50 շինարար + վարորդը


Կարծում եք միայն հայաստանցի վարորդնե՞րն են իրենց երթուղային միկրոավտոբուսներով թույլատրվածից ավել քանակով ուղևորներ տեղափոխում: Ճիշտ հակառակը. մերոնք դեռ խղճով են` սահմանաչափից ամենաշատը 10 ուղևոր են ավել վերցնում: Իսկ չինացի այս գործատուն միանգամից 50 շինարար է տեղափոխել` 6 տեղանոց սեփական մարդատարով:

Կիրակի կեսգիշերին Հույչժոու տանող մայրուղին հսկող ոստիկանները կանգեցրել են սլացող ավտոֆուրգոնը ու, երբ մոտեցել են այն զննելու, հավանաբար, ապշահար են եղել: Մեքենայի սեփականատեր-վարորդը հասարակական կարգի պահապաններին բացատրել է, որ ուղևորները շինարարներ են, որոնց ինքը տեղափոխում է աշխատատեղ: Նա վարձել էր այդ շինարարներին և փոխադրամիջոցներին ավելորդ գումարներ չտալու, ավելի ճիշտ` սեփական միջոցները տնտեսելու նպատակով ինքն է որոշել որպես վարորդ ծառայել:

Փաստորեն տնտեսել նրան չհաջողվեց. հնարամիտ գործատուն տեղում տուգանվել է և նախազգուշացվել, որ ևս մեկ անգամ նույն արարքը կրկնելու դեպքում կբռնագրավվի նրա ավտոմեքենան (տեղեկացրել է RΖy77-ը):