Հպարտանում ենք մեր ձեռքբերումներով


Ի՞նչ է հայրենասիրությունը, ովքե՞ր ենք մենք, ո՞րն է ազգապահպանման հիմնաքարը… Ասում ենք` մեր տարեգրությունը յուրօրինակ է, ու ավելի հաճախ մեր փառավոր էջերին ենք ապավինում: Եվ հիշելիս, երբ գրիչն է արյունում թղթի վրա, ակամա հառնում են թշնամուն սարսափեցնող անուններ: Պարզապես նրանք կարողացան ասել, որ մենք հայ ենք, որ ազգապահպանությունը միասնականության մեջ է, իսկ համատարած «քաղաքակիրթ» ոճրագործությունը կանխելու համար պետք է ունենալ ֆիզիկապես ու հոգեպես մարտունակ, կայացած Բանակ: Հայրենասիրությունը պարտքի գիտակցություն է` յուրաքանչյուրիս բաժին հասած պարտքի գիտակցութ յուն: Խիզախումի կարոտ հոգիներ են մեզ պետք: Շատերը խիզախեցին, անմահացան, մեզանից լավ ոչ ոք չհասցրեց տառապանքը «լիարժեք» ճաշակել, ոչ թե խեղճացանք, այլ երկունքից ծնված հավերժահունչ տագնապը մեր աչքի առաջ ունեցանք: Մեր մեծագույն մեղքը` անտարբերությունը, այսօր շղարշում է տառապանքով ձեռք բերվածը: Պահպանենք մեր հարստությունը, հպարտանանք բանակի գոյությամբ, քանի որ վերածնվեցինք տառապանքի քուրայում, իսկ պետության հայելին ազգային բանակն է: Ինչպես պատմեց փոխգնդապետ, զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Արթուր ԲԱՂՈՒՆՑԸ. - Պատերազմական ծանր պայմաններ ենք ունեցել: Առանձին ջոկատներից կազմավորվեց Հայոց բանակը: Մեր անցած ուղին հաստատում է մի պարզ ճշմարտություն` գլխավոր ու կարևոր քայլ էր հայոց բանակի կազմավորումը: Անձնվեր կամավորականների շնորհիվ կարողացանք հաղթել` անցնելով հերոսական ճանապարհ: Շատերը մարտիրոսացան, հաղթեցինք` պարտադրելով հակառակորդին խաղաղությունը: Ադրբեջանը նպատակ ուներ հայաթափել Արցախը, սակայն մեր ժողովրդի միասնականության շնորհիվ կարողացանք անառիկ պահել Ղարաբաղն ու Հայաստանի սահմանները: 1988 թ. փետրվարի 22-ին Աղդամի կողմից ադրբեջանական բազմահազարանոց զինված խառնամբոխը գրոհեց Ասկերանի ուղղությամբ: Հայկական կողմը արժանի հակահարված հասցրեց: Դրան հաջորդեց Սումգայիթում փետրվարի 27-ին սկսված հայկական եռօրյա ջարդը` արցախյան շարժումը խեղդելու նպատակով: Եղան հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ ու քաղաքի 18 հազարանոց հայության բռնագաղթ: Նույն սցենարը կրկնվեց նոյեմբերի 21-ին Կիրովաբադում` հայոց հինավուրց Գանձակում: 1990 թ. հունիսի 13-ից 7 օր անընդմեջ շարունակվեց Բաքվի 200 հազարանոց հայության ջարդը, բռնագաղթը: Ադրբեջանական մեծաքանակ հրոսակախմբերը հայկական ինքնապաշտ պանական ուժերի ջախջախիչ հակահարվածով նահանջեցին: 1992 թ. հունվարի 28-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ անդրանիկ զորամիավորումը` առաջին դեսանտագրոհային գունդը, որն առաջին մարտական մկրտությունն ստացավ 1990 թ. մայիսին` Լաչինի միջանցքի պաշտպանության մարտերում (1991-94 թթ. մեր զորամասը տվել է 61 զոհ),: Նույն օրը` 1992-ի հունվարի 25-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանով ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը: Պատերազմից հետո էլ բանակաշինության տարիներին մեր բանակն ունեցավ դժվարին ու պատասխանատու փուլեր, կարողացանք ստեղծել մարտունակ բանակ, որը համարվում է ամենամարտունակը` տարածաշրջանում (սա միայն մեր գնահատականը չէ): Ինչ խոսք, առանց կորուստների` հաղթանակներ, առանց զոհերի` պատերազմներ չեն լինում: Բանակը ստեղծվեց միմիայն հերոսների անմնացորդ նվիրվածության շնորհիվ, նրանց արյան գնով: Իսկ մեր` ապրողներիս պարտքն է` միշտ վառ պահելով զոհված ընկերների հիշատակը` ամեն ինչ անել, որպեսզի է°լ ավելի մարտունակ դառնա մեր բանակը: Դա մեր անկախության երաշխիքն է: Պատերազմի տարիներին մեր զինակիցները եղել են ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում` մասնակցելով մի շարք վայրերի ազատագրմանը: Ունեցել ենք շատ ծանր մարտեր, տվել ենք բազմաթիվ զոհեր, ովքեր հետմահու պարգևատրվել են «Արիության» մեդալով: Այսօր յուրաքանչյուր զորակոչիկ պարտավոր է լավ ճանաչել իր ազգի նվիրյալներին, իմանալ զորամասի և ընդհանրապես մեր բանակի անցած ուղին` պարտավորվելով շարունակել ու հարստացնել մարտական խաղաղ բանակաշինության ավանդույթները: Հիշելով անցած դժվարությունները` այսօր հպարտանում ենք մեր ձեռքբերումներով: Անշուշտ, քիչ չեն և բացթողումները. դեռևս անօթևան ընտանիքներ, սոցիալիապես անապահով մարդիկ են ապրում մեր կողքին: Բայց ունենք պետություն, ունենք կայացած Հայոց բանակ և տառապանք տեսած ժողովուրդ: Ասել է թե` եղած թերություններին սրտացավ տանտիրոջ հայացքով պիտի նայենք. դրանց վերացմանը նպաստելու պատրաստակամությամբ: Եթե յուրաքանչյուր ոք մի մոմ վառի` հավատալով, հուսալով, որ լուսավոր է լինելու մեր ապագան, եթե մեր պարտականությունները բարեխղճորեն կատարենք, չթերանանք ոչ մի հարցում, ապա կստեղծենք է°լ ավելի հզոր երկիր, է°լ ավելի մարտունակ բանակ: Ամեն տարի զորամասերը մեծ շուքով են նշում Հայոց բանակի ծննդյան օրը: Շնորհավորում եմ մեր բանակի 17-ամյա տարեդարձը, հայ զինվորներին, սպայական կազմին, ողջ հայ ժողովրդին: Վառ պահենք մեր հերոսների հիշատակը: Նրանց արյան գինը հայոց բանակի գոյությունն ու հզորացումն է:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ