Հատված` Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ շնորհավորական ուղերձից


.... Այսօր մեր ժողովրդի բոլոր հատվածները հպարտությամբ են արտասանում «Մեր անունն է հայկական բանակ» նախադասությունը: Այդ բանակն անցավ ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղի, որ, մեծ հաշվով, մեր երկրի ու ազգի նորագույն պատմության ուղին է: Բոլորը գիտեն, որ մեր ներկա ազատությունն ու մեծ հաշվով խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել: Մենք դրանք նվաճել ենք արյան գնով, մենք դրանք նվաճել ենք դաժանագույն պատերազմում` ազգովի: Ոչ ոքի տրված չէ մեր փոխարեն որոշել մեր արյան գինը: Փորձություններից մենք դուրս ենք եկել պարզ ճակատով, և այդ ճակատը Հայոց բանակն է` բառի և´ ուղղակի, և´ փոխաբերական իմաստով: Ինչպես մեր շատ եկեղեցիների հիմքում սրբերի մասունքներն են, այդպես էլ հայոց բանակի հիմքում մեր նահատակ ընկերների աճյուններն են. խնկելի անուններ, որոնցով այսօրվա տոնը կրկնակի է սրբանում: ...Սիրելի´ զինվորներ և ենթասպաներ, սպաներ և գեներալներ. այսօր անհնար է պատկերացնել մեր տարածաշրջանն առանց ձեզ` առանց հայկական բանակի, որ գրավականն է մեր խաղաղության, անվտանգության ու հավերժության: Կեցցե´ Հայաստանի փառապանծ բանակը: Փա´ռք հայ ժողովրդին: