ՀՊԱՆՑԻԿ ՀԱՅԱՑՔ ՕՊԵՐԱՅԻՆԻ ԿԻՍԱԲԱՑ ՎԱՐԱԳՈՒՅՐԻՆ

Օպերային անավարտ զրույցներ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական նկարագրի շուրջ արվեստասերների տագնապն ահագնացավ, երբ 7-ամյա անղեկ գեղագիտական տարուբերումներից հետո տնօրեն նշանակվեց Անդրանիկ Արզումանյանը: Ապա, բոլորովին վերջերս, որպես նորահաստատումը կառուցվածքային արմատական փոփոխությունների, բեմադրական աշխատանքների ղեկավարությունը ստանձնեց ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանը: Անխուսափելի դարձավ «հաշվետու» հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Լավատեղյակ «օպերային անցուդարձից», «ԱՎԱՆԳԱՐԴԸ» չգոհացավ ընդհանուր խոսքուզրույցում բարձրաձայնված փշոտ հարցերի պատասխաններից: Փորձեց Անդրանիկ Արզումանյանի, նրա «խաղաղարար» հանրային լուծը կիսելու դժվարին պարտականությունն իրենց վրա վերցրած օպերայինի երաժշտական մասի ղեկավար, գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ու գլխավոր բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի հետ անմիջական երկխոսությամբ իր ընթերցողի համար հստակեցնել բացառիկ թատերակառույցի ներկան:

«Իրավիճակն, իհարկե, անհարկի բարդացված էր մամուլում»

- «Աիդա» օպերայի և «Սպարտակ» բալետի թանկարժեք նախագծերով չհաղթահարված ստեղծագործական ճգնաժամից տարիներ անց, երբ նշանակվեցիք թատրոնի տնօրեն, կրկին բորբոքվեցին օպերային կրքերը: Նկատի առնելով Ձեր երաժշտական մասնագիտական կրթության բացակայությունը` շատերը տրտմեցին ու բացահայտ ընդդիմացան: Տագնապ հնչեց, թե մեր միակ օպերային թատրոնը գլորվում է սիրողականության անդունդը: Անշուշտ անհամեմատ նրբացավ Ձեր երաժշտական ընկալման ճաշակը: Որքանո՞վ կարողացաք անվրեպ կողմնորոշվել թատրոնի ստեղծագործական խնդիրների հանգուցալուծման «ի վերուստ» նախաձեռնված գործընթացներում:

Անդրանիկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ - Ճիշտ է, ես երաժշտական կրթություն չունեմ, բայց ընտանեկան մշակութային տրադիցիաներով ու դաստիարակությամբ դեռ մանկուց բավականաչափ գիտելիքներ ամբարել եմ նաև երաժշտարվեստի մասին: Վերջին 15 տարիների կյանքս արտերկրում անցել է մշակութային խոշոր միջոցառումների կազմակերպման բովում: Մուտքս մեր օպերային թատրոն կնճռոտ խնդիրների կուտակումների հաղթահարման անհրաժեշտությամբ էր պայմանավորված: Տնօրենի գործունեութ յունն էլ հենց կազմակերպչական բնույթ ունի, ոչ ստեղծագործական: Միայն մեկ փաստ նշեմ, որը կվկայի իմ տնօրինության օրոք եղած դրական տեղաշարժի մասին. թատրոնի ունեցած 80 մլն ՀՀ դրամ պարտքը մարված է: Մեր ուժերով շենքի մասնակի վերանորոգումն իրագործեցինք, համապատասխան պայմաններ ստեղծեցինք հաշմանդամների այցելության համար: Անհերքելի եմ համարում գեղարվեստական ղեկավար ունենալու անհրաժեշտությունը:

Մտադիր եմ հրավիրել ոլորտին լավատեղյակ որևէ արվեստագետի և տնօրեն-գեղարվեստական ղեկավար դաշինք կռելով` նպաստել թատրոնի ստեղծագործական վերընթացին: Համաձայնեք, որ մեկ տարին բավական չէ այսպիսի խոշոր կառույցում ամեն ինչ շտկելու, կարգավորելու համար: Իրավիճակն, իհարկե, անհարկի բարդացված էր մամուլում: Թատրոնն աշխատում էր, նոր ներկայացումներ էին բեմ հանվում: Փորձեցինք շտկել ընթացիկ կյանքը: Նախ, տնօրինության և ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով բարելավվեց ֆինանսական պլատֆորմը, միջին աշխատավարձը 80-90 հազար ՀՀ դրամից հասցվեց 250-300 հազարի:

- Պարտադիր գանձումներով, գաղտնիք չէ, զգալիորեն նվազում է փաստացի հավելավճարը:

- Համաշխարհային բեմերում մեր արվեստը ներկայացնող արտիստները նաև ելույթավճար են ստանում: Հիմա, կարևորը, կադրային արտահոսք չկա` պայմանավորված ներքին խոհանոցով: Եթե գնում են, գնում են, ինչպես ՀՀ շա˜տ քաղաքացիներ, այլևայլ պատճառներով: Օպերայինում աշխատում է 620 մարդ, բայց վստահաբար ասում եմ, որ առողջ օրգանիզմ է հիմա մեր թատրոնը, քանի որ յուրաքանչյուր խմբի ղեկավար անում է ամեն ինչ, որ արտիստները, երաժիշտները սիրով գան թատրոն և զբաղվեն միայն արվեստով: Կառուցվածքային արդիաշունչ փոփոխություններ ձեռնարկեցինք: Բացվեցին նոր բաժիններ, որոնցից հատկապես հրատապ էր մենեջմենթինը և գովազդինը: Կուռ համակարգվեցին վարչարարության իրավական հիմքերը, համապատասխան փաստաթղթերի փաթեթ կազմվեց: Ըստ իս, պարզ ու անկողմնակալ անցանք ստեղծագործական ամբողջ կազմի վերաորակավորման գործընթացն էլ: Ունեցանք հյուրախաղեր, որոնց թագն ու պսակը հաջորդ հրավերն ապահոված Սանկտ Պետերբուրգինն էր. Մարիինյան թատրոնում` «Գայանե» բալետով: Եղանք ՀՀ մարզերում, սահմանամերձ զորամասերում, Շուշիում հիմնականում մեր ուժերով ներկայացրեցինք Ավետ Տերտերյանի «Կրակե օղակում» օպերան: Մոտ 3 հազար երեխաներ, շատերն առաջին անգամ իրենց կյանքում հնարավորություն ունեցան լինել մայրաքաղաքում և անվճար դիտելու մեր ներկայացումները: Ի դեպ, տրանսպորտային հոգսերն էլ մեզ վրա էինք վերցրել: 2015-ի գլխավոր ասելիքին համահունչ նախաձեռնություններից հիշարժան են իտալացի ջութակահարուհի Ֆրանչեսկա Դեգոյի ելույթը մեր նվագախմբի հետ, հայազգի հանրահայտ դիրիժոր Գևորգ Փեհլիվանյանի ղեկավարած համերգը: Չափազանց ուշագրավ եմ գտնում ֆրանսահայ Ալեքսանդր Սիրանոսյանի հեղինակած «Տիգրանի փոխակերպումները» Փարիզում լույս ընծայված ստվարածավալ անթոլոգիայի համերգ-շնորհանդեսը:

- Օպերային արվեստը ֆինանսական խոշոր, նաև շռայլ ներդրումներ է պահանջում: Վերջին գեղարվեստական ղեկավարը` ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը, իրեն տրամադրված սուղ միջոցներով հնարավորություն չէր ունենում հանրահռչակ օտարներին բեմադրություն պատվիրելու, առանձին դերերգերի համար ճանաչված երգիչ-երգչուհիներ հրավիրելու: Արդյո՞ք մեր միակ օպերային թատրոնի հանդեպ արդեն կա առանձնահատուկ պետական վերաբերմունք, առատաձեռն հոգածություն:

- ՀՀ նախագահի, Մշակույթի նախարարության աջակցությամբ մեր աշխատավարձերը մոտ 3 անգամ բարձրացան, հնարավոր դարձավ նաև 5 բեմադրությունների վերականգնումը:

- Նախաձեռնված կառուցվածքային բարեփոխումները դեռևս հուսադրող արդյունք չեն երևակում: Ի՞նչ լուրջ ակնկալիքներ ունեք այս առումով 2015-ից:

- Կվերաբացվի օպերային թատրոնի պատմության թանգարանը` կուտակված հարուստ նյութի հնարավորինս բաց, արդիաոճ ցուցադրությամբ` հատուկ տեխնիկական հնարքներով, էկրանային ցուցադրություններով մատչելի թե´ տեղի երաժշտասերներին, թե´ աշխարհին: Ինչպես, ասենք, ուղիղ կապով մեր թատերասրահում հեռարձակված փարիզյան գալա համերգը: Վերականգնվել են 3 ներկայացումներ. ըստ էության, պրեմիերաների կարգավիճակով` նոր զգեստներ, նոր դեկորներ, նոր արտիստներ, քանի որ շատ վաղուց չէին խաղացվել` «Կարմեն սյուիտը», «Լորկիանան»: 2-3 տարվա աշխատանքներից հետո վերջապես Բիզեի «Կարմեն» օպերան կներկայացվի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Երկու արեգակ» նոր բալետային ներկայացումը Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությամբ: Աշնանը երևի թե արդեն պատրաստ կլինեն «Ժիզելը», «երկար լռած» «Պողիկտոսը»: Տարեվերջին 2 պրեմիերա կունենանք` Մասկանիի «Գեղջկական ասպետությունը» և Լեոնկովալոյի «Պայացները»... Այս ամենն, իհարկե, մեծապես կախված է ֆինանսական ռեսուրսներից, ինչը հատուկ է ոչ միայն մեր թատրոնին, այլև բոլոր ստեղծագործական կոլեկտիվներին: 82-րդ ընթացիկ թատերաշրջանում Գոհար Գասպարյանի և Էլվիրա Ուզունյանի մեծարման երեկոներին շուտով կհաջորդեն ՀՀ ժողովրդական արտիստ Բելլա Հովնանյանին և ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանին պատշաճ արժևորող հանդիսանքներ: Մեր «Անուշն» ենք հիմա 50 հոգանոց խմբով, «փոքր մոդելով» մարզերով շրջելու: Մտադիր ենք արտերկրից հրավիրված դիրիժորների, մեներգիչների և մեր կատարողական ներուժով կենսագործել «Բարեկամների փառատոնը»:

«Ստեղծագործական ընդհանուր դիմագծի պատասխանատուն մնում եմ ես»

- Ըստ էության այսօր թատրոնի գլխավոր դիրիժորն է պատասխանատու գեղագիտական ներկա դիմագծի համար: Ձեր մենաշնորհը իրարամերժ ընկալում ների տեղիք է տալիս: Ստորջրյա հոսանքներ են հորդանում այս առումով` հորդելով կուլիսներից դեպի հանրային հարթակներ...

Կարեն ԴՈՒՐԳԱՐՅԱՆ - Ամեն ներկայացում ունի իր դիրիժորը, ով պատասխան է տալիս կոնկրետ ներկայացման որակի համար: Այդուհանդերձ, ստեղծագործական ընդհանուր դիմագծի պատասխանատուն մնում եմ ես: Պատկերացրեք, ունենք Անուշի 10 դերակատար, բայց տարեկան` ընդամենը 8 բեմելի հնարավորություն:

- «Սպասասրահում մնացողները» մատնվում են ստեղծագործական պարապուրդի և, կամա-ակամա, օպերայինի բեմելների հարաճուն սակավությամբ, կուլիսային իրարանցում են հրահրում:

- Մենք, լրացուցիչ ունկնդրումներով, բեմելի համար ընտրում ենք լավագույն ութնյակին, ովքեր չեն զլանում ամենօրյա ընթացքում, չեն խախտում աշխատանքային կարգապահությունը: Օպերային թատրոնը թիմային, կոլեկտիվ աշխատանք է պահանջում և, բարեբախտաբար, այդ թիմի ձևավորման խնդիրներ այժմ չունենք: Թիմային աշխատանքում կարևորն այն է, որ տնօրինական թևն ամեն ինչ անում է ստեղծագործությանը աջակցելու համար: Հիմա ավելի հեշտ է աշխատել: Մինչև 2017-ը պլանավորված է ստեղծագործական աշխատանքը: Նոր հանդիսատես ձևավորելու միտումով մտածեցինք վերիզմի ուղղության գործեր բեմ հանել, ապա ավելի բարդերը: Կա այսպիսի հասկացություն` ներկայացումներ գնել կամ վարձակալել: Աշխարհում վաղուց է կիրառվում այս մեթոդը: Օրինակ, Աստանայի թատրոնը «Մետրոպոլիտենից» կամ «Լա Սկալայից» է վարձակալում իր խաղացանկը հարստացնող ներկայացումներ: Աշխարհում կան ոչ խաղացանկային թատրոններ, որոնք բեմադրած ներկայացումները խաղում են 8-10 անգամ, ապա վաճառում կամ վարձակալության տալիս, քանի որ իրենց ծախսերը կոմպենսացվել են, նոր շահույթի ակնկալություն չունեն, այլևս չեն խաղարկելու: Ապավինելով մեր անձնական մտերմությանը` մենք այս կարգի փորձ ենք նախաձեռնում Գերգիևի գլխավորած հռչակավոր թատրոնի համագործակցությամբ: 2016-ին նախատեսվում է Մարիինյան թատրոնից մի քանի տարով, խիստ խորհրդանշական գումարով, վարձակալել Վերդիի «Դիմակահանդեսը»` տեղում ցույց տալու համար, թե ինչպես են աշխատում աշխարհի լավագույն թատրոնները: Մեկ ամսով մեզ մոտ կհյուրընկալվեն Մարիինյանի ռեժիսորները. մրցույթով անցած երիտասարդ սկսնակ ռեժիսոր ներին` փորձնակներին, համապատասխան գործնական հմտություններ կփոխանցեն: Նրանց զգեստներն ու դեկորներն էլ մեր տրամադրության տակ են լինելու: Այսինքն անհամեմատ սուղ միջոցներով մենք հարստացնում ենք մեր խաղացանկը: Մեր երգիչներն էլ ավելի զբաղված կլինեն:

- Հանրային լավատեսության իրական հիմքերն, այդուհանդերձ, առայժմ չափազանց երերուն են... Օպերային բեմահարթակն ավելի ու ավելի է հեղեղվում տարատեսակ, թող որ հիմնականում երաժշտական միջոցառումներով:

- Նոր հզոր խթան ունենք վերջին տարում` ՀՀ բջջային հեռահաղորդակցության առաջատար Վիվասել ՄՏՍ-ի մեկենասությամբ ձևավորված «Օպերային զարգացման հիմնադրամը»: Դրա շնորհիվ 2014-ին մոտ 140 մայրաքաղաքային և մարզային նախագծեր ենք կյանքի կոչել` նպատակ ունենալով նոր հանդիսատես ձևավորել թե´ երաժշտական դպրոցների, թե´ հանրակրթարանների սաներից: «Անուշի» փոքր մոդելը հենց այդ միտումով ստեղծեցինք: Շրջագայելով մի քանի հեռավոր գյուղերով` համոզվեցինք, որ մեր ժողովուրդը կարոտ է օպերային արվեստի հետ կենդանի շփման, և այսպիսով նաև կարող ենք մասնակի բավարարել նրա հոգևոր պահանջները: Հիմնադրամը կոչված է նաև հավելյալ միջոցներ հայթայթել` պատշաճ ներկայացումներ բեմ հանելու համար:

«Ցավոք, մեր պայմաններն էապես փոխվել են»

- Ստացվում է, որ վերջին տասնամյակներում մենք «Գայանեից» բացի ուրիշ բալետով չենք կարող ներկայանալ աշխարհին: Վիլեն Գալստյան արտիստի աստեղային տարիներին մեր թատրոնում ներկայացվում էր «Անտունին»: Արդյո՞ք Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ նպատակահարմար չէր այն առաջնահերթ վերականգնել:

Վիլեն ԳԱԼՍՏՅԱՆ - Պարզապես խելամիտ չէ Մոսկվայում և Պետերբուրգում, որտեղ տարատեսակ մեկնաբանություններ են տեսել, գրիգորովիչյան «Սպարտակը» ներկայացնելը, որն արտերկրում, ի դեպ, 2 բեմել ունեցել է արդեն: Հպարտությամբ եմ փաստում, որ ընդամենը 2 փորձով Գերգիևի նվագախումբը Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ նվագեց 3 գործողությամբ «Գայանեն», և մեր բալետային խումբը փայլուն հանդես եկավ մի պատասխանատու բեմահարթակում, որտեղ ես բազմիցս ելույթ եմ ունեցել որպես պարող, բայց առաջին անգամ էի հանդես գալիս որպես խորեոգրաֆ: Պետերբուրգը լուրջ քննություն է եղել ինձ համար դեռ խորհրդային տարիներին, չնայած Մոսկվայի Մեծ թատրոնում ինձ զգում էի ինչպես մեր տանը: «Անտունին» ինձ համար էլ թանկարժեք գանձ է, շա˜տ սիրելի: Իմ ուսուցիչ Մաքսիմ Մարտիրոսյանն է բեմադրել: Դժբախտաբար, նա այսօր չափազանց տկար է և ի վիճակի չէ անձամբ վերականգնելու: Ինքս ինձ իրավունք չեմ վերապահում «սրբապիղծ» լինել...

- Ռուդոլֆ Խառատյանից հետո հանձն առաք բալետային խմբի գեղարվեստական ղեկավարությունը: Ձեր արտիստական և մանկավարժական փորձառութ յամբ վերընձյուղման ի՞նչ նոր հորիզոններ եք ակնկալում:

- Մոտ մեկ տարին քիչ է լուրջ ձեռքբերումների մասին խոսելու համար: Նոր թիմում ես ինձ ավագ գործընկերոջ պես եմ զգում, հարգված ու գնահատված: Մտադիր էի ձեռնարկել Խաչատրյանի երաժշտության առանձին դրվագների Էդգար Հովհաննիսյանի վարպետ մշակմամբ բալետ դարձած «Դիմակահանդեսին»: Ցավոք, մեր պայմաններն էապես փոխվել են: Առաջ, երբ մենք ունեինք համապատասխան արտադրամասեր, շատ արագ էին լուծվում տեխնիկական հարցերը, ժամանակի կորուստ չէինք ունենում: Հիմա տնօրինությունը պետք է մրցույթ հայտարարի, անծանոթ վարպետները դրսում պիտի պատվերը կատարեն, հատ-հատ պիտի փորձվեն զգեստները: Հետաձգեցինք հաջորդ տարի: Համոզված եմ, շուտով կունենանք Խաչատրյանի տրիպտիխը` «Գայանեն», գրիգորովիչյան «Սպարտակը» և «Դիմակահանդեսը»...

Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Մայիսի 27-ին, տարբեր ազգերի արտիստների մեկտեղմամբ, կայացավ Ռուդոլֆ ԽԱՌԱՏՅԱՆԻ «Երկու արեգակ» բալետային նոր բեմադրության առաջնախաղը: Այն տպավորիչ էր` հատկապես Խաչատրյանի, Բաբաջանյանի և Տերտերյանի երաժշտական մոտիվներին միահյուսված Մաշտոցյան շարականների, Նարեկյան տաղերի, Ալան Հովհաննեսի արդիաշունչ մեկնաբանությամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ