Հա՞ որ...


ԱՄԵՐԻԿՅԱՆ ցնծությունը համակել է մոլորակը: Համենայն դեպս նույնիսկ հայկական հեռուստալիքների գլխավոր հերոսը աֆրո-ամերիկյան ծագումը ԱՄՆ նախագահի պաշտոնին մեկտեղելու միջոցով այս երկրի պատմության անիվը շրջած Բարաք Օբաման է: Թեև Նահանգներում տասնամյակներ-հարյուրամյակներ շարունակ նախագահների պաշտոնակալման արարողությունը օրենքով խստագույնս կանոնակարգված է, և գործող ու անփոփոխ ձևաչափից նույնիսկ միլիմետրանոց շեղումներ պատմությունը հազվադեպ է արձանագրել, այդուհանդերձ, «շեղումն» այս անգամ ամերիկացիների աննախադեպ ցնծությամբ առանձնացավ: Շաբաթվա գլխավոր հերոսի մասին պատմելիս, լրատվամիջոցները փաստում էին, թե երբևէ չէր պատահել, որ նույնիսկ երկու-երեք միլիոն մարդ ժամաներ Վաշինգտոն` մասնակցելու նոր Նախագահի պաշտոնամուտի հանդիսութ յանը: Եվ իրոք, միլիոնավոր մարդիկ Բ. Օբամայի հաղթանակը սեփական-անձնական հաջողության հետ նույնացրին, և աղերսն այս հարցում որքան էլ անուղղակի լինի` կարևորն, անշուշտ, լավատեսությունն է: Տոնական միջոցառումների փոխարեն ամերիկյան ժողովրդավարությունն անփոխարինելի համարող մեր ընդդիմությունը բոլոր ընտրությունների ամփոփումը նշանավորում է հանրահավաքներով: Եվ մի դեպքում ցնծությունը հաջողությունների է վերափոխվում, մյուս դեպքում դժգոհությունը ավելի շատ նորանոր դժվարութ յուններով է արտահայտվում: ԱՄԵՐԻԿՅԱՆ երազանքի հաջողության գրավականն, իհարկե, միայն բարձր տրամադրությամբ ու լավատեսությամբ չի պայմանավորված: Այս ամենը չի ստվերում նույնիսկ այն, որ վերոնշվածը եղած-չեղածի արտաքին կողմն է միայն ապահովում: Հակառակ ամերիկացիների երազանքի իրականացմանը` այդ երազի ու աշխարհի հեռուստաընկերութ յունների գլխավոր հերոսի պաշտոնամուտի խոսքը նվազ զգացմունքային էր ու առավել գործնական: Բարաք Օբաման բոլորից լավ գիտի, որ տոնը կանցնի, միլիոնավոր հավաքվածները տուն կվերադառնան, ամեն ինչ իր տեղը կընկնի, ու ամեն ինչ իր տեղում լինելու ամենամեծ պատասխանատուն հենց այդ պահից ինքն է լինելու: Եվ չնայած լավատեսությանը` իսկապես նեգրի ճակատագիր բաժին հասավ Օբամային. պաշտոնամուտն ու ճգնաժամը ԱՄՆ 44-րդ Նախագահի պարագայում հանդիպեցին միմյանց: ԱՄԵՐԻԿՅԱՆ ողբերգությունը ցնծության ալիքի մարելուց հետո հենց այս հարթության վրա է արտահայտվելու: Ամերիկացիները, ինչպես ասում են, դեռ «տաք» են, և ըստ հարցումների` նրանց առավելապես առաջին տիկնոջ զգեստներն են հետաքրքրում: Ցնծությունն ու հավատը ստվերել են ճգնաժամը, և սթափվելուց հետո գործազրկության աճող տոկոսները, խոշորագույն ու երկրի պես կայուն համարվող բանկերի սնանկացումը, լճացած արտադրանքը ամերիկացիների` իրենց երկրի չափ մեծ լավատեսությունը գունազրկ ված են ներկայացնելու: Ի վերջո, դժվարությունները մեծ երկրներին մեծ վնասներ են հասցնում. ճգնաժամի «օրենքն» է այդպիսին: Բայց ամերիկյան ողբերգության արմատները բոլորովին էլ այս «օրենքների» խորքերում չեն թաքնված: Ամերիկացին մոլորակի միակ բնակիչն է, ով իրեն բոլորից գերադասում է: Սա հետայսու շատ դժվար է լինելու, և նույնիսկ ինքնաբավ ամերիկացին ստիպված է լինելու կրկնել հին ճշմարտությունը` ձախորդ օրեր են, մի օր կանցնեն: