Խաղաղության Դրոշի և Կուլտուրայի օրը


Այս սպիտակ դրոշը` երեք շրջանաձև կարմիր նշանով` ներփակված շրջանագծով, խորհրդանշում է անցյալի, ներկայի և ապագայի մարդկության ձեռքբերումները հավերժության շրջանում: Առաջարկված է ռուս մեծ մտածող, փիլիսոփա, նկարիչ, ակադեմիկոս Ն. Կ. Ռերիխի կողմից` որպես մշակութային արժեքների պահպանման Միջազգային Դաշնագրի (Պակտ) Դրոշ և Խորհրդանիշ: «Խաղաղություն Կուլտուրայի միջոցով- - սա ողջ աշխարհի խաղաղության շարժման Ռերիխի կարգախոսն է: Մեծ մտածողն առաջարկում էր բոլոր ժողովուրդների մոտ տարածել մեկ ընդհանուր միտք Կուլտուրայի համաշխարհային օրվա մասին, երբ միաժամանակ բոլոր դպրոցներում, լուսավորական հաստատություններում և մեր երկրագնդի հասարակության մեջ կվերհանվեին տարբեր ժողովուրդների և համայն մարդկության կուլտուրայի գանձերը: Թեկուզ գոնե մեկ` Կուլտուրայի միասնական օրում միլիոնավոր սրտեր կշփվեն և կմիավորվեն մարդկության ամենալուսավոր ձեռքբերումների մասին միասնական մտքին, այն Գեղեցկության Տաճարին, որը մարդկության նվիրյալները կառուցել Են իրենց անշահախնդիր երազանքներով հազարամյակների ընթացքում: Այս գաղափարը ընկավ Միջազգային Դաշնագրի հիմքում (հայտնի որպես Ռերիխի Պակտ): Այն առաջին անգամ քննարկվել է Բրյուգգեում 1931, 32 թթ., Վաշինգտոնում 1933 թ.-ին և հաստատվել 1935 թ.-ին ամերիկյան տասնյակ պետությունների, նաև ԱՄՆ-ի կողմից: Ռերիխը կոչ էր անում գնալ արմատապես ուրիշ ճանապարհով, քան թե դա անում էին զինաթափմանը նվիրված շատ կոնֆերանսներում, որպեսզի իրականացվի խաղաղությունը և ոչնչացվի պատերազմի ամեն մի հնարավորություն: Կուլտուրան դա Լույսի պաշտամունք է (Կուլտ-պաշտամունք, Ուր-լույս): Նա գտնում էր, որ պետք է ընդլայնել մարդկային Գիտակցությունը Բարօրության և ճշմարտության հաստատմամբ: Ընդլայնել Գիտակցությունը Կուլտուրայով, հաղթանակել Գեղեցկությամբ և Գիտելիքով: Այնտեղ, որտեղ Կուլտուրան է, այնտեղ Խաղաղություն է: Այնտեղ և Հերոսություն է և սոցիալական ամենադժվարագույն հիմնախնդիրների ճիշտ լուծումն է: Գիտակցության մեջ պետք է նորից ու նորից արմատավորել իսկական Կուլտուրայի հասկացությունը: Մեր դարաշրջանը խառնել է, հաճախ աղճատել Կուլտուրայի իսկական իմաստը: Եվրոպական տրամաբանությունը հաճախ է շփոթում կուլտուրան քաղաքակրթության հետ, հավերժը` ժամանակավորի, անցողիկի հետ: Պետք է այդ հասկացությունները լիովին սահմանազատել: Կուլտուրան ավելի լայն, ընդգրկուն սկզբնական հասկացություն է: Կուլտուրան պետք է հիմնավորի և ոգեշնչի քաղաքակրթությանը, որպես իր բաղկացուցիչ մասի: Այն ժամանակ, երբ Կուլտուրան խորապես թափանցում է հոգևոր հասկացության ոլորտը, քաղաքակրթությունը ընդգրկում է կյանքն իր մատերիալիստական ձևերում: Մարդկության աղետալի վիճակը գալիս է նրանից, որ նա հեռացավ Կուլտուրայից: Այս ամենի մասին կարծես թե շատ է գրվել, բայց տգիտության և վանդալիզմի հրեշը դեռ լրիվ չի ոչնչացվել: ժողովուրդները և կառավարությունները անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկեն համամարդկային արժեքները փրկելու համար: Իսկ համամարդկային են համարվում ոչ միայն նյութական հուշարձանները, այլև հոգևոր արժեքները` Իմաստությունը, Բարոյագիտությունն ու Ճշմարտությունը: Ինչպես Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի դրոշը դարձել է մարդկանց կյանքի, առողջության պահպանման խորհրդանիշ, այնպես էլ պետք է լինի Դրոշ, որը կհիշեցնի ամենակարևորի` Խաղաղության մասին, Կուլտուրայի մասին: Յուրաքանչյուր մարդու երազանքն է ապրել Կուլտուրայի երկրում: Մենք էլ աշխատում ենք այդ երազանքը իրականություն դարձնել: Եվ համոզված ենք` Հայաստանը կդառնա Բարձր Կուլտուրայի երկիր: Ահա Ռերիխի հրեղեն կոչը. «Թող յուրաքանչյուրը դառնա այդ ապագա երկրի բնակիչ իր ամբողջ սրտով և կյանքով, թող յուրաքանչյուրը դառնա ճշմարիտ Կուլտուրայի մարդ, մշակութային գործիչ և համագործակից: Թող Խաղաղության Դրոշը ծածանվի Կուլտուրայի յուրաքանչյուր օջախի վրա»: Աստղիկ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ «Մշակույթի Հայկական Լիգա» ՀԿ