ՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ


Հաջողություն էր հասունանում կարծես, բայց զարգացումները պտուղ չտվեցին ու ընդհատվեցին: 2008-ի սեպտեմբերին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությամբ ու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երևան այցելությամբ նշանավորված Հայաստան-Թուրքիա հրապարակային բանակցությունները դադարեցվեցին: Դրանք, անշուշտ, կշարունակվեն, բայց դարձյալ, ինչպես նախկինում, խորհրդապահական ձևաչափով: Պատահական չէ, որ հենց ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահը, արձագանքելով Հայաստանի իր պաշտոնակցի ուղերձին, անհրաժեշտ գտավ հայտարարել, որ բանակցությունները ավարտված չի համարում և, ինչպես տարիներ շարունակ է եղել, Հայաստանի հետ որոշակի ժամանակահատված հարկ կլինի վարել համր դիվանագիտություն, քանի որ Կովկասում առկա ստատուս-քվոն ոչ մեկին ձեռնտու չէ: Այս հաստատումը կատարեց նաև մեր երկրի Նախագահը ապրիլի 24-ին` երկու երկրների հարաբերությունները կարգավորելու հրապարակային փուլը սպառված գնահատելու և ստորագրված արձանագրությունները վավերացնելու ընթացակարգը կասեցնելու վերաբերյալ ուղերձը հրապարակելուց երկու օր անց: Իրոք, վստահորեն կարելի է պնդել, որ նվազագույնը հենց դա է պահանջում մեր ազգային շահը: Իսկ բանակցային գործընթացից Հայաստանն ընդհանապես դուրս չի գալիս. բոլորովին էլ ո°չ իշխանական կոալիցիայի գործընկերների կամ Անվտանգության խորհրդի որոշումների պատճառով: Նման որոշումներ պարզապես չեն էլ կայացվել: Ուղղակի, խելամտորեն հարգվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և եվրոպական կառույցների հորդորներն ու նրանց մեկամյա միասնական քավորությունը: Ուշագրավ է այս կապակցությամբ նախագահ Սարգսյանի շեշտադրումը, թե հայ-թուրքական արձանագրությունները երկարատև ու ոչ դյուրին բանակցությունների արդյունք են, արտացոլում են կողմերի դիրքորոշումները և բացահայտում են հնարավորի ու անհնարինի սահմանները: Հետևաբար, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում մեծ դժվարությամբ կորզած ստորագրություններից մեկընդմիշտ հրաժարվելու հնարավորություն միացյալ քավորությունը տալ չի կարող: Աշխարհաքաղաքական կենտրոնների ճնշումը հիմնականում Թուրքիայի նկատմամբ է շարունակելու կիրառվել: Ի սկզբանե պարզ էր, որ արձանագրությունները կողմերին պարտադրվել են: Իսկ դրանց խրթին ու տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող բովանդակությունն ապացուցում է, որ նրանք դիմադրել են` ինչպես ու ինչքան կարողացել են: Թեև Հայաստանը հրապարակային բանակցությունների փուլը ավարտված է համարում, քանի որ Թուրքիան նախապայմաններ է առաջադրում և սպառել է բոլոր ողջամիտ ժամկետները, այնուամենայնիվ չունի դիմադրելու այլ ներուժ և հիմա էլ գործընթացը շարունակելու պատրաստականությունից չի հրաժարվում: Մինչդեռ Թուրքիան դեռ պահպանում է ընդդիմանալու ռեսուրսը, նաև` ներկայացնելու ծանրակշիռ պատրվակներ ունի: Աշխարհաքաղաքական կենտրոնները, իհարկե, ամեն ինչ անում են, որ տարածաշրջանային այս նախագիծը ավարտին հասցվի սեղմ ժամկետներում, սակայն չեն կարող հաշվի չառնել, որ Թուրքիան արդեն թևակոխել է խորհրդարա նական ընտրություններին նախապատրաստվելու փուլ: Արձանագրությունները վավերացնելու պարտադրանքը կարող է Էրդողանի իշխող կուսակցության պարտության պատճառը դառնալ, իսկ համեմատաբար նախընտրելի այս գործընկերոջը, որը նաև որոշակի պարտքեր ու պարտավորություններ ունի, միացյալ քավորությունը չի ուզում կորցնել: Հենց այս հաշվարկն էլ արել էր Էրդողանը, երբ իր հավատարիմ, մերձավոր ու վստահելի գործընկերոջը` նախագահ Գյուլին Երևան էր գործուղում, պատվիրում էր բանակցությունների ժամանակ լինել հեզ ու խոնարհ, զերծ էր պահում հայտարարություններ անելու պարտականությունից, արտգործնախարարներ էր փոխում: Մի խոսքով` ողջամիտ ժամկետներն էր վատնում, որ ձգի մինչև «անձեռնմխելիության շրջան», երբ պայմանագրերին հետևելու հարկադրանքը պակասում է: Այս համապատկերում կարելի է անգամ ենթադրել, որ ադրբեջանական խաղաքարտը խաղարկելու Թուրքիայի մարտավարությունը նույնպես ժամանակ ձգելու նպատակ ուներ և Արցախի հիմնահարցը շահարկելը լոկ արձանագրությունները չվավերացնելու առիթ, պատճառ, պատրվակ էր: ՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը համադրած ծրագիրը ձախողելու համար Թուրքիան կպատժվի: Բայցևայնպես, դժվար է պնդել, թե այդ պատիժն ավելի բարդ հետևանքներ կարող է ունենալ, քան ստորագրված արձանագրությունները վավերացնելու դեպքում կարող էր լինել: Զգայական գնահատականներն ու ցանկությունները մի կողմ թողնելու և փաստական դատողություններ կատարելու պարագայում տեսանելի է դառնում, որ արձանագրությունների ճանապարհային քարտեզն իրագործելու դեպքում անցանկալի հետևանքները Թուրքիայի համար պակաս ճակատագրական չէին լինելու: Բանն այն է, որ աշխարհի հզորների համար Թուրքիան եղել ու մնում է կայսրություն, իսկ նրա հավակնոտ, անկանխատեսելի, դժվարկառավարելի էությունը խիստ անցանկալի մրցակցային ռիսկեր է առաջացնում: Իսկ անցյալ դարի 90-ականներին մեկնարկած աշխարհաքաղաքական զարգացումներն ապացուցում են, որ Հարավսլավիայի ճակատագրին «արժանանալու» վտանգից ապահովագրված չէ ոչ մի բազմազգ պետություն: «Չարի վերջը» առակը այս կամ այն տարբերակով հայտնի է բոլորին, սակայն փաստ է, որ ոչ մեկի համար աղվեսի ճակատագիրը մտահոգիչ չէ: Փոխարենը, ուսանելի է կկվի անհեռատես պահվածքը, և հիմա ոչ մի պետություն ոչ մի պարագայում չի ցանկանում լինել զիջողի դերում: Մաս տալով` մնացածը փրկելու բանաձևը ժամանակակից աշխարհում ուղղակի չի գործում: Հենց այս պատճառով էլ զիջումներից խուսափելու լավագույն եղանակը դարձել է նախահարձակ լինելը, նախապայմաններ առաջադրելը: Սա հենց այն է, ինչ անում են մեր երկու ոխերիմ հարևանները, սակայն նման դեպքերում էլ պետք է հիշել, թե նախանցյալ ամռանն ինչ վախճան ունեցավ Վրաստանի` նման արկածախնդրությունը: Ապրիլի 22-ին նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, հատկապես շեշտադրումը, թե «Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված: Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորին կոչ ենք անում հիշել, որ պետական մակարդակով մշակված ծրագրով և միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ողջ մարդկության առջև դեռ շարունակում է ճանաչման ու դատապարտման պահանջ դնել», բազմապատկել էր սպասումները, թե այս անգամ իր ապրիլյան ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Սպասումներն, իրոք, արդարացված չէին, քանի որ Թուրքիային պատժելու բազմաթիվ այլ ձևեր դեռ կան: Ամենաազդու այս միջոցը վաղուց ժամանակն է կիրառել, սակայն նման վճիռը հապշտապ չի կարելի կայացնել: Եթե հաշվի առնենք, որ 1981-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր ուղերձում արդեն արտասանել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, և դա հետևանքներ չի ունեցել, ապա կարելի է և չկարևորել ամեն տարի ապրիլի վերջին հայերիս հատկապես հուզող այս հանգամանքը: Սակայն հիմա նույնն անելը աշխարհաքաղաքական բոլորովին այլ նշանակություն կարող է ստանալ, հետևաբար, անհրաժեշտ է ընտրել ճիշտ ժամանակը, քանի որ հետևանքները նույնպես բոլորովին այլ կարող են լինել: ԱՄԱՆԱԿԱԿԻՑ աշխարհում Հայաստանը աշխարհաքաղաքական գործոն-սուբյեկտ է: Անկախ այս հանգամանքը գիտակցելու և արտաքին քաղաքական ու դիվանագիտական գործունեության ընթացքում մեր ազգային-պետական շահերին ծառայեցնելու փաստից, աշխարհաքաղաքական կենտրոնները հաշվի են նստում իրողության հետ, որ Հայաստանը միջուկային երկիր է: Վաշինգտոնում կայացած Միջուկային գագաթաժողովին մասնակցելու հրավերը բոլորովին էլ պատահական չէր, եթե մանավանդ հաշվի առնենք, որ նախորդ տասնամյակներում նման հրավերներ ուղղակի չեն եղել: Հետևաբար, հենց սա է ազգային ինքնությունը և քաղաքական գործոն լինելու ունակությունը չկորցնելու մեր այսօրվա նախապայմանը: Մինչդեռ հրաժարականով իշխանությունից հեռացած վարչախումբը հետևողականորեն տարիներ շարունակ ցանկանում էր փակել ատոմակայանն ու հրաժարվել ատոմային երկրի կարգավիճակից: Գուցե Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակության գիտակցումն է, որ մեր երկրի Նախագահին մղեց նախաձեռնողական արտաքին քաղաքականության: Որ ճանապարհը հարթ ու անխոչընդոտ չէր լինելու` կարծես, նույնպես գիտակցված էր: Համենայն դեպս, Վաշինգտոնի մայր տաճարում Սերժ Սարգսյանը խոստովանեց. - Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետև մենք անցնում ենք չտրորված արահետով: Յուրաքանչյուր հայ, որ մայրցամաքում էլ լինի, պետք է դառնա այն կաթիլը, որը քար է ծակում: Մենք հենց այդ ճանապահին ենք: Մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել: Եվ մենք բարգավաճելու ենք, մենք ծակելու ենք անտարբերության, ցինիզմի ու երկերեսանիության քարը: Դրա համար մենք ունենք բավականաչափ համբերություն, հավատ և նպատակասլացություն: Եթե հանրագումարի բերելու լինենք մեր երկրի նախագահի նախաձեռնողական քաղաքականության վերջին մեկ տարվա արդյունքները, ապա անխուսափելիորեն պետք է արձանագրել, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններ ձևավորելու, նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ծրագիրը ձախողվեց: Միաժամանակ անցած մեկ տարվա ընթացքում կարևոր բացահայտումներ կատարվեցին, ինչը հավանաբար ծրագրված չէր: Նախ պարզ դարձավ, որ անգամ բուռն ցանկության դեպքում Հայոց ցեղասպանության փաստը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու ընթացքը հնարավոր չէ կասեցնել և այս խնդիրը չի կարող դառնալ սակարկումների առարկա: Ակնհայտ դարձավ նաև, որ հայ-թուրքական հարաբերություններն Արցախի հակամարտությունը կարգավորելու բանակցային արդյունքներով պայմանավորելը անհեռանկար փորձ է: Բացահայտվեց արդեն տասնվեց տարի շրջանառվող գաղափարի անհեթեթությունը, թե ազատագրված տարածքները բանակցային ճանապարհով զիջելու միջոցով կարելի է լուծել Արցախի հիմնահարցը: Ամենակարևոր բացահայտումը, թերևս, Հայաստան-Սփյուռք միասնության անխուսափելիությունն ու անհրաժեշտությունն էր: Պակաս կարևոր չէր ազգային-պետական հիմնահարցերի նկատմամբ գործող կուսակցությունների վերաբերմունքի, շահագրգռության, կրավորականության ու պատվախնդրության բացահայտումը: Աշխարհին ու մեզ պարզ դարձավ նաև մեր ազգային-պետական հիմնահարցերի նկատմամբ Թուրքիայի ու Ադրբեջանի, այս երկրների հասարակությունների իրական ու հնարավոր վերաբերմունքը: Իսկ քաղաքական եզրահանգումը, որ պետք է շարունակի ուղենշային լինել առաջիկայում, հաստատվեց ևս մեկ անգամ. հայությանն առնչվող բոլոր աշխարհաքաղաքական զարգացումները նպատակաուղղված են լինելու Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ու Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ուստի մենք պետք է մշակենք ռազմավարական ու մարտավարական հստակ, բազմաոլորտ, հեռանկարային և իրատեսական ծրագրեր: Ուրեմն չտրորված արահետով անցնելը միանգամայն արդարացված էր, թեև բոլորովին էլ ցանկալի արդյունքը չտվեց:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ