահիճներին անվանում են «կրոնական պաշտոնատար անձինք»: Հիմա 8 դահիճի կարիք կա, որոնց վարձատրության չափը չի նշվում. ասվում է միայն` պետական ծառայողների նվազագույն աշխատավարձի չափով (տեղեկացրել է NEWSru.IsrΖel-ը):

Հետաքրքրական մի փաստ ևս. Սաուդյան Արաբիայում գործում է նաև պետական դահիճի պաշտոն: Օրինակ, Մեքքա քաղաքի գլխավոր դահիճի պաշտոնը փոխանցվում է ժառանգաբար, և յուրաքանչյուր ժառանգորդի թեկնածությունը հաստատում է թագավորն անձամբ:

Թրով գլխատելուց բացի դատապարտյալը կարող է սպանվել նաև քարկոծությամբ, երբեմն էլ` գնդակահարությամբ: Հատուկ դեպքերում գլխատվածին նաև խաչում են:

Իրավապաշտպանները նշում են, որ չնայած օրենքի այսչափ խստությանը, այստեղ մահապատժի չեն ենթարկում կնոջ ու երեխաներին սպանած տղամարդկանց: (lentΖ.ru):