Շիկահերների հրոսակախումբը


 

Իսկապես` առեղծված են կանայք: Իսկապես` ամեն ինչի ընդունակ:

Բրազիլացի ոստիկանները ձերբակալել են 2 տղամարդու և 1 կնոջ, ովքեր կասկածվում են որպես «Շիկահերների ավազակախումբ» անունով ճանաչված խմբավորման կազմակերպիչներ:

Հետաքննության տվյալներով` կալանված տղամարդկանցից մեկը համակարգել-համաձայնեցրել է շեկ մազերով կանանց հանցավոր խմբի գործողությունները: Կրթված և մի քանի լեզուների տիրապետող այդ կանայք հեշտորեն ծանոթացել են Սան-Պաուլուի և Ռիո-դե-Ժանեյրոյի առևտրական կենտրոնների հարուստ այցելուների հետ, հետո հափշտակել նրանց և ստիպողաբար կորզել կրեդիտ-քարտերի պին-կոդերը: Այնուհետև չարագործուհիներն իրենց ղեկավարի հետ «լվացել» են նրանց բանկային հաշիվները կամ դրանցով թանկարժեք իրեր գնել:

2008-ից ի վեր նրանց վերագրվում է 54 նման դեպք, թեև ոստիկանություն դիմել է տուժածներից 21-ը:

Հրոսակախմբի ղեկավարի հետ ձերբակալվել է նաև նրա կինը: Ամուսինները փոխել են իրենց արտաքինը և կենտրոնական Բրազիլիայից փորձել են փախչել երկրի հյուսիս-արևելք: Երրորդ կալանվածն էլ կասկածյալ շիկահերուհիներից մեկի ամուսինն է: