ԻՍԿ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՉԿԱ 


 

Ավանդական դարձած հեռուստամարաթոններն ու ֆոնետոնները շատերը մեկնաբանում են որպես հայությանը միավորող, ազգային միասնությունն ամրապնդող նախաձեռնություններ: Այսպես էր, իհարկե, այն ժամանակ, երբ Արցախն ու Հայաստանը ներքաշված էին պատերազմական գործողությունների մեջ, ու երկու երիտասարդ պետությունները մեծ աջակցության և օգնության կարիքն ունեին:

Հետո, երբ արդեն հաստատվեց պայմանական խաղաղությունը, սկսեցինք առաջ մղել պետականաշինության գործընթացները: Թվում էր, թե Հայաստանն ինքը պիտի տարիների ընթացքում այնքան հզորանար, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքչության միջոցով ձևավորվող միջոցներն ուղղորդեր Սփյուռքի պահպանմա նը, ազգային տարբեր ծրագրերի իրականացմանը: Սակայն առայժմ սա մնում է սոսկ երազանք, որովհետև մենք դեռ չենք կարողանում շտկել մեր մեջքը: Դեռ չենք կարողանում արդյունավետորեն օգտագործել մեր հնարավորությունները, չենք փորձում երկրի տնտեսության զարգացումը դարձնել ծրագրավորված ու հիմնավոր: Ուրեմն, շարունակելու ենք դրամահավաքների միջոցով լուծել մի շարք առաջադիր խնդիրներ, Արցախի բյուջեի հնարավորություններին միավորել տարեկան հանգանակվող 14-15 մլն դոլարը:

Դրանից որոշակի մաս բաժին է հասնում գովազդներին, պատվիրակությունների ծախսերին, արվածի լուսաբանմանն ու բարեբանմանը…

Արդեն քանի˜ տարի կազմակերպվող հանգանակությունները, բնականաբար, առաջին հերթին ուղղորդվում են Արցախի տարբեր ոլորտների վերականգնմանն ու բարգավաճ մանը, ԼՂՀ-Հայաստան ճանապարհաշինական ծրագրերի իրագործմանը, ջրատարների կառուցմանը և այլն: Համահայկական դրամահավաքներից զատ` նաև առանձին ներդրում ներ են անում տարբեր գործարարներ` ծերերի տների վերանորոգման, դպրոցների վերակառուցման համար: Սակայն այս բոլոր տարիների ընթացքում երբևէ հիմնադրամի ու Արցախի կառավարության ծրագրերում չի ընդգրկվել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը` նորանկախ պետության գլխավոր մշակութային օջախը, որն արդեն հիմա բառացիորեն հայտնվել է անորոշության մեջ:

1932-ին հիմնադրված պետական թատրոնի շենքի անմխիթար վիճակի մասին մենք մի քանի անգամ գրել ենք, բարձրաձայնել ենք, որ այս շենքը Արցախի խայտառակությունն է, որ այստեղ անհնար է կազմակերպել ստեղծագործական աշխատանք և ներկայացումների ցուցադրություններ: ԼՂՀ իշխանությունները վերջապես թատրոնի անձնակազմին վերջերս դուրս են բերել այդ շենքից և տեղավորել թատրոնի համար ոչ պատշաճ, սակայն իրավիճակային համարվող մի տարածքում` խոստանալով սկսել շենքի հիմնանորոգման աշխատանքները: Ըստ նախնական հաշվարկների, մոտ 4 մլն դոլարին համարժեք դրամ է հարկավոր ամբողջական հիմնանորոգման համար: Մոտ երկու տասնամյակ կարծես այդ գումարը չգտնվեց, մոտ երկու տասնամյակ թատրոնի շենքի հիմնանորոգման խնդիրը չհետաքրքրեց որևէ մեկին: Հիմա կարծես իրական քայլեր են արվում, սակայն պարզվեց, որ դեռևս հստակ չեն ֆինանսավորման աղբյուրները: Կառավարության կողմից տրամադրվելիք չնչին միջոցները չեն կարող երաշխիքներ տալ, որ գոնե 3-4 տարում հիմնանորոգում կիրականացվի: Թվում էր, որ գոնե այս տարվա հանգանակության ծրագրերում ընդգրկված կլիներ նաև թատրոնը, սակայն մեծ եղավ մեր հիասթափությունը, երբ տեղեկացանք, որ ԼՂՀ իշխանությունները ցանկանում են շենքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնել պետբյուջեի շրջանակներում` փուլային հատկացումների միջոցով: Այսինքն, տարեկան մոտ 40-50 մլն դրամ: Սա նշանակում է, որ մոտ 15 տարի է հարկավոր վերջնական արդյունքի հասնելու համար: Իսկ արդյո՞ք այս տարիների ընթացքում չի կազմաքանդվի թատրոնը, արդյո՞ք 21-րդ դարում մարդիկ կուզենան աշխատել ծանրագույն պայմաններում` հանդիսատեսին մատուցելով ժամանակակից տեխնիկական միջոցներից զուրկ բեմադրություններ:

Թատրոնը Ղարաբաղի պատմության անկապտելի մասն է, հենց Ղարաբաղն է ողջ Այսրկովկասի գավառային շրջանակներում դարձել եվրոպական տիպի թատրոնի հանգրվանը: Ազգային մշակույթի պատմության մեջ անօրինակ է այն սխրանքը, որը գործել է Մկրտիչ Խանդամիրյանը` Շուշիում ձևավորելով արհեստավարժ թատերական արվեստի ավանդույթը: Իսկ խորհրդային իշխանության տարիներին ղարաբաղցու ինքնության, լեզվի պահպանման գործում թատրոնը միշտ էլ կատարել է առաջնային դեր` իր գոյությամբ նաև կանխել ուծացումը: Այսօր թատրոնը մի նոր արժեք է Արցախի համար. այն քաղաքակրթության ու մշակութային պատմության անձնագիրն է, ոգեղենի ինքնահատուկ տարածությունն է: Ուրեմն, պետք է, որ առաջարկվող ծրագրերի մեջ առաջնային դիրք գրավի թատրոնի հիմնանորոգումը, ինչպես «Հայաստան» հիմնադրամի, այնպես էլ ԼՂՀ իշխանությունների գլխավոր մտահոգություններից մեկը դառնա: Ոչինչ չի խանգարի, եթե արդեն իսկ այսօր հայտարարվի, որ հանգանակվող գումարներից մեկ միլիոն դոլար ծախսվելու է Փափազյանի անվան թատրոնի հիմնանորոգման համար` միաժամանակ կոչ անելով հատկապես ռուսաստանաբնակ մեր հայրենակից գործարարներին` նպատակային ներդրումներ կատարել թատրոնի շինարարությանը:

Այսօր Ստեփանակերտ ժամանող ամեն ոք զարմանում և հիանում է ժամանակակից հյուրանոցներով, առևտրի կենտրոններով, ռեստորաններով, արդեն իրականություն դարձող էլիտար բնակելիներով, քաղաքի տարբեր հատվածներում «փայլող» առանձնատներով: Սակայն այս ամենի խորապատկերին թատրոնի շենքը խեղճության և ոգեղեն աղքատության «հուշարձանն» է դառնում: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ