Եվ շարունակում է հորդել երաժշտության ջրվեժը` Գաֆեսճյան կենտրոնից


Հրաշալի է, երբ արդարանում են լավատեսությունդ ամրապնդող ակնկալություններդ: Այս առումով ողջունելի է մայիսյան երաժշտական «ջրվեժի» հոգեթով հորդառատությունը, որը հաճելիորեն չցամաքեց Գաֆեսճյան մշակութային կենտրոնում:

Երաժշտասերները հատուկ միջացառումների գողտրիկ սրահում իրենց ներաշխարհը հարստացնելու նոր ելևէջներ գտան Ֆրանսիայից ու Գերմանիայից ժամանած մեր երիտասարդ հայրենակիցներ Ռոբերտ Ստեփանյանի (ջութակ) և Աշոտ Խաչատրյանի (դաշնամուր) կամերային տաղանդավոր զուգանվագով: Իրենց տարագույն վոկալով մեր հինավուրց երգարանի բացառիկ նմուշները կենդանացրին ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը (մեցցո սոպրանո), Արմեն Մկոյանը (բաս), Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր)` նվիրելով իրենց կատարումները Երևանում անցկացվող «Նոր Ջուղայի մշակութային օրերին»:

Իսկ այսօր երեկոյան Գաֆեսճյան կենտրոնի մայիսյան դասական կասկադը փայլուն վերջնակորդներով կգունեղացնի «Արմեն Բաբախանյան և հայ երիտասարդ տաղանդներ» շարքի հերթական` եվրոպական ընտրանուց ձևավորված համերգը: Մտերմիկ երաժշտական զրույցի տրամադրող այս սրահում ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը, վստահաբար, կկախարդի իր գերզգացմունքային կատարողական վարպետությամբ: Նրա ներշնչած հավատով ու նրա մասնակցությամբ առավել անկաշկանդ հանդես կգա բեմելի կարոտ երաժիշտների վեցնյակը (Անդրեյ Կուրբետ, Արթուր Գրիգորյան, Ռոման Նամալյան, Մարիամ Վարդանյան, Աննա Հայրապետյան, Անդրանիկ Աղաջանյան):

Չմոռանանք հավելել, որ մեր հանրաճանաչ դաշնակահարն է այս տարի նախագահում «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթի մասնագիտական հանձնախում բը: Իրագործելով իր մտահղացած երաժշտանախագիծը, բազմափորձ արվեստագետը, փաստորեն, իր կրթած հայ տաղանդավոր դաշնակահարներին հնարավորություն է ընձեռում գործնականում ձերբազատվելու նախաքննական հուզումներից: Իրենց ուսուցչի գլխավորությամբ նրանք ամենայն պատասխանատվությամբ են պատրաստվել հայ կոմպոզիտորական արվեստի հիմնասյուներից ամենաճանաչվածի` Արամ Խաչատրյանի ծննդյան օրը նշանավորող ամենամյա այս մրցույթին:

Նվարդ Ասատրյան