ՀԱ՞ ՈՐ…


 

Համացանցն արդեն իսկ խոստանում է առաջիկա ընտրությունների գլխավոր քարոզչամիջոցներից մեկը դառնալ: Օրեր առաջ գրեթե բոլոր կայքերում հայտնվեց հայտնի արխիվային տեսանյութը, որտեղ վերջերս իշխող կուսակցությանն անդամագրված Վիկտոր Դալլաքյանն անխնա կերպով քննադատում էր հանրապետության նախագահին: Անցյալի այս վերհուշը շատերին է համապատասխան եզրակացությունների մղել: Մայիսյան քվեարկությանը մասնակցել պատրաստվող անհատների ու քաղուժերի մի մասը հիմա արդեն հակաքարոզչությունից է վախենում, մյուսներն էլ նյութեր են որոնում Ինտերնետի օգնությամբ մրցակիցների վարկանիշն առաջիկայում նվազեցնելու համար:

Տարօրինակ զուգադիպությամբ այս օրերին իրենց սկսել են «լավ չպահել» նաև համացանցային որոնման համակարգերը: Բազմաթիվ հանրահայտ տեսանյութեր որոնելիս (որոնք մինչ այդ նույնիսկ մի քանի տարբերակով էին համացանցում ներկայացված), լավագույն դեպքում միայն դրանցից մեկը կարելի է գտնել: Ավելին, մինչ այս բավական պարզորոշ հնչող ձայնը ծայրահեղ անորակ, եթե չասենք անլսելի է դարձել, իսկ պատկերը կամ կտրտվում է, կամ էլ ընդհանրապես գոյություն չունի: Թե ով է մեկիկ-մեկիկ խոտանել ինտերնետում առկա քաղաքական տեսանյութերը, դժվար է ասել: Ակնհայտ է սակայն, որ ոմանց շատ է ձեռնտու անցյալը հիշեցնող ամեն ինչից հնարավորինս շատ խուսափել, ու նմանները հետևողականորեն մաքրում են համացանցը: Մարդկանց հիշողությո՞ւնն ինչպես են մաքրելու...