ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ


 

Ձմեռային մի օր այցելեցի Էմմա մայրիկին` զրուցելու նրա զոհված որդու` ազատամարտիկ Արսենի մասին: Ջերմ ու հոգեթով ժպիտ կար դեմքին, իսկ երկու հրաշք թոռնիկներն այս ու այն կողմ էին թռվռում` փորձելով գրավել ուշադրությունս: Մեր դիմաց նրա երկու զավակների` Գրիշայի ու Արսենի լուսանկարներն էին... Արսենի հուշանկյունը լի էր պատվոգրերով, հուշամեդալներով, լուսանկարներով: Արսենն ու Գրիշան վաղ տարիքում էին զրկվել հայրիկից, ասես ճակատագրի չար կատակով փոքրիկ Արսենն ու Էմման նույնպես շուտ են կորցրել իրենց Գրիշա հորը ¥Էմմա մայրիկի երկրորդ զավակը` Գրիշան, մահացել է 2010թ-ին. այդ մասին ավելի ուշ¤: Փորձություններով լի է եղել Էմմա մայրիկի կյանքը:

«Մահ իմացեալ անմահութիւն է...»

Միշա և Էմմա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐԻ պապերը 1915-ի Եղեռնից հետո բնավորվեցին Երևանի Ավան թաղամասի սուրբ Ծիրանավոր տաճարի հարևանությամբ: Լուսաբացի ու վերջալույսի շողերի հետ աղոթք մրմնջացին առ Աստված և ապրեցին իրենց Էրգիրը վերստին տեսնելու մշտնջենական կարոտով: Արսենն ու Գրիշան, երբ մեծացան, հասկացան, թե ինչու էր իգդիրցի Նարինբեկ պապիկը 15 թվականին ջոկատ կազմել ու բարձրացել սարերը:

Ինչպես մայրն էր ասում` Արսենը սիրում էր դասերը դպրոցում սովորել, իսկ տանն զբաղվել ընթերցանությամբ և օգնել ծնողներին:

- Արսենս ինքնամփոփ, լռակյաց երեխա էր: Սիրում էր զբաղվել սպորտով. ֆուտբոլի էր հաճախում` կրելով 10-ը համարի համազգեստը: Նրանց թիմը մեկնեց Սոչի մրցումների: Վստահ եմ, որ հետագայում բազում հաջողությունների կհասներ որդիս: Ավելի վաղ տարիքում պարի է գնացել: Ավագ որդիս նույնպես սպորտով է զբաղվել:

Անսպառ է Արսեն ազատամարտիկի մասին պատմությունը... Ընդամենը տասը տարեկան էր, երբ հայրը մահացավ: Ինքն ու ավագ եղբայրը` Գրիշան, անտրտունջ օգնել էին մայրիկին` ջանալով թեթևացնել հոգսերն ու դժվարությունները: Իսկ հոգսերն այդ ընտանիքում մինչ օրս էլ կան: Էմմա մայրիկը դեռևս 1988-ի փոթորկալից օրերին 15 ու 17 տարեկան զավակների հետ գնում էր Ազատության հրապարակ: Նրան ճանաչողները չեն զարմանում, որ Արսենն ընտանիքից թաքուն մեկնել էր Արցախ` անավարտ թողնելով ռադիոկապի տեխնիկումը: Մայրն ու եղբայրն անհանգիստ էին: Հետո կհասկանան, որ այդ ինքնամփոփ տղան ժամերով ռադիոընդունիչի մոտից չէր հեռացել և մշտապես անհանգստացել էր պատերազմական գործողություններով: Գրիշա եղբարը մեկնել էր Արսենի ետևից: Մի՞թե այդքան հեշտ էր Արսենին ետ բերել Արցախից: Եղբայրը հասցրել էր ընդգրկվել «Արջի» ջոկատ: Արսենը դեռ մանկուց շատ էր երազել հասնել պապերի Էրգիր` Իգդիր... Նա դեռ պիտի հասներ Արևմտյան Հայաստան... Մարտական գործողություններին զուգահեռ, Ստեփանակերտում ֆուտբոլի թիմ էր ստեղծել ու զբաղվել երեխաների մարզավիճակով. ընկերները նրան Պելե անունով կոչեցին:

- Որդիս իր ծննդյան օրը` նոյեմբերի 18-ին, մարտադաշտում էր: Ոչ ոք չէր իմացել Արսենիս ծննդյան տարեդարձի մասին: Տարիներ անց սիսիանցի մարտընկերներն իմացան, որ այդ օրը որդուս ծննդյան տարեդարձն է եղել: Զարմանքով պատմեցին, թե ինչպես Արսենս այդ օրը միայն զենքերով էր զբաղվել ու Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» կարդացել: Զավակս համեստ էր ու նվիրված: Որդիս երբեք չէր պարծենում, իսկ մեզ համար շատ էր անհանգստանում:

Մեկնելուց երկար ժամանակ անց` 1993-ի հունվարի 1-ին, Արսենը տուն էր եկել` ավելի առնականացած: Մայրը փորձել էր համոզել զավակին, թե բավական է, բայց Արսենը հուսադրել էր.

-Մամ ջան, կարևոր մարտի ենք պատրաստվում, կգնամ, 10-15 օրից հաղթանակած կվերադառնամ: Խոստանում եմ` մի օր միասին Արցախ կգնանք...

Հունվարի 7-ն էր: Մայր ու որդի միասին դուրս էին եկել տանից:

- Ցանկացավ այցելել հոր շիրմին. թախիծ էր ծորում աչքերից: Հետո ասաց. «Մամ ջան, գիտեմ, որ քեզ համար ևս թանկ է մեր հողը, բաց քանի որ իմ մասին ես մտածում, դրա համար էլ անհանգիստ ես: Ես պարտավոր եմ գնալ, դեռևս չիրականացված ծրագրեր կան...»:

Իսկ Գանձասարում Արսենը երդվել էր մինչև Արցախի ազատագրումը մարտնչել: Սակայն նա չհասցրեց տեսնել ազատագրված Արցախը: 93-ի հունվարի 19-ին, Մարտակերտի Սարդարաշեն բարձունքի գրավման ժամանակ հանկարծ սպառվեց Արսենի փամփուշտները, ընկերոջից փամփուշտ վերցնելիս թշնամու նենգ գնդակը գտավ դիպուկահար հայորդուն: Ընկավ Քաջը` թողնելով չիրականացված բազում երազանքներ...

- Այնքան անհանգիստ էր հոգիս: Այդ երեկո երազ տեսա, արթնացա վատ զգացողությամբ... Իսկ Արսենս այլևս չկար...

Արսենին ամփոփեցին Ավան թաղամասի Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձան-գերեզմանատանը` անհայտ կորած հորեղբոր կողքին: Գրիշա եղբայրն ամեն անգամ կնոջ` Կարինեի և իր փոքրիկների հետ այցելում էին Արսենի շիրմին` զավակներին պատմելով նրա սխրանքներից:

Կարծես թե Հովհաննիսյան ընտանիքի համար բավարար չէր այդքան կորուստը, երբ 2010 թ. հուլիսին անսպասելի մահացավ Էմմա մայրիկի երկրորդ զավակը` Գրիշան:

Երևանի Ավան թաղամասի թիվ 87 միջնակարգ դպրոցի բակում Արսենի կիսանդրին է դրված: Արսենի ու Ավան թաղամասի ևս 7 զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող դպրոցի փառքի անկյունում միշտ թարմ ծաղիկներ են: Իսկ տնից քիչ հեռու ցայտաղբյուր դրվեց ու փորագրվեց. «Մահ իմացեալ անմահութիւն է...»:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ