ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՂՈՒՑ Է ՍԿՍՎԵԼ


Ազատամարտիկներ Արկադի ՇՀՈՅԱՆԸ, Եղիազար ԵՐՈՅԱՆԸ, Գեղամ ՍԱՔԵՅԱՆԸ ծնվել են 1962 թ. Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում: 93-ի մայիսին զինվորագրվելով «Լճափ» ջոկատին, մասնակցել են Արցախյան պատերազմին: Առաջին գծում էին` Աղդամից մինչև Մարտակերտ ձգվող գյուղերում: - Մասնակցել ենք ազերիների երրորդ ամրացված պաշտպանական շրջանի գրոհներին: Լքված գյուղերում մեր ջոկատներն էին, դիմացը` թշնամին: Մեր ջոկատում անվախ տղերք էին: Գևորգյան Լյովան «Լճափ» ջոկատի հրամանատարն էր,- հանդարտորեն պատմում էր Արկադին: - Մեր մարտական գործողությունը Աղդամից Մարտակերտ ուղղությամբ էր: Տարածքը վերջնականապես ազատագրվեց: Ովքեր սիրում էին երկիրը, օրհասական պահին մարտի դաշտում էին: 93-ի դեկտեմբերից մինչև 94-ի մարտի 13-ը մարտադաշտում էինք,-պատմում էր Եղիազարը.- եթե երեքով միասին էինք լինում, գիտեինք, որ թիկունքն ապահով է: Ընկեր-տղերքից շատերը վիրավորվեցին, զոհվեցին: - Երբ բազում խոչընդոտներ հաղթահարելով` գնում ես մարտադաշտ, այլևս կարևոր է երկրի փրկությունը, թշնամուն դիմակայելը: Կռվի պահին այլ երևույթների մասին մտածել չես կարող, -անկեղծացավ Արկադին:- Ամենաթեժ մարտը դեկտեմբերի 27-ին էր, թշնամին լուրջ էր պատրաստվել, հարձակվեց մեզ վրա: Մեկ օր շարունակվեց մարտը: Դիրքերը պահեցինք, մինչև Մարտունու շրջանից մեր հիմնական ուժը հասավ օգնության: Եղել է, որ մի քանի օր տևել է մարտական գործողությունը, սպառվել է զինամթերքն ու սննդամթերքը, բայց շարունակել ենք մարտը` չզիջելով դիրքերը: Այդ օրը շատ զոհեր ենք տվել: Բայց հետո մեկը մյուսի ետևից գյուղեր էինք գրավում` խորտակելով թշնամու լուրջ նշանակություն ունեցող դիրքերը: Մեր «Լճափ» ջոկատից երեք զոհ ունեցանք, նրանք հայրենասեր տղերք էին, ոչնչից չէին վախենում: Մարտադաշտում հեշտ է բացահայտվում մարդը: Մեր գյուղից երեքով էինք, մեր մյուս ընկերը` Սաքեյան Գեղամը, վերջերս մահացավ: Նրանք մասնակցել են Կիզիլի և Սալախլի Կինգիրլիների, Բոյախախմեդլի, Պուշկին Յալի, Փափրավենդի, Սումայի, Գյուլիջայի մարտերին: Այդ տարիներին շատերն ուզեցին մեկնել Արցախ, բայց քչերը համարձակություն ունեցան մեկնել կռվի դաշտ: Կռվող տղերքից մեկն էլ Գեղամ Սաքեյանն էր: Հետո երբ խոսք կգնա նրա մասին, ընկերները թախծոտ ժպիտով կխոսեն ընկերոջ մասին, կհիշեն շատ դեպքեր իրենց մարտական գործողություններից ու ափսոսանքով կկախեն գլուխները: Դառնություն էր ալիքվում նրանց հայացքներում: Ու նորից տրտմության ժապավենն ուրվագծվեց մեր զրույցի ողջ պահերի մեջ: - Մեր ընկերոջը` Գեղամին, բառերը քիչ են նկարագրելու համար: Մարտական գործողություններին միշտ միասին ենք եղել: Մի կտոր հացը միասին ենք բաժանել: Ամբողջ հոգով նվիրվում էր ընկերոջը: Շատ համարձակ, ինքնավստահ մարդ էր: Երբ հանգստանում էինք, սիրում էինք լսել նրա երգերը. երգեր էր գրում: Ամուսնացած էր, երկու երեխա ուներ, երբ մեկնեցինք Արցախ: Երրորդ երեխան հետո է ծնվել: 2009-ի դեկտեմբերին մահացավ մեր ընկերը,- հավելեց Արկադին: - Կան մարդիկ, որ ասում են` թող չգնայիք: Ախր, եթե միասին չլինենք, կկորցնենք եղածը, փախչելով չեն փրկվում, դա թուլամորթություն է: Պետք է խիզախել, մարտնչել, որ մեր սերնդի առաջ չամաչենք: Մեր պապերը մշեցիներ են եղել, միասին են գաղթել: Նրանց ցավը մերն էր, նրանց տառապանքով մենք էլ տառապեցինք: Իմ պապը յոթ եղբայր է ունեցել, Եղեռնից միայն երկուսն են փրկվել, նրանք էլ Հայրենական պատերազմի ժամանակ են զոհվել: Անշուշտ, ամբողջ ազգը կռիվ չէր գնալու, բայց առողջ կորիզը պիտի մասնակցի: Երկիրն ու՞մ թողնել, մանավանդ եթե հոգումդ էլ Էրգրի կարոտը կա, էլ չես սպասի: Դա հատուցման ժամ էր: Մենք չէինք կարող լռել, մեր կռիվը վաղուց էր սկսվել, մեր պապերն էին սկսել ու մեզ փոխանցեցին,- ահա թե ինչն էր տանջում Եղիազարին… - 95-ին նորից Արցախում էինք: Մարտունու շրջանի դիրքերն էինք պահում: Այդ ժամանակ Գեղամը մեզ հետ չէր: Որոշ ժամանակից դիրքերը հանձնեցինք Հայոց բանակի զինվորներին: - Հայրենիքը սրբություն է, ինչպես ընտանիքը: Հայրենիքն անփոփոխ է, մարդիկ են ժամանակ առ ժամանակ փոփոխվում,- ձևակերպեց Արկադին, իսկ Եղիազարը. - Հայրենիքը ծնողի պես է` սիրում է իր զավակին: Պարզապես այսօր ընկալման ձևերն են փոխվել… Բայց, հավատացեք, մեր հոգու ողջ թրթիռները նույնն են մնացել: Սիրում ենք մեր երկիրը, ինչպես առաջ: Աստված մի արասցե, եթե պահը գա, չենք տատանվի. Էրգրի կարոտը ծխում է մեր մեջ, չի հանգչելու: Զինվորականի առօրյան հարազատ է մեզ… Նրանք երկուսն էլ որոշել են գնալ պայմանագրային զինծառայության, սակայն Եղիազարը հիվանդության պատճառով մերժվել է, Արկադին ունի լեյտենանտի կոչում: Ինչպես իրենք ասացին. «Մենք մեզ ուրիշ տեղ չենք տեսնում, մեզ հարազատ է ծառայությունը. մենք զինվոր ենք…»: Արկադիի որդին հոր ուղին է շարունակում, որոշել է ընդգրկվել խաղաղապահ ջոկատի կազմում: Հերոսներիս անկեղծ ցանկությամբ` բռունցքվելու անկոտրում կամքը թող երբևէ չմարի:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ