ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ


 

Հանրապետականն ու Բարգավաճ Հայաստանն արդեն հայտարարել են մեծամասնական բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու իրենց մտադրության մասին: Այս հայտարարությունից անմիջապես հետո վերջիններիս հակամարտությամբ շահագրգիռ շրջանակների ակնկալիքները, թե կոալիցիոն զույգի ներկայացուցիչները մեծամասնականներում միմյանց դեմ ահեղ ճակատամարտեր են մղելու, հնարավոր է, որ չիրականանան:

Առաջադրումների փուլում, իհարկե, ոչ մի ընտրատարածքում հավակնորդների պակաս չի զգացվելու: Սպասվում է, որ ամեն մի մեծամասնականում միջինը 5-6 թեկնածու կառաջադրվի (այդ թվում նաև ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներ): Այլ հարց է, որ ավելի ուշ մեկնարկվելիք քարոզարշավը կնշանավորվի նաև ինքնաբացարկներով: Մասնավորապես կոալիցիայի դեպքում` չի բացառվում, որ ՀՀԿ-ականները հրաժարվեն հօգուտ ԲՀԿ-ականների, և հակառակը: Հենց այս հեռանկարն աչքի առաջ ունենալով է Դավիթաշենում առաջադրվել նախատեսող Ռուբեն Գևորգյանն արդեն որոշել հրաժարվել մրցապայքարից, իսկ Նոր Նորքում ուժերը փորձարկող Սամվել Ֆարմանյանը հավանական է, որ կոալիցիոն եռյակի միաժամանակյա սատարմանն արժանանա: