«ԵԿԵԼ Է ԲԱՐԻՆ ԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»


Աննախադեպ տոնականությամբ էր ողողված «Արամ Խաչատրյան» համերգասրահը` խումբ առ խումբ տեղակայմամբ յուրատիպ կենդանի գոբելեն կազմած տարահանդերձ մանկապատանեկան երգչախմբերի ճռվողյունով: Կամա-ակամա ամենքի հարցական հայացքները խաչվում էին համերգահարթակի անկյունի «վարդահանդերձ» փոքրիկ սեղանիկին`

- Տեսնես, ո՞ւմ են հասցեագրված ՀՀ վաստակավոր քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած գեղեցիկ արձանիկները»:

 

- Չեմ թաքցնի, ես շատ սիրում ու առանձնակի կարևորում եմ արդեն ավանդական դարձած «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետա կան մրցույթը, - վերջնահանդեսի մեկնարկը ազդարարում է ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը:- Դյուրին չկարծեք, հոգին ազնվացնող երգեցողությամբ միասին ապրելու և ստեղծագործելու արվեստին զինվորագրված 78 մանկապատանեկան ընտանիք ի զորու եղավ իր տիրույթում ներգրավել 7-րդ անգամ կյանքի կոչված մեր այս նախաձեռնությունը: Հրատարակվեցին մի շարք մեթոդաբանական ձեռնարկներ, երգարաններ: Երգչախմբային արվեստի զարգացման խթանումը ներառվեց նաև ՀՀ կառավարության 2014-ի մշակութային մարտավարության գերակա ուղղությունների ավանգարդում: Կասկածից վեր է, որ քաղաքացի կրթող այս արվեստը պետության մշտական հոգածությունն է վայելում:

Ուստի եկեք այսուհետ ևս մեր միասնական աղոթքները դնենք այն երգի մեջ, որ պիտի նվիրենք Հայաստանին: Թող Հայաստանը մի´շտ երգի:

«Ալագյազ սարն ամպել ա...»` միակամ ներշնչանքով Կոմիտասի հայտնի երգն է հնչեցնում Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը: Հանդիսասրահը գոհունակության ծափողջույններով է գնահատում թե´ առաջին տպավորիչ կատարումը, թե´ խմբավարի ընտրությունը. չէ՞ որ մեծատաղանդ Վարդապետի ծննդյան 145-ամյակին է նվիրված 7-րդ «Երգող Հայաստանը»:

- Հրճվանք ես ապրում, երբ նայում ես լեցուն սրահին, որտեղ հավաքված բոլոր մանուկները մեծ սիրով երգում էին և երգելու են,- առաջին մրցանակը «սպենդիար յանցիներին» հանձնելիս` ասում է «Երգող Հայաստանի» կազմկոմիտեի և ՀԵԸ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյանը: - Թող որ 78 երգչախմբերից 42-ն անցան մրցույթի երկրորդ փուլ, 42-ից 19-ը դափնեկիր դարձան. 5` առաջին, 4` երկրորդ և 10` երրորդ մրցանակների արժանանալով: Մյուսները պատվոգրեր կստանան, բայց հաղթել են բոլորը, հաղթել են երգով, ծրագրում անպայման Կոմիտասի անզուգական երգարանից 1 նմուշ ներկայացնելով: Չեն մոռացվել նաև խմբավարները, որոնց տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ նորելուկ երգիչները յուրացնում են միասնական ներդաշնակ երգեցողության նրբությունները:

7-րդ «Երգող Հայաստանի» առաջին և երկրորդ մրցանակակիրների լավագույն կատարումներով ձևավորված գալա համերգի տոնական տրամադրությունը թանձրանում է մրցույթի հանձնախմբի անդամների հուզաթաթավ խոսքերով:

- 3 տասնամյակ առաջ սկսեցի իմ երաժշտական կենսագրությունը Սայաթ-Նովայի անվան դպրոցում,- հաջորդ մրցանակը հանձնելիս իր խանդավառությունը չի թաքցնում մրցույթի մասնագիտական հանձնախմբի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Հեքեքյանը:- Երգչախումբ ստեղծեցի, որն ինձանից հետո շուտով դադարեց գործել: Հիմա ուրախ եմ, որ այն կա և առաջին մրցանակակիր է:

Շուտով, երգահանդեսին ներկա անկողմնակալ հանրաճանաչ երաժիշտների անբռնազբոսիկ արձագանքներով, առանձնակի ջերմությամբ դրվատվեցին Հրազդանի ու Դիլիջանի, Ախուրյանի ու Արթիկի, Եղեգնաձորի ու Արմավիրի մանկապատանեկան երգչախմբերի փոքր-ինչ թատերայնացված, տարաոճ կատարումները: Խմբերում տղաների ակնհայտ «դեֆիցիտը» շատերին մտահոգեց: Այդուհանդերձ անթաքույց ցնծությամբ ընդունվեցին «Երգող Հայաստանի» առաջին մրցանակակիրներից հատկապես Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի սաների թե´ եռալեզու 3 կատարումները, թե´ բեմական ընդհանուր ակնահաճո ու նրբաճաշակ նկարագիրը: Հընթացս հասունանում էր կենդանի կատարումների անմիջական տպավորությամբ բարձրաձայնված գնահատականներից մի քանիսը վերապահությամբ ընդունող հանդիսասրահի դժգոհությունը: Երբ ակնհայտ դարձավ դահլիճի առաջին շարքերը զբաղեցրած երգչախմբերի մեծամասնության քամահրական վերաբերմունքը իրենց երեկվա մրցակից ների թե ելույթների, թե գրագետ երգեցողության հանդեպ, ավագներից ոմանք հանկարծակիի եկան: Առանց հապաղելու ընդվզեցին և համառորեն փորձեցին անչար խրատներով կասեցնել նրանց «թիմային հայրենասիրությունը»: Ապարդյուն: Նրանք հոտնկայս ծափերով շարունակում էին ողջունել միայն իրենց թիմակիցներին ու անմիջական ղեկավարներին: Երերաց վերածնված հավատը կոլեկտիվ ստեղծագործության համախմբող ներուժի և... մեր հայրենիքի վաղվա տերերի միակամության հանդեպ: Գուցե թե հենց այս տհաճ իրողության թելադրանքով իր ողջույնի ուղերձը անսահման գորովանքով բեմից դահլիճ հղեց աշխարհահռչակ մեր մաեստրոն` ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը .

- Խոնարհումի են արժանի այս փառահեղ հանդեսի կազմակերպիչները` ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը (ՀԵԸ) և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, բոլոր աջակիցները: Լավ կլիներ, իհարկե, որ հաղթողների շուրթերից միայն Կոմիտաս հնչեր, քանի որ նրան է նվիրված այս շքեղ երգահանդեսը, սակայն գուցե մանուկները դժվարանային... Եկել է Բարին արարելու ժամանակը: Մեծագույն երջանկություն է, երբ մարդն աշխատում է ու արդյունքում վայելում այսպիսի երջանկություն, ինչպիսին պարգևում է երեխաների երգեցողությունը: Հրաշալի, հոգեպարար վիճակ է ստեղծում նրանց երգեցողութ յունը:

Սիրված արվեստագետի բնականոն ցանկությունը մասամբ բավարարվեց, երբ ՀՀ վաստակավոր արտիստուհի, ԵՊԿ դոցենտ Աննա Մայիլյանը Սայաթ-Նովայի դպրոցի «Փոքրերի երգչախումբ» անվանակարգում առաջին մրցանակի արժանացված մանուկների «Ջան, գարունին» ինքնակամ հավելեց կոմիտասյան իր 2 սքանչելի կատարումները: Անկեղծության պոռթկումը զսպել անկարող` նա էլ ընդմիջեց հոգեթով երգեցողությունը եզոպոսյան խոսքով.

- Մի Կոմիտաս ես կատարում` լեռները բարձրանում են, հոգիդ փառավորվում է զուլալ մեղեդիներով, Մասիս սարն էլ, կարծես, վերադառնում է Հայաստան:

Տարագույն խոհերից մի պահ սթափվեցին ամենքը, երբ իր` հիմնադիր գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի առաջնորդությամբ կատարողական անկրկնելի վարպետությամբ հանդես եկավ «Եվրոպայի մշակույթի դեսպան» «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

«Երգող Հայաստանի» վերջին ակորդների հնչեցմանը ներգրավված էր ներկաների մեծամասնությունը: Չէին հասցրել կրկին միաբանված ավարտել Երևանի հիմնի վերջին տունը, երբ, ըստ երևույթին արդեն տագնապալի դարձած տարերային հողմի անսպասելի բռնկ-մամբ, հոսանքազրկվեց դահլիճը: Մի կարճ ակնթարթ օդում կախված մնացին «Քո Մասիս հորով, քո Արաքս մորով մեծանաս դարով, Երևան» բառերը, ապա խելամիտ փորձ արվեց շարունակելու կատարումը: Երեխաների «թիմային հայրենասիրությունից» տրտմած մեծերից մի քանիսը շտապեցին մեկ անգամ ևս սաստել նրանց անառողջ մղումները: Բայց նման տգեղ դրսևորումներին լուռումունջ համակերպ վող ծնողներն ու խմբավարները արդյո՞ք ի զորու կլինեն օգտակար լինել թե´ իրենց, թե´ իրենց խնամքին ու դաստիարակությանը ապավինած երեխաներին...

Նվարդ Ասատրյան