Նույնիսկ հնչեղ է` ԲԴԿ 


 

ԲԴԿ, ասել է թե` «Բոլորին դեմ» կուսակցություն: Յուրաքանչյուրը յուրովի կարող է ընկալել օրերս Ռուսաստանում գրանցված քաղաքական այս նոր ուժի անվանումը: Բայց բոլորը հաստա´տ կհիշեն քվեաթերթիկներում առկա այսանուն սյունը: Հենց դրա վերականգնման համար էլ պայքարելու են ԲԴԿ-ականները: Այսինքն, բոլոր քաղուժերին մերժողները ձայն կտան նրանց օգտին: Արդյո՞ք կկարողանան այնքան կատարյալ լինել, որ ամենքից հոգնած, հիասթափված ընտրողն իրենց ապավինի:

Կուսակցության նախագահ Պավել Միխալչենկովը լիազորված է` հանդես գալ կազմակերպության անունից: Դժվար է կռահել, թե ինչու է նրա այս իրավունքն ընդգծվում. չէ՞ որ վերջին հաշվով բոլոր առաջնորդներն ունեն այդ իրավունքը` եթե նույնիսկ խոսքը կոլեգիալ որոշման մասին է:

- «Բոլորի դեմ»` դա ամենքին ու ամեն ինչ ժխտելը չէ: Եվ դա հայտ չէ ընդդեմ ժողովրդի: Դա ակտիվ բողոք է` ընդդեմ մեր երկրի մարմնի հնամենի ու արդի «խոցերի»,- կազմակերպության ծրագրից հատված է մեջբերել «Ինտերֆաքսը»:

ԲԴԿ-ն հանդես է գալիս ընդդեմ ոչ կառուցողական բողոքների, ընտրական գործընթացների ոչ թափանցիկության և հանուն հասարակական-քաղաքական գործընթացներին քաղաքացիների գիտակցված մասնակցության:

Չէ, ամենուր մարդիկ հոգնել են քաղաքական ամուլ ճառասացությունից: Հիմա կարծես նոր ոճ է ի հայտ գալիս: Եթե իհարկե` դա հնի նոր հանդերձը չէ սոսկ: