ՇԱՔԱՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ` ԱՌԱՆՑ ՇԱՔԱՐԻ 


 

Ախուրյանի ենթաշրջանում շաքարի գործարանի կառուցումը ժամանակին համարվեց Հայաստանի կարևոր արդյունաբերական ձեռքբերումներից մեկը: Մինչև գործարանի շահագործումը չէր դադարում աղմուկը նրա շուրջ:

Ոմանք արդեն պատկերացնում էին, թե այս գործարանը Շիրակի մարզում մի քանի հազար աշխատատեղ է ապահովելու, թե նպաստելու է գյուղացիների ֆինանսական վիճակի բարելավմանը և այլն: 2010 թվականին նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց գործարան, ծանոթացավ ստեղծված արտադրական միջավայրին: Իսկ նախագահի ներկայութ յամբ էլ ձեռնարկության տերն ու տնօրենը հայտարարեցին, թե այնտեղ աշխատում է 1700 մարդ:

Խոստովանենք, որ այս թիվը շատ տպավորիչ էր, սակայն, ինչպես տեղեկացանք օրերս, գործարանում աշխատողների թիվը մոտ 100 է, ինչը նշանակում է, որ այստեղ, այնուամենայնիվ, ինչ-որ «անհասկանալի» գործընթացներ են տեղի ունենում: Իսկ այդ «անհասկանալին» մեզ համար պարզ դարձավ, երբ ինքներս սկսեցինք հետաքրքրվել իրավիճակով: Արդեն երկու տարի գործարանը տեղացի արտադրողներից շաքարի ճակնդեղ չի գնում, որովհետև գործարանի առաջարկած գինը մեկ կիլոգրամի համար` պարզապես նվաստացուցիչ է: Մենք ժամանակին գրել ենք, որ անգամ գյուղնախարարն է հորդորել` բարձրացնելու գնման գինը: Դժբախտաբար` ապարդյուն: Իսկ գյուղացիներն էլ արդարացիորեն դեմ են եղել, որովհետև նման գնով վաճառելու դեպքում իրենք, ըստ էության, չէին կարող խոսել օգուտների, բանկերից վերցված վարկերը մարելու մասին: Հիմա ստացվում է, որ այս գործարանը ոչ թե շաքար է արտադրում, այլ ներկրում է արդեն պատրաստի շաքարավազը, պարկավորում և հանում շուկա: Իսկ գյուղացին թող շարունակի «անձրևի ու քամու հետ կռիվ տալ»: