«Ժամկետանց, հնաբույր» պիտակված «Գայլերն ու ոչխարները»


Հայաստանի մայր բեմում բեմադրության հեղինակ Պյոտր Ֆոմենկոն` Ստանիսլավսկու սիստեմի գուցե վերջին մոհիկանը, իր փայփայած հիմնադիր դերասանախմբի պոռթկուն ներուժով էր շերտ առ շերտ բացահայտում Օստրովսկու հանրածանոթ կատակերգությունը: Աներևակայելի համբերատար հեռատեսությամբ, խոշոր, բայցև նրբին վրձնահպումներով էր ամբողջացնում պիեսի իր հետազոտության թատերայնացումը: Գնեսինկայում ստացած ջութակի դասերի, բանասիրական փայլուն գիտելիքների, թատրոնում և կինոյում ձեռք բերած տատասկոտ, բայցև անզուգական փորձառությամբ էր ձևավորվել Ֆոմենկոյի թատերական պոետիկ փիլիսոփայությունը: 22 տարի աշխարհապտույտ հաջողություն վայելող հենց այս թատերախաղով ֆրանսիացիները 2 դար անց հայտնաբերեցին Օստրովսկու դրամատուրգիայի անխամրելի գրավչությունը և Ֆոմենկոյի տաղանդով «Կոմեդի ֆրանսեզում» բեմ բարձրացրին իրենց Մոլիերին չզիջող ռուս դրամատուրգի «Անտառը»:

Մեր հանրաճանաչ թատերագործիչները մանկան անմիջականությամբ էին արձագանքում «ֆոմենկոցիների» կենդանացված հերոսների մարդկային նկարագրերի բեմական վարքագծին, անթաքույց հիացմունքով ընկալում արտասովոր բեմավիճակները: «Ապաշխարության սրբարան» էին ուղեկցում ի սկզբանե կեղծ բարեպաշտության դիմակի տակից իրական «եսը» թափանցիկ երևակող Մուրզավեցկայա (Մադլեն Ջաբրաիլովա)-Գլաֆիրա (Գալինա Տյունինա) «մոլիերյան դուետին»: Միաժամանակ փորձում էին մտապահել գրոտեսկային հիմարավուն ու քչախոս ծաղրապատկերով զավեշտախառն ծիծաղ հարուցող Անֆուսա-Գալինա Կաշկովսկայայի և բնատուր խելքը կանացի քմայքներում տարրալուծած սիրակարոտ այրի Եվլամպիա Նիկոլաևնա Պոլինա Կուտեպովայի բեմական մանրակերտ վարքագծի ամեն նոր ելևէջ: Անհնար էր խորունկ խոնարհումով չընկալել Ֆոմենկոյի` կանանց նկարագրում մշտառկա նրբերանգներն ի հայտ բերելու, Ադամ-Եվա հարահոս թեմայի արդեն գտնված բացահայտումները մանրանկարչի հմտությամբ հարստացնելու բացառիկ տաղանդը:

- Ի˜նչ կենսահաստատ խորագիտությամբ է կարողանում Ֆոմենկոն բեմ հանել Կնոջ առեղծվածային էությունը, - ինքնաբուխ բարձրաձայնեցին հանդիսասրահում,- ի˜նչ անվրեպ բնութագրականությամբ է աներևույթ ուղղորդում իր դերասանուհիների տարատեսակ մարմնավորումները:

Ըստ արժանվույն գնահատվեցին արտիստուհիների խաղի անօրինակ գրավչությունը իրենց վարպետությամբ ցայտունացնող Ռուստեմ Յուսկաևի (Ապոլլոն), Ալեքսեյ Կոլուբկովի (Լինյաև), Կարեն Բադալովի (Բերկուտով), Թահիր Ռախիմովի (Վուկոլ), Կիրիլ Պիրոգովի (Գորեցկի) և Անդրեյ Կազակովի (Պավլին, ծառայապետ) բարձրակարգ դերակատարումները: Երբեմն-երբեմն միաժամանակ երեք պլաններում հանդես եկող արտիստական վառ անհատականություններն ապշեցնում էին արտահայտչամիջոց ների շռայլությամբ. հատկապես` բեմական խոսքի երաժշտականությամբ, ճկուն պլաստիկայով, խաղացկուն դիմախաղով, ժանրի գրված ու չգրված բոլոր հնարավոր կանոնների յուրահմա կերպավորմամբ: Հապա ինչպե՞ս էին անհատակ խորություն հաղորդում միտումնավոր անավարտ թողնված, առաջին հայացքից անկարևոր թվացող բառակապակցություններին, անգամ եղանակավորող բառերին... Անկանխատեսելի շրջադարձերի, հոգեբանական ներքին ապրումի բնականոն անցումների թատերայնացման անգերազանցելի վարպետ Ֆոմենկոն` առերևույթ ոչինչ չփոխելով հեղինակային տեքստում, համարձակորեն շեշտադրում էր ի´ր ռեժիսորական տեքստը, առանձնակի սրում դասական գործերում մշտառկա համամարդկայինը: Կենտրոնացնելով հանդիսատեսի միտքը մարդ արարածի տարաբնույթ արատների ու արժանիքների վրա` առանց դեղատոմս պարտադրելու ընդգծում էր Գեղեցիկն ու Վեհը: Ծիծաղկոտ մի կենսասիրությամբ անխնա ձաղկում ու անչար երևակում էր Չարի խորագնա արմատները:

Մուրզավեցկայայի ու Կուպավինայի կալվածքների նեղլիկ տարածքից դահլիճ էր հորդում բեմադրիչի գլխավոր ասելիքը: Երբևէ չէր մոռացվում կոնկրետ ժամանակաշր ջանը: Բայցև կեղծ մուրհակների պատմությունը այնպես էր մատուցվում, որ հին օրերի թվացյալ պարզունակության բեմատիպարում հստակ զուգահեռվում էին արդի ֆինանսական աճպարարությունների նախահիմքերը: Համարժեքության երևակայական նշան էր դրվում խելոքների ու հիմարների, բարեկիրթների ու տհասների, փորձառու ների ու միամիտների, հաջողակ հարուստների ու սնանկացած աղքատների, ... Մի խոսքով` «գայլերի ու ոչխարների» միջև: Ու այդ ամենը` առանց որևէ մեկի մարդկային արժանապատվությունը խոցելու, հոգեկան անչափելի բավականության ժամեր ու զվարթ ծիծաղ պարգևելով, հոգսաշատ ու բազմաբարդ առօրյան մոռացնել տալով:

Բեմանկարիչ Տատյանա Սելվինսկայան առերևույթ մանրադետալ պահպանողական մոտեցմամբ էր ձևավորել բեմական գործողությունների «էպիկենտրոնը»: Մի քանի աննշան շտրիխներով տարբերակելով երկու դաստակերտերի կենցաղը, կահավորումը` թանձր ու շղարշե վարագույրների, լայնաձիգ ճոճացանցի հնարամիտ, մեջընդմիջվող կիրառմամբ ապահովում էր տարածականության խաբկանքը` մնացածի իրագործումը թողնելով իսկապես հանճարեղ բեմադրիչին ու սքանչելի դերակատարներին: Պատահական չէ, որ մոտ 200 ներկայացումների բեմանկարչություն հեղինակած Սելվինսկայայի «Իմ Աստվածաշունչը» խորագրով աշխատանքների ցուցադրությամբ հիմք դրվեց «ֆոմենկոցիների ճեմասրահային պատկերասրահին»: Այնտեղ, ի դեպ, հենց «ֆոմենկովցիների» նախաձեռնությամբ, Լուիս Քերոլի «Ալիսան հայելու արտացոլանքում» հայտնի վիպակի սեփական թատերավարկածի (բեմադրիչ` Իվան Պոպովսկի) փայլուն բեմավորման հարևանությամբ ցուցադրվել է նաև մեր երիտասարդ գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանի ռաբլեական ներշնչանքով վրձնած գունագեղ ընտրանին:

Վրիպած չենք լինի, ըստ իս, եթե փաստենք` երևի թե միայն ծերունազարդ Պյոտր Ֆոմենկոյին է հաջողվել նոր թատերասերունդ համապարփակ թրծել ու վերակերտել արդեն տաղտուկով ընկալվող պիեսի ներսուզումներով: Ռուսաստանի թատերարվեստի ակադեմիայում 1988-ին անվերծանելի արտիստական բնազդով ժողովված դերասանառեժիսորական նրա երկրորդ խմբի սաների «Գայլերն ու ոչխարները» դիպլոմային ներկայացումը (1992-ի, ի դեպ, դարձյալ մայիսին) անմիջապես թատերաշխարհի ուշադրության կիզակետում հայտնվեց և նոր թատրոնի, կերպավորման նո´ր «շկոլայի» հիմնաքար դարձավ: Հենց այդ կայուն հիմնաքարն է ապահովել «Ֆոմենկոյի արվեստանոցի» երկտասնամյա միջազգային ճանաչումն ու ներկայիս ստեղծագործական նախանձելի բարեկեցությունը: Գիտակցաբար «աստղավարակից» նախապես ու հիմնովին «վնասազերծվելով», միմյանց ձեռքբերումներով անկեղծ հիացմունքով են միաբանվել միևնույն թատերական ընտանիքում: Այդպիսով էլ դիմագրավել են տևական տնանկ դեգերումների կազմալուծող մամլիչին:

Ի զորու եղան համաշխարհային բեմահարթակում բարձր արժեքներ ցոլացնելու, քանի որ իրենց ստեղծագործական գործընթացի անկանգ վերելքին ինքնակամ լծվել էր ներկայիս տնօրենը` Անդրեյ Վորոբյովը: Դեռ մանկուց Գալինա Տյունինայի հետ մտերմացած անուղղելի այս թատերապաշտը, ով դերասանական կրթության համար անպիտան որակվելուց չընկճվելով իր մշակութային բիզնեսն է բարեհաջող զարգացրել` խստականոն աշխատաոճով որդեգրվելով «Ֆոմենկոյի արվեստանոցին»: Եվ համառ ինքնակրթությամբ` «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի» հանրաճանաչմանը համընթաց շուտով ինքն էլ արժանացել է Ստանիսլավսկու հեղինակավոր մրցանակի: Ի զարմանս անձնական շահը գերադասողների ստվարացող բանակի, սիրահոժար իրեն հասանելիք դրամական պարգևը «եռատել» է եկեղեցական դպրոցի, մանկատան և թատերարվեստի զարգացման բարեգործական հիմնադրամների միջև: Մեր ճանաչած ո՞ր տնօրենն այս կարգի զոհողություն կաներ: Վերջինիս գլխավորած տեխնիկական անձնակազմը երբևէ չի զլանում թատրոնն ապրեցնելու արդեն պատկառելի գիտելիքների ու հմտությունների զինանոցն անընդմեջ հարստացնելուց: Ու զարմանալիորեն` չեն գոհանում ձեռք բերածով, նոր ժամանակների մարտահրավերները հաղթահարելու այլազան ուղիներ են շարունակ մտմտում: Ամենաէականը` նրանք, Անդրեյ Կոստինի ամենաբարեկիրթ ու խոհուն սատարմամբ, կազմավորեցին ոչ թե հովանավորչական, այլ մեկենասական արժանապատիվ համակարգ, որը թույլ է տալիս համարձակ խիզախել հեռանկարային ծրագրեր կազմելիս: Որքան շատ ես իրազեկվում մոսկովյան այս թատրոնի կայացման գործընթացին, այնքան ամրանում է համոզմունքդ, որ «ֆոմենկոցի ների» կենսունակության առեղծվածը համակողմանիորեն վերծանելով կարելի է շատ շուտով գտնել թե´ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, թե´ արդի հայ թատերարվեստի վերընձյուղման ամենաարդյունավետ ուղիները:

Նվարդ Ասատրյան