Ամերիկացիները սպասում են նոր ճգնաժամի


 

Չնայած ԱՄՆ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման արդյունքներն արդեն ինչ-ինչ չափով տեսանելի են, սակայն, պարզվում է, ամերիկացիները սպասում են ճգնաժամի նոր ալիքի: Վիճակագրությունը հաստատել է, որ տնտեսության վերականգնման շարունակականությանը հավատում է բնակչության մի մասը միայն: Խոսքը 2012-ի մասին է, այսինքն` շատերի կարծիքով ամենայն հավանականությամբ մոտ ապագայում նոր ցնցումներ են սպասվում: Վիճակագրությունը փաստում է նաև, որ այսպես կոչված հոռետեսության աստիճանը պայմանավորված է քաղաքացիների տարիքով, կրթությամբ և ապահովվածության աստիճանով: Անհամեմատ ավելի լավատես են 50-ից ցածր, բարձրագույն կրթություն ստացած և քիչ թե շատ սոցիալապես ապահովված մարդիկ, իսկ թոշակառուների մեծամասնությունը վստահեցնում է, որ նախորդ տարի ավելի բարվոք պայմաններում էին ապրում: Շատերը նույնիսկ աշխատանքից զրկվելու մտավախություն ունեն: Չնայած, փաստացի գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում զգալիորեն կրճատվել է, սակայն բնակչության միայն 20 տոկոսն է համոզված, որ ապահովված կլինի աշխատանքով: