Վիրավորանքը խոսքի ազատություն չէ
Անգելա Մերկելի հասցեին անպարկեշտ արտահայտությունների համար հունական ReΖl FM ռադիոկայանը 33 հազար դոլար տուգանք է վճարելու:
Տուգանելու որոշումը կայացրել է Հունաստանի կառավարությունը` չհանդուրժելով, որ ուղիղ եթերում Գերմանիայի կանցլերուհուն պոռնիկ են անվանել: Ու դա կրկնվել է 2 անգամ` 2011 թ. սեպտեմբերին ու հոկտեմբերին: Անհաջող այդ «խիզախման» հեղինակն էլ ReΖl FM-ի 62-ամյա լրագրող Գեորգիոս Տրանգասն է եղել:
- Տասնվեց տարեկանից ես աշխատում եմ օր ու գիշեր,- տուգանքի մասին լուրն առնելուց հետո տեղական հեռուստաալիքներից մեկի եթերով հայտարարել է Տրանգասը:- Ինչո՞ւ են հույներին ծույլեր ու խարդախներ անվանում:
Ռադիոլրագրողը նշել է նաև, որ հույներին ինքը համարում է 2012 թ. հրեաներ:
Տրանգասին աջակցություն են հայտնել «Ազգային ուղղափառ հավաք» ուլտրաաջ կազմակերպության անդամները` իրենց առաջնորդի հետ մեկտեղ:
Կշարունակի՞ լրագրողը եթերային իր աշխատանքը` դեռ անհայտ է: