Սև ծովը վտանգված է


 

Այն կարող է աղտոտվել ցիանական կալիումով, որը ջրատարածք կներթափանցի վրացական ավիրված ֆաբրիկայից: Այդ մասին ահազանգ է հնչեցրել «Կանաչների» կուսակցության ղեկավար Գեորգի Գաչեչիլաձեն: Նա փաստել է, որ Քութաիսիի և Զեստաֆոնիի (Արևմտյան Վրաստան) միջև տեղադրված այդ ֆաբրիկան, ուր պահպանվում է մի քանի հարյուր կգ ցիանական կալիում, ձյան առատության պատճառով փլուզվել է: Ավերակների տակ մնացած թույնն անհապաղ չմաքրելու դեպքում, այն կլցվի Սև ծով:

- Եթե ցիանական կալիումն ընկնի բնական միջավայր, բնակչությանը լուրջ վտանգ կսպառնա, քանի որ այդ նյութի 1 գրամից էլ պակաս քանակությունը մահացու է մարդու համար,- մանրամասնել է Գաչեչիլաձեն:

Այնպես որ` վտանգը բավական առարկայական է: Ավելին.

- Բացի դա, մահաբեր այդ նյութը կարող է նաև գոլորշիանալ և անձրևի տեսքով նորից երկիր վերադառնալ, ինչը նույնպես լուրջ սպառնալիք է պարունակում,- «Ինտերֆաքս»-ին պարզաբանել է «Կանաչների» ղեկավարը: