ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՐՔԻՑ


 

Արդեն մի քանի օր է լուրջ քննարկումներ են ծավալվել կառավարության նոր որոշման առթիվ: Որոշում, որը, մեղմ ասած, հակասում է մշակութային քաղաքականությունը որպես պետության առաջնահերթություններից մեկը հռչակած երկրին: Խնդիրն այն է, որ կառավարությունն ընդունել է որոշում` հետայսու գրքի ապրանքային գնին հավելել ավելացված արժեքի հարկը և ևս անհասկանալի 80 տոկոս հավելավճար:

Այսինքն, գրքերը թանկանում են կրկնապատիկ ավելի` անմատչելի դառնալով:

Հայաստանում գրքի առևտրի կազմակերպումն առանց այս էլ խայտառակ վիճակում է: Խորհրդային իշխանության տարիներին գոյություն ունեցած մոտ 300 գրախանութի փոխարեն` այսօր դրանց թիվը չի անցնում մեկ տասնյակից, լավագույն հրատարակությունները մնում են գրադարակներին` գերազանցապես թանկ լինելու, գրասերների անգնողու նակության պատճառով: Մինչդեռ գրահրատարակչությունը մեր երկրում օրավուր զարգանում է, մեծանում է տպագրվող գրքերի անվանացանկը` չնայած տպաքանակները կրճատվում են: Եվ այս իրավիճակում` կառավարությունը որոշել է բարձրացնել գները` արդեն իսկ խուճապ առաջացնելով հատկապես գրողների շրջանում: Գների բարձրացումը նաև գրահրատարակիչներին կմղի դեպի թանկացումները, քանի որ կկրճատվեն վաճառքի ծավալները. հանգամանք, որն արդեն կստիպի հրատարակիչներին` բարձրացնել տպագրական ծառայությունների գները:

Ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Երևանը հռչակվում է գրքի միջազգային կենտրոն, իսկ մենք էլ պատրաստվում ենք հանդիսավորությամբ նշել հայ գրատպության 500-ամյակը: Ստացվում է, որ գիրքը հռչակելով մեր գլխավոր մշակութային հենարաններից մեկը, ինչի մասին օրերս գրել էր նաև «Նյու Յորք թայմսը»` մեր կառավարությունն առավել դժվարացնում է իսկական գրասերի մերձեցումը գրքին: