Շնորհավոր հոբելյանդ, սիրելի Ռաիսա

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՏՐԱԴԱՅԻ ՀՄԱՅՔԸ


 

Թեև ընդունված չէ կանանց տարիքի մասին հրապարակավ խոսելը, սակայն Ռաիսա Մկրտչյանը իրեն համարում է չբարդույթավորված, չի թաքցնում իր տարիքը, անգամ` հպարտանում է: Հպարտանում, որովհետև տարիներն ասես նրա կողքով են անցել, և նա պահպանել է իր անսահման հմայքն ու կանացիությունը, ձայնի հարստությունները: Ամեն անգամ հայտնվելով բեմում` նա ապշեցնում ու զարմացնում է, պարտադրում է մտորել, որ տարիքը պայմանական մի հասկացություն է. գլխավորը հոգու երիտասարդությունն է, հոգու վիճակը: Իսկ Ռաիսա Մկրտչյանը հոգով երիտասարդ է, ավյունով լի: Այսօր նա արդեն դասական կերպար է ու դասական անուն, որովհետև նրա անվանն են կապակցվում 20-րդ դարի 60-80-ական թվականների հայկական էստրադային երգի հաջողությունները: Առաջիններից մեկը նա փոփ երաժշտությունը դարձրեց չափազանց սիրելի և ընդունված` կատարելով ինչպես հայ, այնպես էլ ռուս և արտասահմանյան երգահանների ստեղծագործություններ, հայկական փոփ երգի ձեռքբերումները հասանելի դարձրեց աշխարհի տարբեր կողմերում:

Ռաիսա Մկրտչյանն իր կենսագրությունը սկսեց և´ որպես դաշնակահարուհի, և´ որպես երգչուհի` ստանալով համապատասխան կրթություն: Երգը հաղթեց շնորհալի դաշնակահարուհուն և մեծ բեմեր տարավ որպես երգչուհի` ով կարող էր մեծ հաջողությունների հասնել նաև այս նվագարանի հետ «ունեցած» բարեկամությամբ: 1960-ականների վերջերին Ռաիսա Մկրտչյանը հանդես եկավ Կոնստանդին Օրբելյանի գլխավորած էստրադային և Հեռուստատեսության ու ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբերի հետ` միանգամից թարմություն և ինքնատիպություն հաղորդելով ժանրին:

1970-ականների սկզբներին նրան մեծ ճանաչում բերեց Առնո Բաբաջանյանի «Ազգ փառապանծ» երգի կատարումը, որը հաստատեց, որ երգչուհին ունի շատ մեծ ու արտահայտիչ ձայնածավալ, ռիթմի հրաշալի զգացողություն: Նա սկսեց հանդես գալ նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր մեծ քաղաքներում, ապա բացվեցին դեպի արտասահման յան երկրներ տանող դռները, և Ռաիսա Մկրտչյանի անունը սկսեց հնչել ժամանակի նշանավոր երգչուհիների անունների կողքին: Առնո Բաբաջանյանը նրա մասին ասել է.

- Ռաիսան այն երգչուհին է, ում կարելի է վստահել ցանկացած երգի կատարում և համոզված լինել, որ երգը կհարստանա, նոր գույներ ձեռք կբերի:

Իսկ Ալեքսեյ Հեքիմյանը, ում «Ձյունաթափ» երգի առաջին ու անփոխարինելի կատարողը մնաց առ այսօր Ռաիսա Մկրտչյանը, գրել է.

- Եթե այսօր հիշատակում ենք Էդիտա Պիեխայի, Աննա Հերմանի, Սոֆյա Ռոտարուի, Մառիլյա Ռոդովիչի, Լիլի Իվանովայի և ուրիշ նշանավոր երգչուհիների անուններ, ապա Ռաիսան նրանց հետ է և նրանց կողքին: Անգամ որոշ դեպքերում գերազանցում է նրանց` իր արտակարգ հուզաթաթավությամբ, նուրբ մատուցումներով:

Նշանավոր երգահանը չէր սխալվում, որովհետև մասնակցելով երգի միջազգային փառատոնում` Սոպոտում, երգչուհին իսկապես զարմացրեց անսահման քնարականությամբ, ձայնի ջերմությամբ ու փափկությամբ:

Մեր այն հարցին, թե ի՞նչ զգացողություններ ունի հոբելյանի առթիվ, երգչուհին պատասխանեց.

- Շատ երջանիկ և ուրախ եմ ինձ զգում: Շատ թեթև: Շոյվեցի, երբ ծննդյանս օրվա առավոտյան մշակույթի նախարարը եկավ մեր տուն, շնորհավորեց, հետո էլ ստացա ՀՀ նախագահի շնորհավորանքը:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում նշել իր հոբելյանը, ասաց.

- Մոտ օրերս մեկնում եմ Միացյալ Նահանգներ, որտեղ կազմակերպվելու է հոբելյանական հանդիսություն: Հետո Երևանում, սկզբում Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարա նում, ապա նաև կոնսերվատորիայում կլինեն մեծ երեկոներ: Հոկտեմբեր ամսին էլ հոբելյանական մեծ հանդիսություն կլինի:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ