«ԲՌԱՎՈ´, ԴԵՆԻ, ԲԻ´Ս...»


Ջանասեր համբերությամբ նախաձեռնեց կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը «XX!-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի հիմնարկեքը: Սոնա Հովհաննիսյանի կազմակերպչական գործուն բարեկրթությամբ և ստեղծագործական կապերի ընդլայնմամբ ի զորու եղավ հավաստել «XX!-ի հեռանկարներ» անվանակոչմանը համարժեքությունը: «Անժամկետ» արժանանալով ՀՀ նախագահի բարձր հովանուն, բարձրարվեստ երաժշտական նախագծերի իրականացմամբ «XX!-ի հեռանկարները» ընդգրկվեց միջազգային երաժշտական փառատոնային ցանցի մեջ` «մկրտվելով» ըստ աշխարհագրական ծննդավայրի` «Երևանյան հեռանկարներ»:

Իր ծննդյան 15-ամյակի տարեմուտին «Երևանյան հեռանկարները» արժանացավ բրյուսելյան խոշորագույն համաժողովին` Կրթության, մշակույթի, բազմալեզվության և երիտասարդության հարցերով Եվրակոմիսարի ամենամյա Կլոր սեղանին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու պատվին: Եվրամիությանը չանդամակցող մեր հայրենիքին արտոնված այս մենաշնորհի մասին բարձրաձայնեց ինքը` Եվրակոմիսար Անդրուլա Վասիլիուն: Նա Երևան էր ժամանել «Երևանյան հեռանկարների» հոբելյանական համերգաշարի մեկնարկն ազդարարող անվանի դաշնակահար Ելենա Բաշկիրովայի հետ միաժամանակ: Մոսկվայի կոնսերվատորիայում բարձրակարգ դաշնակահար-մանկավարժ հորից ստացած փայլուն գիտելիքներով արտերկրի գրեթե բոլոր համերգասրահները նվաճած Բաշկիրովայի երևանյան մենահամերգը հնարավորություն ընձեռեց հանգամանալից իրազեկվելու թե´ միջազգային երաժշտական արդի խմորումներին, թե´ Բաշկիրովա-Բարենբոյմ երաժշտական ընտանիքի լայնամասշտաբ ստեղծագործական-հասարակական գործունեությանը: Եվ, ասես ակամա, մայրաքաղաքային արվեստասերներին յուրովի նախապատրաստեց նրա աշխարհահռչակ ամուսնու` ամենապահանջված դիրիժոր-դաշնակահար, միջազգային համարում վայելող Դանիել Բարենբոյմի պատմական այցը` «Երևանյան հեռանկարների» հրավերով:

Ասեղ գցելու տեղ, իսկապես չկար այդ երեկո «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Չնայած Բեռլինի պետական նվագախմբի մենահամերգի մուտքի տոմսերն անգամ շատերի համար աստղաբաշխական` 5 հազար ՀՀ դրամով վաճառվել-սպառվել էին: Մշակութային այդօրինակ իրարանցման «գլխավոր մեղավորն», իհարկե, մոտ 450 տարվա տարեգրություն ունեցող վիրտուոզ նվագախմբի կողմից դեռևս 2000-ին «ամբողջ կյանքի համար գլխավոր դիրիժոր» ընտրված ֆենոմենալ երաժիշտ Դանիել Բարենբոյմն էր: 1942-ին Բուենոս Այրեսում ծնված Դանիելը հրեական ռուսական ծագում ունեցող ծնողներից ստացած դաշնամուրային դասերով արդեն 7 տարեկանում էր հիացրել իր առաջին հրապարակային համերգի ունկնդիրներին: Ընտանյոք Իսրայել տեղափոխվելուց հետո, 11 տարեկանում դիրիժորություն էր ուսանել Զալցբուրգում և, նվագելով Վիլհելմ Ֆուրթվենգլերի հետ, գովեստներում ժլատ ուսուցչից` Իգոր Մարկևիչից վաստակել «Դանիել Բարենբոյմը ֆենոմեն է» գնահատականը: Դաշնամուրային նվագի հաղթարշավին շուտով գումարվել էր աշխարհի առաջատար նվագախմբերի կատարումները փայլուն ղեկավարելու, անզուգական օպերային դիրիժոր լինելու համբավը:

Ֆրանց Շուբերտի թիվ 8. «Անավարտ» և Բեթհովենի թիվ 7 հանրածանոթ սիմֆոնիաները, Սիբելիուսի ու Շտրաուսի սիրված վալսերը առանձնակի ոգևորությամբ հնչեցվեցին. կարծես ինքը` ապրած 72 տարիների բեռը թոթափած մաեստրոն էր վալսում դիրիժորական վահանակի մոտ: Եվ ինչպիսի˜ գոհունակությամբ ընդունեց «Խաղաղ գոյակցության երաժշտամարտիկի» «Երաժշտական կամուրջների շինարարի» իր գործունեության գնահատականը` «Երևանյան հեռանկարների» հուշամեդալը:

-Այս ոսկե հուշամեդալը թողարկել ենք «Երևանյան հեռանկարների» 15-ամյա հոբելյանի կապակցությամբ: Անկրկնելի Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ կայացած ֆանտաստիկ համերգից հետո անհաղթահարելի ձգտում ունեցա անձամբ հանձնելու նրան մեր երախտիքի տուրքի համեստ առհավատչյան, սեղմելու այս բացառիկ մարդու ձեռքը, - ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ` իր սիրած ալ կարմիր վարդերի շքեղ փունջը երեկոյի գլխավոր հերոս Դանիել Բարենբոյմին մատուցելուց և մեր Եռագույնը խորհրդանշող ժապավենի վրա ամրացված մեդալով նրա պարանոցն «օղակելուց» հետո: - Չմոռանամ ներկաներին իրազեկել, որ «Երևանյան հեռանկարների» հոբելյանական հուշամեդալի առաջին ասպետի պատիվը վերապահել ենք Սերժ Սարգսյանին` այս փառատոնը հիրավի պատշաճ ապրեցնողին: Սեպտեմբերին ծրագրված մեկ այլ եզակի համերգով մտադիր ենք այն պաշտոնապես հանձնել ՀՀ մեծարգո նախագահին: Հիմա, պատեհ առիթը օգտագործելով, մեր անսահման երախտագիտությունն ենք հայտնում այս հանճարեղ մարդուն` Դանիել Բարենբոյմին, իր ծավալած անգնահատելի, ընդօրինակման արժանի գործունեության համար:

-Բառերով անկարելի է արտահայտել բեռլինցիների հրաշալի մենահամերգից ստացած զգացողություններս: Այսպիսի երաժշտությունից հետո բառերն իսկապես ավելորդ են: Խոնարհվում ենք նրա արվեստի անպարփակ տարողունակության առջև: Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել` այսուհետ էլ ծառայելու ենք մեր ժողովրդին` պատրաստա կամ նրան բարձր արվեստ մատուցելու, - շենշող ունկնդրությունից ոչ մի կերպ չսթափվելով, նշեց Ստեփան Ռոստոմյանը:

-Առիթներ շատ եմ ունեցել այս բարձրակարգ երաժիշտներին ունկնդրելու, - արդեն սպասասրահում իր տպավորությունը բարձրաձայնեց ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:- Բայց այսպիսի ներշնչված, անթերի կատարում երբևէ չէի լսել: Գիտե՞ք, թե որն է նրանց փայլուն կայացման գաղտնիքը. դեռ օրորոցից, մանկապարտեզում ու դպրոցում, անգամ խանութներում դասական երաժշտություն հնչեցնելով են նրանց պատվաստել սերը բարձր արվեստի, դասական երաժշտության հանդեպ: Եվրոպայում, առանց մեկը մյուսի կատարողական հմայքը ստվերելու, տասնյակ այսպիսի նվագախմբեր են գործում: Ինչու այդքան շա՞տ, որովհետև համաեվրոպական ուշադրության կենտրոնում կոնչիտաներն ու արամեմպետրիները չեն...

Վերջապես հանգստասենյակից դուրս եկավ երանելի հոգնությունից փայլող Դանիել Բարենբոյմը: Թնդացին հայաստանյան ճանաչված արվեստագետների ծափերը` մեկ անգամ ևս հավաստելով բեռլինցիների մենաելույթի աննախադեպ ներգործուն ուժը: Եվ կրկին պոռթկաց երեկոյի յուրատիպ հանգերգը` «Բրա´վո, Դենի, բի´ս»...

Նվարդ Ասատրյան