ԵՀՀ-Ը ՀՈՐԴՈՐՈՒՄ Է 


 

Եվրոպայի Հայերի Համագումարի ղեկավարը «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին և վարչությանն է դիմել հետևյալ նամակով.

«Սիրիահայության կյանքին ու գոյությանը սպառնացող վտանգի պայմաններում և նրանց համահայկական ճիգերով օգնելու և սատարելու անհետաձգելի պահանջը նկատի ունենալով, Եվրոպայի Հայերի Համագումարի անդամների ու վարչության անունից առաջարկում ենք «Հայաստան Համահայկական» Հիմնադրամի այս տարվա դրամահավաքի հայտարարված 10%-ի փոխարեն, հանգանակված գումարի զգալի մասը հատկացվի սիրիահայության, ի մտի ունենալով թեկուզ միայն այն ճշմարտությունը, որ դրամահավաքին մասնակցած նվիրատուների ճնշող մեծամասնությունը իրենց հոգու խորքում նկատի են ունեցել սիրիահայության գոյությանն սպառնացող աղետալի արհավիրքը: Սիրիահայությունը այսօր կարիք ունի բոլոր հայության և մանավանդ իր նորանկախ հայրենիքի ամբողջական և անվերապահ նեցուկին»:

Հազիվ թե որևէ մեկը չկամենա իր զորակցությունը հայտնել սիրիահայությանը, հատկապես նրանց, ովքեր հայտնվել են պաշարված քաղաքում և ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն հայկական ունեցվածքները, դպրոցներն ու հոգևոր-մշակութային կառույցները:

Հազիվ թե որևէ մեկն անտարբեր գտնվի հատկապես հալեպահայության հանդեպ, որի շատ բեկորներ այսօր հայտնվել են Հայաստանում, Լիբանանում, Միացյալ Նահանգնե րում: Սակայն այս ուղերձը մտորելու ա´յլ առիթ է տալիս:

Համահայկական հիմնադրամի նպատակն է եղել միշտ` առաջին հերթին նպաստել Արցախի բարգավաճմանը, որոշակի ներդրումներ կատարել բուն Հայաստանում: Դրամահավաքից առաջ հիմնադրամի տնօրինությունը հայտարարեց, որ ստացված գումարի 10 տոկոսը հասցվելու է սիրիահայությանը: Իսկ դա երկու միլիոն դոլարից ավելի է: Հիմա, երբ հավաքվել է գումարը, հնչում է նոր առաջարկություն` չմատնանշելով հստակ չափը: Եվ իբրև արդարացում` հիշատակվում է, որ «մասնակցած նվիրատուների ճնշող մեծամասնութ յունը իրենց հոգու խորքում նկատի են ունեցել սիրիահայության գոյությանն սպառնացող աղետալի արհավիրքը»:

Իրենց հոգու խորքում... Չի՞ ստացվում այնպես, որ ոմանք մեր ժողովրդի մի հատվածի համար ճակատագրական այս պահին փորձում են նոր խառնակություններ հրահրել, իրար դեմ հանել Հայաստանն ու Սփյուռքը, նորից ամեն ինչ հանգեցնել նյութականին` հերթական անգամ սեպ խրելով մեր հարաբերությունների մեջ: Հայաստանն այս օրերին ամեն ինչ անում է սիրիահայության համար, ստեղծում է բոլոր պայմանները, լուծում շատերի աշխատանքային հարցերը, օգնության բեռներ ուղարկում Հալեպ, Երևանում կազմակերպում սիրիահայ երեխաների ուսուցումը: Նորանկախ հայրենիքն ամբողջական ու անվերապահ նեցուկ է: Հետևաբար, կարիք չկա եվրոպական հեռուներից «խորհուրդներ» հղել: Իհարկե, ոմանց հաշվարկները պարզ են. եթե հանկարծ հայրենիքում ուշացնեն պատասխանը կամ էլ նշեն, որ արդեն կան ծրագրեր դրամահավաքի միջոցով ստացված գումարների ծախսման մասին, ոմանք կսկսեն իրենց «դասերը» տալ, խոսել հայրենիքի «անգթության» կամ «անտարբերության» մասին: Հայաստանում, կարծում ենք, բոլորն էլ լավ են վերաբերվում սփյուռքյան կազմակերպություններին, Եվրոպայի Հայերի համագումարին: Ուստի պետք չէ դասեր տալ: Գուցե ԵՀՀ-ն, օգտագործելով այն ահռելի ներուժը, որն առկա է Եվրոպայում, կազմակերպի հայ երգիչների, պարողների, երաժիշտների համերգներ և ստացված հասույթը փոխանցի սիրիահայությանը: Կարծում ենք, որ խաղաղության կողմնակից եվրոպացիները կաջակցեն, չեն զլանա գումարներ տրամադրել: Նաև շատ լավ կլինի, եթե ԵՀՀ-ն Եվրոպա հրավիրի Հալեպի ՀԲԸՄ կամերային նվագախումբն ու համերգներ կազմակերպի: Դա հրաշալի ներդրում կլինի սիրիահայության աջակցության գործին: Թե չէ` եվրոպաներում նստել և հայրենիքին ցուցումներ տալը, մեղմ ասած, հայեցի չէ: