Ամենաերջանիկ շվեյցարցիները


ՄԱԿ-ի աջակցությամբ ամերիկացի գիտնականները կազմել ու հրապարակել են «Համաշխարհային երջանկության մասին» ամենամյա զեկույցը, ուր քննարկված են 158 երկրների ցուցանիշները: Համեմատության ոլորտներն են այդ երկրներում բարեկեցության, մարդու իրավունքների պաշտպանվածության և դրանց քաղաքացիների բավարարվածության մակարդակները:

Հետազոտության հեղինակները փաստել են, որ քաղաքացիների երջանկությունը պայմանավորված է ոչ միայն նյութական բարեկեցությամբ, այլ նաև քաղաքական ազատություններով, սոցիալական պաշտպանվածությամբ ու էլի մի շարք ուրիշ գործոններով (գրել է newsru.coΗ-ը):

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ ամենաերջանիկն են ճանաչվել հյուսիսային Եվրոպայի երկրները: Ի մասնավորի` առաջին հորիզոնականում Շվեյցարիան է, որին հաջորդում են սկանդինավյան երեք երկրներ` Իսլանդիան, Դանիան (որը նախորդ տարի 1-ին տեղում էր) ու Նորվեգիան:

5-րդ «երջանիկը» Կանադան է, այնուհետև` Ֆինլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան և Ավստրալիան: Իսրայելը 11-րդ հորիզոնականում է, որին հետևում են Կոստա-Ռիկամ, Ավստրիան, Մեքսիկան, ապա միայն` Ամերիկայի Միացյալ Նահանգները: Գերմանիան ընդամենը 25-րդ «երջանիկն» է, Ֆրանսիան` 29-րդը, Սաուդյան Արաբիան` 35-րդ, Չինաստանը` 84-րդը:

ԱՊՀ երկրներից «ամենաերջանիկը» Ուզբեկստանն է (44-րդ հորիզոնական), Մոլդովան (52-րդ), Ղազախստանը (54-րդ), Լիտվան (56-րդ), Բելառուսը (59-րդ): Ռուսաստանը զբաղեցրել է 64-րդ տեղը` անցյալ տարվա 67-րդի փոխարեն: Ուկրաինան 111-րդ և Վրաստանը` 130-րդ հետխորհրդային երջանիկներն են:

Հյուսիսային Աֆրիկայի երկրներից «ամենագոհունակը» Լիբիան է (63-րդ հորիզոնական), իսկ այդ մայրցամաքի հարավային պետություններից երջանիկ է Նիգերիան (78-րդ տեղում է). հետո՞ ինչ, որ այն տառապում է ահաբեկչություններից:

158 «երջանիկներից» բացի կազմվել է նաև «դժբախտ» երկրների տասնյակը, որը գլխավորում է Չադը: Այնուհետև` Գվինեան է, Կոտ դ&undefined;Իվուարը, Բուրկինա-Ֆասոն, Աֆղանստանը, Ռուանդան, Բենինը, Սիրիան, Բուրունդին և Տոգոն:

Հայաստանը, բարեբախտաբար, վերջիններիս ցանկում չէ: Դժբախտաբար, սակայն, «երջանիկների» ցանկում էլ չէ: Հուսանք, որ առայժմ: