Ա˜Յ ՔԵԶ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ


 

«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում Ֆրանսիայի քաղաքացի Նելսոն Զուրոյանի հայտնությունը շատերին է զարմացրել: Զարմացրել է նաև այն, որ այս անձը զբաղեցրել է իններորդ հորիզոնականը, իսկ կուսակցությունում նրան ոչ ոք չի ճանաչում: Ոմանք ուզում են պարզել, թե լոռեցի այս անձնավորությունը արդյոք երբևէ մտե՞լ է կուսակցության շենք կամ մասնակցե՞լ է որևէ միջոցառման: Ոմանք կատակով ասում են, թե նա կեղծանվամբ հանդես եկող Խաչիկ Հարությունյանն է, քանի որ, ըստ որոշ լուրերի, հենց լոռեցի այս պատգամավորն է միջնորդել, որ Արթուր Վահանիչը կուսակցության համար անծանոթ մարդուն տրամադրի անցողիկ տեղ:

Իհարկե, կուսակցության նախագահը կարող է ցանկացած քայլ կատարել, սակայն առավել զարմանալի է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կեցվածքը, որը թույլ է տվել, որ ցուցակում ընդգրկվի օտարերկրյա քաղաքացի, երբ մեր օրենսդրությամբ դա արգելված է: Գուցե այլ երկրների քաղաքացինե՞ր էլ կան ՕԵԿ ցուցակում. այս մասին պարտավոր է հանրությանը ծանուցել ԿԸՀ-ն, որն էլ կրում է ընտրությունների ողջ պատասխանատվությունը: