ԵՐԳԻԾԱՆՔ

Աղբանոցի պրոֆեսորը


 

ՄԵՆ անգամ Հորիզոնն իր տան աղբը թափելիս, տեսնում էր մի երիտասարդի, ով զիբիլ քչփորելու վրա ավելի շատ ուշադրություն էր դարձնում, քան աղբանոց ժամանած բնակիչների: Իսկ համակրելին 3 օր էր` չկար, փոխարենը հայտնվել էր միջին տարիքի, վայելուչ արտաքինով, պրոֆեսորին վայել մորուքով, սպիտակ ակնոցներով, անփողկապ մեկը, ինչպես լինում են անփողկապ նախարարները: Ամեն ինչից զարմացող Հորիզոնը չզարմացավ, որ հերթը հասել է նման մարդկանց նման տեղերում հայտնվելուն:

- Հետո՞, հետո՞,- անհամբեր դարձա ես:

- Հետո չգիտեմ` կարոտից էր, թե ինչից, ասի` ախպերացու, էստեղ մի երիտասարդ էր աշխատում, նրան ճանաչո՞ւմ եք, հո բան-ման չի պատահել:

- Պատահել է, արի տես, որ` լավը... Աստծո ողորմածությամբ Գինոսը, իմ գերազանցիկ քիմիկոս ուսանողը, հենց այստեղ հայտնաբերեց աղբից գինու սպիրտ ստանալու մեթոդը, այն դեպքում, երբ աշխարհում աղբից ստանում են գազ, պարարտանյութ... Իսկ մեր ոսկե երիտասարդության ներկայացուցիչը, ինքը քչախոս լինելով, գիտությանը նոր խոսք է ասում: Հեղինակային իրավունքը ձեռքից չփախցնելու համար օգնել եմ արտոնագիր ստանալու` գրանցվի Գինոսի, ներողություն` Գինեսի գրքում:

- Հարգելիս, ձեր անունը չգիտեմ, թույլ տվեք ուղղակի կոչեմ Պրոֆեսոր:

- Կարելի է, երբ հարյուրավոր մարդիկ անունս դրել են Պրոֆեսոր, դուք էլ ասեք: Ձեզ էլ հազարավոր մարդիկ Հորիզոն են ասում, ես էլ Հորիզոն կասեմ:

Հիմա իմ ախպեր Հորիզոնիս ասեմ` չկա չարիք, առանց բարիք: Գինոսի բախտը բանեց, երբ ընտրեց այս լաբորատոր-աղբանոցը, որի շրջակայքում հարուստներն են ապրում, որոնց կերածի մեջ խմիչքը գերակշռելի է: Պուշկինի դիտարկման համաձայն` նրանք ժանտախտի պահին խրախճանք են արել: Այդ մարդկանց աղբն անգամ որակյալ է ու գինեթաթախ... Այդ հարուստ հումքը նպաստել է գյուտի արագ հայտնաբերմանը: Գյուտը ժամանակի ծնունդն է. այսուհետ գինին կշատանա, կխմեն` դարդիման մարդիկ շա˜տ են: Հորիզոն, հետաքրքիր է, դո՞ւք ինչպես եք հայտնվել այս միլիոնատերերի թաղամասում:

- 28 տարի առաջ ենք բնակարան ստացել, ընդհանուր հիմունքներով: Այդ այն ժամանակներն էին, երբ աղբատար մեքենաներն առավոտ ծեգին զանգ-զրնգոցներով իրենք էին մտնում փողոց ու բակ, ազդարարում, հրավիրում` ով քնած է, արթուն կացեք, ով արթուն է` ելեք-բերեք, ձեր ավելորդ աղբը թափեք... Աղբ թափելը վերածվում էր փոքրիկ տոնախմբության, ոչ թե այսօրվա նման, երբ աղքատ բնակիչն աղբանոց տանելու էլ բան չունի: Հետագայում առաջացան ծայրահեղ աղքատներ և ծայրահեղ հարուստներ, որոնց մեջ ոսկե միջինն այնքան քիչ է` չի երևում: Դրանցից մեկը ես եմ և ինձ նման մի քանիսը: Լավ, չմոռանամ հարցնել. հիմա դուք Գինոսի հետ համահեղինա՞կ եք:

- Ես իրեն միայն օգնել ու աջակցել եմ:

- Ներեցեք, պարոն Պրոֆեսոր, կարո՞ղ է երգիծաբան տեսաք, անցաք երգիծանքի: Աղբից որոշ բաներ ստացել են, բայց գինի-գինու սպիրտ... Կատակո՞ւմ եք: Չէ մի չէ` կոնյակ, շամպանսկի... Երևի գլուխս փոքր է, ասածդ քիմիա-փիլիսոփայությունը այնտեղ չի տեղավորվում: Ուրիշ է, թե հումորով ասվեր` կտեղավորվի: Ներեցեք, երևի խոսքով ընկանք, ձեզ կարևոր գործից կտրեցի:

- Ոչինչ, ոչինչ, այսօր եկել եմ դատարկ շշեր հավաքելու` սայլակով տանեմ, լավ մաքուր լվանանք, որ ստացված գինին լցնենք տարաները, թրջենք լիցենզիա-հավաստագիրը և առաջին խմբաքանակը հանենք վաճառքի: Ստացված գումարը նախատեսել ենք տամադրել թույլ տեսնող երեխաներին, մանկատներին ու ծերանոցներին: Հենց որ շշերի հարցը լուծվի, էլ էս գործին չեմ գա, նոր գործի կանցնեմ, թե չէ հետևիցս ինչքան եմ լսել` ամոթ է, ամոթ, Պրոֆեսորը որտե˜ղ, աղբանոցը որտեղ:

- Պրոֆեսոր, Ամերիկայում ձեր նման մի բախտակից բոմժ շշեր հավաքելով միլիոնատեր է դարձել, դուք էլ կարող էիք...

- Բա˜ն ասացիր, գիտեմ, այնտեղ կարելի է, մեր պայմանները սուղ են, մենք հրաշալի կարգախոս ունենք` մերն ուրիշ է: Մենք մեր բերանից կտրում` տալիս ենք որբերին, անտուններին, որ հատկապես ծնողազուրկ երեխաները հետագայում լավ մարդիկ դառնան, որ մեր փայլուն ապագա ասածը նրանցով ձևավորվի:

Իմ ուսանողներից ամենից հաջողակն ու տաղանդավորը Գինոսը եղավ: Սովը նրան ևս ստիպեց մտնել աղբանոցները, իր հանապազօրյա հացը հայթայթելու հետ մեկտեղ պեղել և գյուտ արած` այնտեղից պատվով ու բաց ճակատով դուրս գալ:

Շատ գյուտեր ծնված են պատահականորեն, բայց դրանք հայտնաբերողները պատահական մարդիկ չեն լինում: Իսկ նման գիտնականների արտադրությամբ մեր հայրենիքը գեներատոր է: Ամեն մեկը որ մի գյուտ անի, ուրեմն, հաշիվդ վերցրու: Էս տեմպերով, որ գնանք, 2012 թ. գրքերի մայրաքաղաք դարձած Հայաստանս 2020 թ. կդառնա գյուտերի մայրաքաղաք Հայաստանս, Ակադեմիան էլ ծաղկունք կապրի...

- Շնորհավորում եմ, պարոն Պրոֆեսոր, համոզվեցի, այդ շատ արժեքավոր գյուտն ամենևին էլ կատակ չէ: Եթե հայ ժողովուրդը կարողանում է քարից հաց քամել, ինչու չի կարող աղբից էլ գինի քամել, խմել, քեֆերում երգել ու Սասունցի Դավթի օրինակով ասել` հացն ու Գինին, տեր կենդանին:

***

Գրքերի մայրաքաղաք մեր սիրելի Երևանում գրախանութների թիվը նվազել-հասել է զրոյականի: Իսկ եթե ցանկանում ենք գյուտերի մայրաքաղաք դառնալ, պետք է զարկ տալ աղբանոցների բազմացմանը, որի սկիզբն ամենուր նկատելի է...

- Բա պետությունը չի՞ օգնում:

-....

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ