Նախանձախնդիր մայրը


 

Ամերիկայի Յուտա նահանգի բնակչուհի Մերի Հարդիսոն մոլորակի ամենատարեց օդանավորդն է, ով համարձակվեց երկնային ճամփորդության ելնել:

Իր ծննդյան 101-րդ տարեդարձը նա նշել է հայրենի Օհդեն քաղաքի երկնակամարում: Նրա արտասովոր սխրանքը մարտի 20-ին պաշտոնապես գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Այս արկածին տիկնոջը մղել է մրցակցության ոգին. Մերի-Էլեն Հարդիսոնը չի կամեցել հետ մնալ 75-ամյա իր որդուց, ով մինչ այդ բոլորին հիացրել էր նույնատիպ թռիչքով:

- Այն ամենը, ինչ կարող է անել իմ երեխան, կարող եմ անել նաև ե´ս,- հպարտորեն հայտարարել է ռեկորդակրուհին:- Այդ պատճառով ես որոշեցի պարզապես ժամանակն ուրախ անցկացնել` ինչպես նա:

Ուշագրավ է, որ արտասովոր զբաղմունքները թոշակառու կնոջը սկսել են հրապուրել համարյա վերջերս: Իր 90-ամյա հոբելյանի օրը Մերի-Էլենը թռչկոտել է «Դիսնեյլենդի» զբոսայգու բոլոր ատրակցիոններում:

Բայց նա նաև հանդարտ հոբբի ունի. նա հագուստներ է հյուսում և նվիրում չունևոր ընտանիքների երեխաներին ու մանկական բուժհիմնարկներում բուժվողներին:

- Իմ գլխավոր նպատակն էր օրինակ դառնալ տարեց մարդկանց համար, նրանց ներշնչել` զբաղվելու տարբեր հետաքրքիր ժամանցներով: Ես ուղղակի երջանիկ կլինեմ, եթե որևէ մեկը կարողանա կրկնել իմ նվաճումները: Հավատացեք` դա կլինի անմոռաց,- ասել է Մերին: