Թուրքական հավակնություններ


ՎԵՐՋԻՆ մի քանի տարիների ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտում Թուրքիայի ձեռնարկումները, թերևս թույլ են տալիս ենթադրել, որ այդ երկիրն աշխարհաքաղաքական որոշիչ գործոն դառնալու հավակնություններ ունի£ Նա ջանում է առայժմ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում մեծացնել իր ազդեցութ յունը£ Տարածաշրջանում ունեցած կարգավիճակի ամրապնդման առաջին քայլ էր, թերևս, 2008 թ. ռուս¬վրացական հնգօրյա պատերազմի առիթով վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի բարձրաձայնած Կովկասյան կայունության հարթակի ստեղծման գաղափարը£ Իսկ մեկ տարի անց` աշնանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակության հավաքում հայտարարեց, որ ներկայիս Թուրքիան Օսմանյան կայսրությունից ժառանգություն ունի. «Մենք նոր օսմաններ ենք և ստիպված ենք զբաղվել հարևան երկրներով»£ Ըստ էության Դավութօղլուն խոստովանում էր, որ Թուրքիան արտաքին քաղաքականության նոր կուրս է որդեգրել£ Իհարկե, նոր արտաքին քաղաքականության անցումն անաղմուկ չեղավ. սրվեց ներքաղաքական պայքարը իշխող հիշյալ կուսակցության և քեմալական զինվորականության միջև£ «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության բացահայտման ու դրան անդամակցող բարձրաստիճան սպաների դեմ հարուցված դատավարություններն այդ ներքաղաքական պայքարի արտահայտությունն են£ Դավութօղլուն հայտարարեց արտաքին նոր քաղաքականության կարգախոսը` «Զրո խնդիր հարևանների հետ», ինչը պետք է որ շոյեր միջազգային հանրության ականջները£ Իսկ ընթացիկ տարվա ձմռանը Թուրքիայի արտգործնախարարը Եվրամիության օրինակով առաջարկեց ստեղծել Եվրասիական միություն£ Ի դեպ, դրանից գրեթե մեկ տարի առաջ Էրդողանն էլ հայտարարել էր, թե հետագայում Թուրքիան մտադիր է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելուց£ Այս հայտարարության ֆոնին Անկարան կարծես լսեցնում էր, որ Եվրամիությանն իր անդամակցության հարցն արդեն շատ է ձգձգվում£ Այս համատեքստում կարելի է ընկալել Եվրասիական միության, իսլամական երկրների համար ընդհանուր դրամական միավորի, պաշտպանական` ռազմաքաղաքական համակարգ ստեղծելու մասին առաջարկությունը£ Թուրքիան հույս ունի, որ այս նախագիծն իրականացնելու պարագայում, որպես դրա հեղինակ ու նախաձեռնող, կմեծանա իր դերն ու ազդեցությունը մահմեդական աշխարհում£ Այսօր Թուրքիայում շատերն են արևմտյան արժեքներից (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ) գերադասում կայսերական` օսմանյան անցյալն ու ազգայնամոլությունը£ Միևնույն ժամանակ թուրք հասարակության մի զգալի հատվածի համար (մտավորականներ, գործարարներ) առաջնահերթ է մնում Եվրամիությանն անդամակցելը£ Այսինքն, ներկայումս թուրք հանրությունը գտնվում է երկընտրանքի մեջ. կա°մ դեպի Եվրոպա, կա°մ դեպի Արևելք£ Վերջին մի քանի տարիներին Թուրքիայի քայլերը, թերևս, վկայում են, որ նա հակված է երկրորդ ուղղությամբ ընթանալուն` դեպի Արևելք£ Անկարան հարաբերությունները կարգավորեց Սիրիայի հետ, փորձում է միջնորդական առաքելություն ստանձնել Մերձավոր Արևելքում առկա հակամարտություննե րում£ Դրանց կարգավորման գործընթացում միջնորդի դեր կատարելով, տարածաշրջանում Թուրքիան հնարավորություն կարող է ստանալ` մեծացնելու իր` որպես տարածաշրջանում հաշտարարի ազդեցությունը, ամրապնդել դիրքերը£ Ուշադրություն դարձնենք, որ խոսքն էներգակիրներով հարուստ տարածաշրջանի մասին է£ Եվ բոլորովին էլ պատահականություն չէ, որ հռչակելով «Զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական կարգախոսը, Թուրքիան շահագրգռություն է ցուցաբերում այս տարածաշրջանում իր հարևան երկրներում խաղաղության պահպանմամբ£ Այստեղ կայունությունը բխում է Թուրքիայի շահերից£ Նրա աշխարհագրական դիրքը խիստ նպաստավոր է` դեպի Եվրոպա տարածաշրջանից էներգակիր ների առաքման գործում տարանցիկ կարևոր դերակատարում ունենալու համար£ Այս հանգամանքը, իսկապես, կարող է նպաստել թե° մահմեդական աշխարհում, թե° տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանն ու հզոր պետություն դառնալուն, թե° աշխարհաքաղաքականության մեջ շատ ավելի լրջագույն գործոն դառնալուն£ Բայց մյուս կողմից էլ այս ամենը կարող է դուր չգալ Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին և վերջապես Եվրամիությանը£ Հատկապես վերջինը բոլորովին էլ ուրախ չի լինի Թուրքիայի հաջողություններով£ Խնդիրն այն է, որ եվրոպական երկրներն այսօր արդեն լուրջ խնդրի առջև են կանգնած` ժողովրդագրական առումով. այդ երկրներում գնալով աճում է մահմեդականների, որոնց մեջ նաև թուրքերի թվաքանակը£ Թերևս, նաև սա է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ձգձգման պատճառնե րից մեկը£ Եվ հիշյալ երկրների հակազդեցությունը հնարավոր է` նույնքան զսպիչ դեր խաղա Թուրքիայի հզորանալու հարցում£ Մանավանդ` Միացյալ Նահանգները կարող են ցանկացած պահի օգտվել Իսրայելի հետ Անկարայի ունեցած վեճից` Թելավիվին լարելով վերջինիս դեմ£ Պակաս հակաթուրքական գործոն չէ նաև հայկական հարցը£ Այսինքն, մասնավորապես Վաշինգտոնն Անկարային վերահսկելու և նրան իր քաղաքական ուղեծրում պահելու իրական լծակներ ունի£ Այս ամենով` իր դիրքերն աշխարհաքաղաքականության մեջ ամրապնդելու Թուրքիայի հավակնություններն ու նրան սպառնացող մարտահրավերներն առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են խոստանում£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ