ՀԱՆՑԱՎՈՐ ՇՂԹԱՅԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Շրի Լանկայում հայը վաճառել է երիկամը


 

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները վերջերս բացահայտել են երիկամի վաճառքի դեպք: Ըստ այդմ` 2011 թ. նոյեմբերին Երևանի բնակիչ, 34-ամյա Աշոտ Գ.-ն իր երիկամը վաճառելու նպատակով ծանոթացել է ոմն Սերգեյի հետ, ով նրան առաջարկել է երիկամը 10.000 ԱՄՆ դոլարով վաճառել Շրի Լանկայում` իր ծանոթներին:

2012 թ. փետրվարի 19-ին Աշոտ Գ.-ն Սերգեյի օժանդակությամբ Երևանում նախօրոք ենթարկվել է բժշկական հետազոտության, այնուհետև վերջինիս օգնությամբ մեկնել Շրի Լանկայի Կոլոմբո քաղաք, որտեղ վաճառել է իր երիկամը: Հետո Շրի Լանկայից 5.500 ԱՄՆ դոլար է փոխանցվել ՀՀ` Աշոտ Գ.-ի հարազատներից մեկի անվամբ:

Բացի այդ, Սերգեյը ՀՀ-ում ևս 3.500 դոլար է տվել այդ նույն հարազատին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սերգեյը Աշոտ Գ.-ին Երևանում հայտնել է, որ երիկամն անհրաժեշտ է Իսրայելում բնակվող ոմն Ալեքսի համար: Պարզվել է նաև, որ Շրի Լանկայում Աշոտին դիմավորել, տարբեր կլինիկաներ հետազոտման է տարել և նրան այնտեղ մնալու ամբողջ ընթացքում ուղեկցել է ոմն Բոգդան:

Ոստիկանության ծառայողները առաջիկայում կբացահայտեն այս հանցավոր շղթայի մի շարք նոր մանրամասներ ևս, որի մասին կտեղեկացնենք ընթերցողին: Իսկ մինչ այդ նշենք, որ թեև ՀՀ օրենսդրությամբ փոխպատվաստման ենթակա օրգանների առքուվաճառքն արգելվում է, սակայն «Վաճառում եմ երիկամ» վերնագրով մի քանի հայտարարություններ հանդիպեցինք ծառայություններ գովազդող կայքերում: Նման հայտարարություններ կարելի է կարդալ նաև երևանյան փողոցներում` կանգառների վահանակներին կամ էլեկտրական սյուներին: Մինչդեռ, ըստ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի պահանջների` մարդու օրգաններն առք ու վաճառքի ենթակա չեն և «Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումը կատարվում է առանց դրամական կամ այլ կերպ փոխհատուցում ստանալու պայմանով, եթե փոխպատվաստման համար դոնորի գրավոր համաձայնության մեջ այլ բան նախատեսված չէ: Մարդու օրգանների փոխպատվաստման գովազդն արգելվում է»:

Հայաստանում մարդու օրգանների վաճառքի դեպքերը, բարեբախտաբար, եզակի են, և վիճակագրությունն էլ «զուսպ ու համեստ» է խնդրո առարկա հարցում: Մինչդեռ այս համատեքստում համեմատություն անցկացնելով միջազգային պրակտիկայի հետ` ուշագրավ է հիշեցնել երկու տարի առաջ աղմուկ հանած սկանդալը: Իսրայելի իրավապահները բացահայտել էին, որ մարդու օրգանների վաճառքով զբաղվող հրեական մաֆիան համագործակցում է Ադրբեջանի հետ: Արդյունքը եղել էր այն, որ Իսրայելի ոստիկանության կողմից ձերբակալվել էին այդ երկրում մի քանի տարի մարդու օրգանների առևտրով զբաղվող մաֆիայի անդամները: Պարզվել էր, որ ավազակախումբը խաբված մարդկանց երիկամները վաճառել էր Ադրբեջանի հիվանդանոցներին: Իսկ մինչ այդ` ինչ-որ գեներալի գլխավորությամբ գործող խմբի անդամները վերջին մի քանի տարիներին երկրի ամբողջ տարածքում փնտրել էին լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց և համոզել` օրգանները վաճառելու նպատակով վիրահատվել Բաքվի հիվանդանոցներում: Հանցագործները թերթերում հայտարարություններ էին տեղադրել` երիկամները վաճառել ցանկացողներին խոստանալով 100 հազար դոլար: Սակայն վիրահատությունից հետո խաբված դոնորներն առավելագույնը 10 հազար դոլար էին ստացել, իսկ շատ դեպքերում էլ` ոչինչ: Իսրայելի ոստիկանությունը պարզել էր, որ դոնորների երիկամները հանելու համար մաֆիան նրանց ուղարկել էր Ադրբեջան, Էկվադոր և Ֆիլիպիններ` յուրաքանչյուր երիկամից ստանալով 120 հազար դոլար: Ոստիկանությունը ձերբակալել էր մաֆիայի 6 անդամների: Նրանց մեջ էին խմբի ղեկավար, 62-ամյա թոշակառու գեներալ Մեիր Զամիրը, 77-ամյա փաստաբան Իլիյահ Ռաֆայելը և էլի հինգ փաստաբաններ: Նրանք ձերբակալվել էին Թել Ավիվի Բեն-Գուրիոն միջազգային օդանավակայանում, ուր գնացել էին դոնորին Բաքու ուղեկցելու:

Այդ աղմկալի սկանդալի արդյունքում Իսրայելի իշխանությունները դիմել էին Ադրբեջանի իրավապահ մարմիններին, և հայտնաբերվել էին նաև այն բժիշկները, ովքեր համագործակցել էին հրեական հանցավոր խմբի հետ: