Օբամայի հետ հարևանությունը` $ 900.000 


 

Բնական չէ՞. նույնիսկ ամենաժողովրդավար նախագահին մոտ ապրելու գինը չի´ կարող ամենքին մատչելի լինել: Ընդ որում` 899 հազար դոլարով վաճառվում է միայն հողակտորը, որի վրա տուն կառուցելը, թերևս ավելի թանկ կարժենա:

Չիկագոյի Քենվուդի շրջանում վաճառվող տարածքը, որը սահմանակից է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի առանձնատանը, 2008 թ. դրա ներկա տերերը գնել են 675 հազարով: Նրանք որոշել էին այնտեղ մեծ տուն կառուցել, բայց փոշմանել են ու հիմա պատրաստ են հողակտորը գնողին հանձնել նաև իրենց պատվիրած ճարտարապետական նախագիծը:

Հողակտորի վաճառքով զբաղվող մասնագետներն ասել են, որ հողատերը սկզբում Գաղտնի ծառայության միջոցով փորձել է առքուվաճառք առաջարկել հենց Օբամային: Վերջինիս, սակայն, դա չի հետաքրքրել: Քենվուդի իր տունն Օբաման գնել է 2005 թ.` 1,65 միլիոն դոլարով: Դրա հարևանությամբ տուն էր գնել նաև ձեռնարկատեր Թոնի Ռեզկոն, ով Օբամայի առաջին նախընտրական քարոզարշավի հովանավորներից մեկն էր: Իր տարածքի կեսը նա հենց Օբամային էր վաճառել, իսկ մյուս կեսն արդեն 2-րդ անգամ է վաճառվում:

Նույն տարածքում գտնվող մեկ այլ տան սեփականատեր էլ 2010 թ. իր կացարանը վաճառել էր 1,4 միլիոնով` թեև ժամանակին գնել էր 35 հազար դոլարով:

Ի դեպ, վաճառվող հողակտորը գնել ցանկացող յուրաքանչյուր ոք, մինչև այն տեսնելը պետք է փաստաթուղթ ներկայացնի իր ֆինանսական կարողության մասին և նախագահի անվտանգության ծառայության կողմից ստուգում անցնի: