Երբեմն ես խոսում եմ հոգուս հետ

Ու այդժամ լիովին անդիմակ եմ


Ազգի համար ամենակարևորը ազգային միասնության գաղափարն է` ազգային ինքնագիտակցությունը, իրեն ամբողջի մասնիկը զգալու գիտակցությունը: Ազգի մասին խոսելուց, ազգային գաղափարները և ազգային արժեքները տարբերակելուց առաջ պիտի հասկանանք, թե ինչով է դրսևորվում անհատ-ազգ հարաբերությունը: Մենք գիտենք, թե ինչ ասել է ընտանիք, ինչպիսին պետք է լինեն ընտանիքի անդամների հարաբերությունները: Օրինակ. եթե ընտանիքը հարուստ է, ապա ապահովված են ընտանիքի բոլոր անդամները. չի կարող ընտանիքում մեկը շատ հարուստ լինել, մյուսը` շատ աղքատ: Չի կարող ընտանիքի անդամներից մեկը մյուսի շահերը ոտնահարելով իր համար բարեկեցություն ապահովել: Մենք չենք կարող մեզ երջանիկ զգալ, եթե մեր ընտանիքի անդամը դժբախտ է: Չենք կարող մեր ընտանիքի անդամների խնդիրների հանդեպ անտարբեր լինել: Նույն կերպ էլ` ազգի յուրաքանչյուր անդամ պիտի մտածի նաև ազգի մասին, չպետք է թույլ տալ այնպիսի արարքներ, որոնք կվնասեն, կխոչընդոտեն ազգի առաջընթացն ու զարգացումը: Սակայն ցավոք, այսօր ամեն քայլափոխի նկատում ես, որ մարդիկ անտեսում են ազգային շահը, մտածում են միայն սեփական գրպանի ու ընտանիքի մասին:

Այս մտահոգությամբ էր մեր զրույցը արձակագիր, սցենարիստ, ազատամարտիկ Էդուարդ ԽԱՉԻԿՅԱՆԻ հետ, որից մի հատված ներկայացնում ենք ընթերցողին:

- Տարիների հեռվից գնահատելով Ձեր անցած ճանապարհը...

- Եղել են և´ վրիպումներ, և´ վերելքներ, բայց եթե ևս մեկ հնարավորություն տրվեր հինը վերապրել, նույնը կանեի` մասնավոր սրբագրումներով:

- Ինչպե՞ս կներկայացնեք այս օրը, որտեղի՞ց ո՞ւր ենք հասել:

- Կարծում եմ` դեռևս հանգրվանային ճանապարհին ենք: Շատ ձգվեց, բայց ի՞նչ կարող ես անել…

- Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր աշխատանքները, ինչպե՞ս են ծնվում դրանք:

- Մուսային անձամբ չեմ ճանաչում. աշխատանքով, աշխատանքով ու մեկ անգամ ևս աշխատանքով:

- Ի՞նչ կպատմեք Մարտակերտից:

- Աշոտ Բեկորի ջոկատի հետ համատեղ կռվում էինք նախ Մատաղիսում (Թալիշի անկումից հետո), հետո Կարմիրավանի մոտերքում` գինեգործարանի հարևանությամբ, ուր և զոհվեց Սասնա Ծռերի Սամոն: Իմ Ռադիոկանչը «խաչ» էր, Կամանդոսինը` «տասը»: Իսկ տպավորիչը մարտակերտցի մի ծերունու ասածն էր` «Այ հիմա, կամանդիր, ձեր ժամկետի ավարտից հետո տուն կվերադառնաք, կլողանաք, տելեվիզոր կնայեք, սրճարան ու աղջիկներ, իսկ ես ո՞ւր գնամ, իմ սա է…»:

- Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ազգի իսկական նվիրյալը:

- Նվիրում. Ընտանիքին, Հայրենիքին, անանձնականը նեղ անձնականից տարբերակելու կարողություն, ունեցած շնորհները վեհ նպատակին ծառայացնելու ցանկություն:

- Ի՞նչը կարող է միավորել մեր մտավորականներին:

- Հայրենիքի ապագայի հանդեպ մտավախությունն ու Որդիական սերը:

- Ի՞նչն է տարանջատում մեր մտավորականներին:

- Կարծիքների բազմազանությունը, անհանդուրժողականությունը և ուրիշներին լսելու անկարողությունը:

- Իսկ ի՞նչը կոտրեց մեր միասնականությունը:

- Ավա˜ղ, լուսավոր ապագայի նկատմամբ հավատի սասանումը. ի՞նչ էինք երազում և ի՞նչ ստացանք...

- Հավատո՞ւմ եք, որ կգան համախմբման ժամանակները:

- Ասում են` հավատը ծանր հիվանդանում, բայց չի մեռնում. անշո´ւշտ: Մենք Անդրանիկի ու Նժդեհի, աշխարհակալ արքաներ Արտաշեսի և Տիգրանի ժառանգներն ենք:

- Կա՞ մի բան, որ չեք կարող ասել…

- Երբեմն ես խոսում եմ հոգուս հետ ու այդժամ լիովին անդիմակ եմ:

- Ձեր հորդորը երիտասարդներին….

- Հայրենիքը վերամբարձ խոսք չէ. այն սկսվում է ընտանիքից, թաղից, ձգվում մինչև սահմաններ. սիրե´ք ձեր Երկիրը: Եվ մի մոռացեք անցյալը, քանզի հենց դրա խորհրդով է կերտվում ապագան:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ