«Այս զորակոչի` արդար և թափանցիկ անցկացման բոլոր նախադրյալները ստեղծված են»


 

Աշնանային զորակոչի ընթացքի և բանակում առկա մի շարք հարցերի շուրջ է մեր զրույցը ռազմական  փորձագետ Արկադի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

- Ինչո՞վ է այս զորակոչը տարբերվում մյուսներից: Ի՞նչ նորամուծություններ կան:

- Իրականում այս զորակոչի` արդար և թափանցիկ անցկացման բոլոր նախադրյալները ստեղծված են: Պաշտպանական գերատեսչությունը կարգավորել է բուժծառայության հետ կապված խնդրահարույց հարցերը, ինչպես նաև խստացրել է բուժզննությունը: Նոր թափ են ստացել իրավապահ մարմինների աշխատանքները, մասնավորապես` առավել արդյունավետ է դարձել Ռազմական ոստիկանության գործունեությունը` ինչպես զորակոչային փուլում, այնպես էլ հետզորակոչային հատվածում` զորամասերի հետ աշխատանքների ժամանակ: Նրանք ժողովրդի հետ աշխատում են մինչև հավաքակայան գալը:

- Նշեցիք հետզորակոչյան պրոցեսների մասին, վերջերս թերթերից մեկն անդրադարձել էր այդ հարցին` ընդգծելով, թե «մի քանի ամիս է` հայոց բանակում զինվորների տեղափոխման հարցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մենաշնորհը»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը:

- Բոլորովին վերջերս պաշտպանական գերատեսչությունը որոշում ընդունեց, ըստ որի` զինվորների զորամասից զորամաս տեղափոխության հարցը ԳՇ պետի լիազորության շրջանակներում է: Կրկնեմ` ԳՇ պետի, ոչ թե պաշտպանության նախարարի կամ էլ կորպուսի հրամանատարների, ինչպես նախկինում էր: Սա կարևոր քայլ էր հետզորակոչային փուլում կոռուպցիայից խուսափելու համար: Սա ընդունված պրակտիկա է ոչ միայն մեր երկրում, այլև զարգացած պետությունների զինված ուժերում: Ես կարդացել եմ ձեր նշած նյութը ու կարծում եմ, որ հարցը որոշ անձնական շահերի հետ է կապված, հակառակ դեպքում այս ձեռքբերումն այդ կերպ շահարկելը չափազանց տարօրինակ է թվում: Ներկայումս ՀՀ ԶՈՒ-ում զինվորների տեղափոխման հարցով միայն գլխավոր շտաբի պետն է պատասխանատու, իսկ պաշտպանության բանակում` ՊԲ հրամանատարը:

- Այսինքն` պաշտպանության նախարարն այդ գործառույթները չի՞ իրականացնում:

- Այո: Եվ ցավալի է, որ մեր պետության ամենախոշոր գերատեսչության ղեկավարին են այս ամենը վերագրում` առանց հարցի մեջ խորամուխ լինելու: Ծիծաղելի է անգամ մտածել, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պետք է իր մյուս` կարևորագույն գործերը թողած, զբաղվի, ասենք, մի զինվորի զորամասից-զորամաս տեղափոխման հարցով: Սա գալիս է նրանից, որ շատ հաճախ բանակի մասին խոսում են այնպիսի մարդիկ և լրատվամիջոցներ, ովքեր անգամ չնչին պատկերացում չունեն այդ համակարգի վերաբերյալ: Պարզապես ելնելով ինչ-ինչ շահերից` փորձում են ամեն կերպ թիրախավորել Զինված ուժերը և նրա ղեկավար կազմը: Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ այժմ իրականացվում են չափազանց կարևոր գործընթացներ, պատահական չէ, որ ՀԱՊԿ-ՀՀ համագործակցությունը մեծ առաջընթաց է ապրում: Բարձր է նաև համագործակցությունը ՆԱՏՕ-ի, մասնավորապես ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության հետ: Բացի այդ, զորքերի ներսում շոշափելի փոփոխություններ են իրականացվում, ինչպես անձնակազմի պատրաստության և կանոնադրական հարաբերությունների բարելավման, այնպես էլ զինտեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ: Եվ այս ամենի ֆոնին պարզապես զավեշտալի է կարդալ նյութեր, որոնցում անգրագիտորեն նշվում է, թե պաշտպանական գերատեսչության ղեկավարը զբաղվում է զինվորների տեղափոխմամբ: 

Գագիկ ՂԱԶԱՐՅԱՆ