ՀՅԴ եսակենտրոնության հերթական դրսևորում


 

Հայաստանի քաղաքագետների միությունն առաջարկում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ ընդհանուր նախընտրական շտաբ ձևավորել:

Միության հյուրը երեկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էր: Ըստ նրա, այսօր մեզանում ընտրությունների ինստիտուտի կայացումն ավելի կարևոր է, քան որևէ կուսակցության քվեն ապահովելու հարցը, որովհետև մինչ հիմա ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական ցանկություններն ու կամքը:

Հ. Մարգարյանը համոզված է` պատճառներից թերևս ամենակարևորն այն է, որ քաղաքական կազմակերպությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը խարսխված չի գաղափարախոսության, ծրագրային հիմնադրույթների, քաղաքական ուղղության վրա: Մեզանում ընտրություններում մեծ դեր է խաղում հասարակության քաղաքականապես չկազմակերպվածությունը, երբ «ամբողջական գյուղեր գյուղապետի խաթրի համար այսպես կամ այնպես են քվեարկում»: Իսկ հասարակության քաղաքականապես անկազմակերպ լինելու հարցում իրենց մեղքն ունեն կուսակցությունները:

Հաջորդ պատճառը ընտրական համակարգն է`

- ...մեր ընտրությունների արդարացիության համար ոչ ոք պատասխանատու չի` ո´չ իշխանությունները, ոչ էլ ընտրությունների կազմակերպմանը մասնակից կազմակերպությունները, որովհետև իրականում այդ պատասխանատվությունը կրելու անհրաժեշտ լծակներ չունեն:

Նաև` քաղաքական այն ուժը, որը չի համոզվել, որ ընտրության միջոցով կարող է իշխանությունը կորցնել, «չի կարող ժողովրդավարության գիծ դնել, չի կարող ժողովրդավարական, արդար ընտրություններ կազմակերպել»: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ իշխող քաղաքական ուժը համոզվի` ողբերգություն չի լինի, աղետ տեղի չի ունենա, եթե ինքն ընտրության միջոցով իշխանությունը կորցնի:

- Ընտրության միջոցով պարտությունը ժամանակավոր է. եթե մենք կարողանանք սա գիտակցել, կկարողանանք շատ ավելի լայնախոհությամբ նայել ընտրության հարցին և չնայել զուտ կուսակցական շահից ելնելով, - ասում է Հ. Մարգարյանը:

Բայց արդյո՞ք իրենք նույն լայնախոհությամբ կհաշտվեն, եթե հանկարծ ԱԺ-ում չհայտնվեն:

Ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողությունից ավելի լավ միջոցը դաշնակցությունը համարում է հանրության մեջ մի քանի հազար իսկապես անկաշառ անհատներին համախմբելը: Եվ այդ նպատակով կուսակցությունը նախաձեռնել է «Արդար ընտրությունների կամավորական շարժում», որում կարող են ընդգրկվել արդար ընտրությունների անհրաժեշտությունն ըմբռնող անկաշառ անձինք:

- Սա միակ ձևն է, և մենք այդ քայլին ենք գնալու,- հայտարարում է Հրանտ Մարգարյանը` չպարզաբանելով, թե ի՞նչ չափորոշիչով են ընտրելու այդ անկաշառներին:

Ավելին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի անկեղծ խոստովանությամբ` Հայաստանում գործող որևէ կուսակցություն ժողովրդի բացարձակ համակրանքը չի վայելում: Այս պարագայում, ուրեմն, ո՞րն է երաշխիքը, որ ՀՅԴ նախաձեռնած «կամավորական շարժմանն» անդամագրվածները, այն էլ` ՀՅԴ մաղով զտվածները, ժողովրդի վստահությունն ավելի կվայելեն, քան նախընտրական միասնական շտաբում ընդգրկվածները: Մանավանդ` վերջիններիս պարագայում փոխադարձ վերահսկողությունն ինքնըստինքյան իրոք երաշխավորված է: Հետաքրքիր է, որ առաջնային համարելով հատկապես իր նախաձեռնած շարժման իրականացումը, Դաշնակցությունն այս ընտրություններից համակարգային փոփոխությունների ակնկալիք ունի: Արդյո՞ք սա ՀՅԴ եսակենտրոնության հերթական դրսևորում չէ:

Ըստ էության, անպատասխան է մնում հարցը, թե ինչպես կարելի է ընտրությունների ընթացքում աղանդավորական կազմակերպությունների ակտիվացման դեմն առնել, թույլ չտալով, որ որոշակի գումարի դիմաց այդ կազմակերպությունների, այսպես ասած, հովիվներն իրենց հոտին ուղղորդեն այս կամ այն կուսակցությանը քվե տալու հարցում:

Բանախոսը խուսափեց հերքել կամ հաստատել նաև այն հարցը, թե ճի՞շտ է, որ անցյալ շաբաթավերջին ՀՅԴ ղեկավարները հանդիպել են ՀՀ Նախագահի հետ. եթե այո` ապա ի՞նչ խնդրի առնչությամբ: Հարցի 2-րդ մասի պատասխանը կռահելն, իհարկե, դժվար չէ...…

Տ.Մ.