ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


Սիրելի° հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր մենք նշում ենք մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկի` Հայկական բանակի տոնը: Տասնյոթ տարի առաջ, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, բանակի ստեղծումը դարձավ օրվա ամենաանհետաձգելի հրամայականը: Հայկական բանակը ձեւավորվեց ու թրծվեց պատերազմի բովում` գոյության առաջին իսկ օրերից դրսեւորելով իր լավագույն որակները` անմնացորդ նվիրումը հայրենիքին, անկոտրում մարտական կամքն ու հաղթանակի ոգին: Այդ ամենի շնորհիվ կարողացանք հաղթել անհավասար գոյամարտում ու ամրագրել մեր իսկ արժեքներով ապրելու ազատությունը: Մեզ համար Հայոց բանակն ազգային հպարտություն է, իսկ հակառակորդների համար` զսպվածության ու զգոնության մղող հզոր գործոն, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է այնքան փխրուն խաղաղությունը: Մենք գիտենք, որ այդ անդորրի համար պարտական ենք ամեն օր ծառայության գնացող, իրենց դիրքերում ու խրամատներում գտնվող զինվորներին, մեր սպաներին ու հրամանատարներին, մեր խիզախ զավակներին: