Բանակը պետք է դառնա հասարակության օրինակելի մասը


Մեր ժամանակներում և հատկապես մեր անհանգիստ տարածաշրջանում անհնար է որևէ պետության գոյությունն` առանց մարտունակ զինված ուժերի: ՀՀ ԶՈՒ կազմավորման օրվա նախօրյակին ՀՀ Ազգային ժողովի` Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ մեր զրույցն հենց այդ թեմայով էր£ - Վերջերս Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում կրկին հրադադարի ռեժիմի խախտում արձանագրվեց: Կարելի՞ է եզրակացնել, որ, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ադրբեջանցիների ոտնձգությունները շարունակվելու են£ - Փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանն այդ կարգի գործողությունների` սադրանքների է դիմում, երբ սպասվում են Մինսկի խմբի շրջանակներում որոշակի կամ նախագահների մակարդակով հանդիպումներ: Դա վկայում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ հարցի խաղաղ կարգավորմանը և մերթընդմերթ փորձում է ցույց տալ աշխարհին, թե ինքը, իբր, նաև պատրաստվում է զինված ճանապարհով խնդիրը լուծել: Սա, իհարկե, շանտաժի քաղաքականություն է, սակայն կարծում եմ` բոլորս համոզված ենք, որ եթե Ադրբեջանն անգամ մեկ օր վստահ լինի, թե իր բանակն ավելի զորեղ է, անկասկած` կվերսկսի պատերազմական գործողությունները: Կրկնեմ` Ադրբեջանը զուտ շանտաժի քաղաքականություն է բանեցնում: - Ադրբեջանցիների սադրանքների շնորհիվ մենք բազմիցս ենք համոզվել, որ հայ զինվորը հարկ եղած դեպքում կյանքն էլ չի խնայի հայրենիքի համար. մեր բանակն, իրոք, մարտունակ է: Բայց արդյո՞ք բավարար է առկա վիճակը, որպեսզի հայրենիքի համար նույնիսկ կյանքը չխնայող այդ զինվորն իրեն ու իր արժանապատվությունը պաշտպանված զգա` ներքին հնարավոր ոտնձգութ յուններից: - Ադրբեջանը Ղարաբաղյան պատերազմում արդեն համոզվել է, որ հնարավոր չէ զինուժի միջոցով իր ուզած արդյունքին հասնել, որովհետև մարդիկ պաշտպանում են իրենց հողը, իրենց հայրենիքը: Այն ժամանակ մենք կանոնավոր կայացած բանակ, որպես այդպիսին, չունեինք: -Այն ժամանակ մարտնչում էր հայոց աշխարհազորը: - Այո, առաջին երկու տարում, իհարկե, աշխարհազորի կամ ֆիդայական մակարդակով էինք կազմակերպում ինքնապաշտպանությունը: Եվ այդ զինյալ ուժերի հիման վրա էլ ստեղծվեց Հայկական բանակը: Ի վերջո, Հայկական բանակն իր ստեղծման փուլում կռեց այն հաղթանակը, որ մենք ունեցանք: Ի դեպ, ասեմ` Ադրբեջանն այն ժամանակ զենք, զինամթերքի տեսակետից բավական գերակշռող դիրք ուներ: Հիմա վիճակն այլ է` չնայած Ադրբեջանի նավթադոլարները ծառայում են բանակի վերազինմանը, Թուրքիան ակնհայտորեն ռազմական օգնություն է ցույց տալիս. ցավոք սրտի, նաև` ՆԱՏՕ-ի անդամ և մի շարք այլ երկրներ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ զինուժի տեսակետից մեր ու Ադրբեջանի միջև հավասարակշռությունն առկա է: Ավելին, եթե համեմատելու լինենք, ադրբեջանականը մի քանի գլուխ ցածր է հայկական բանակից: Սակայն Հայոց բանակում առկա են նաև խնդիրներ. մենք դեռևս չենք թոթափել խորհրդային բանակից ժառանգած շատ ու շատ բացասական երևույթներ, երբեմն քրեածին տարրեր են թափանցում բանակ ու քրեական միջավայր ստեղծում: Բազմաթիվ օրենսդրական բացեր կան, որոնք փորձում ենք շտկել: Օրինակ` բանակը մինչ այսօր առաջնորդվում է Կառավարության 1996 թվականի որոշումով: Խոսքը վերաբերում է Զինված ուժերի կարգապահական կանոնագրքին: Մենք բանակում կանոնագիրք չունենք, նոր ենք պատրաստում. արդեն խորհրդարանի մեծ օրակարգում կա: Հարցի մասին Ազգային ժողովում լսումներ են եղել, օրենքի նախագիծը ներկայացրել ենք միջազգային փորձաքննության, պատասխանն առաջարկությունների տեսքով արդեն եկել է, ու շուտով կունենանք Զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը` օրենքի տեսքով: Եվ թե´ սպաները, թե´ շարքային զինծառայողները պետք է հստակ իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները: Ասեմ ավելին, սահմանված է սպաների իրավասությունների սահմանը, և նույնիսկ հոդված կա հրամանատարների հրամանների սահմանափակումների մասին: Շատ հստակ տրված է նաև, թե զինվորն ինչպես պետք է պաշտպանի իր իրավունքները: Այս պահին օրակարգում են նաև երկու կարևորագույն նախագծեր. Զինված ուժերի ներքին կանոնագիրքը, որը հստակեցնում է սպաների և զինծառայողների հարաբերությունները, ինչպես նաև պահակային և կայազորային կարգապահական կանոնագրքը: -Լավ է, որ այդպիսի օրենք կունենանք: Բայց արդյո՞ք միայն օրենքի ուժով հնարավոր է ամեն ինչ կարգավորել. ոչ կանոնադրային հարաբերությունների և դրանց առկայության ուղղակի ողբերգական հետևանքները խստորեն հուզում են հասարակությանը: -Ես հեռու եմ այն մտքից, որ միայն օրենքները բավարար են, որպեսզի բանակում ամեն ինչ իդեալական լինի: Բայց օրենքների առկայությունը պարտադիր է: Երկրորդ պայմանը բանակի կրթական, դաստիարակչական անընդհատ շարունակվող գործընթացն է: Սա թերևս կարևորագույն խնդիրներից մեկն է, և կարծում եմ` այս ուղղությամբ Պաշտպանության նախարարը բավական մեծ աշխատանք է տանում: Մեկ օրում չեն կարող լուծվել առկա բոլոր բացասական երևույթներն արմատախիլ անելու խնդիրները£ Նաև հրամանատարներ կան, ովքեր իրենց վեր են դասում մյուսներից: Այսօր դաստիարակչական գործընթացն առաջ է գնում, ավելին ասեմ` դրական նոր գործոններ կան: Օրինակ, բուհական կառույցների ներգրավումը բանակի կրթական-դաստիարակ չական գործում, միջազգային կառույցների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հունաստանի հետ կնքված մի շարք վերապատրաստման դասընթացների ծրագրեր կան, որոնք, կարծում եմ` ի վերջո տալու են իրենց դրական արդյունքները մոտ ապագայում: Ովքեր արցախյան պատերազմում մեծ ներդրում ունեն և այսօր բանակում դիրքեր են զբաղեցնում, նրանք կրկնակի պատասխանատվություն են կրում. իրենց օրինակով պետք է ոգևորեն մյուս սպաներին: Այս հարցում ես համամիտ եմ Պաշտպանության նախարարի հետ: Իհարկե, շատ խիստ պետք է վերաբերվել բանակում տեղի ունեցող ցանկացած տհաճ միջադեպի, բայց երբեք չի կարելի դրանք օգտագործել Հայոց բանակը վարկաբեկելու համար: Պետք է բոլորս հասկանանք, որ այն հասարակության ծնունդն է, մեր երեխան է: Բանակը պետք է դառնա հասարակության օրինակելի մասը: Այսօր, իհարկե, ցանկանում եմ առաջին հերթին շնորհավորել նրանց, ում որդիները, եղբայրները և քույրերն իրենց ներդրումն ունեն և ունեցել են մեր բանակի կայացման գործում` նույնիսկ իրենց կյանքի գնով: Շնորհավորում եմ բանակի բոլոր անդամներին` սկսած գեներալներից մինչև շարքային զինվորներ£ Ցանկանում եմ մաղթել տոկունություն, կամք ու կորով:

Ա. ԴՈԽՈԼՅԱՆ