ՄՈՆԹԵՆ` ՈԳԻ ԵՎ ԷՈՒԹՅՈՒՆ 


 

Նոյեմբերի 25-ը Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր: Լրատվամիջոցներից մի քանիսն անդրադարձան, գրեցին ու հիշեցին բոլոր ժամանակների մեր ազատամարտի ամենանշանավոր դեմքերից մեկին: Նորից Մոնթե Մելքոնյանի ասույթները հնչեցին մեր ունկերում, նորից ու նորից թափանցեցին մեր գիտակցության մեջ ու անցան մեր սրտերի միջով…

«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»… «Ես երդում տված եմ և կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է… Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե… Ես երդում տված եմ… Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…»:

Վերջինը եղավ իր համար, բայց եթե վաղը շարունակվի մեր պայքարի ճանապարհն, ու քարտեզին հայտնվեն Նախիջևանը, Արևմտյան Հայաստանի որբ ու տխուր մնացած տարածքները` այդ պայքարի մեջ առաջինը դարձյալ Մոնթեն է լինելու` իր բացակա ներկայությամբ, իր այրող-կանչող խոսքերով, իր սրտի զարկերով, որոնք անհնար եղավ լռեցնել… Վերջերս ազերի հրոսակներից մեկը «արդարություն» էր պահանջում, հերթական անգամ` սեփական զինվորական իշխանություններից վիրավորված` հիշեցնում էր Մոնթեի սպանութ յան մասին, պատմում նրա գլխատման մասին… Անհնար էր կարդալ ցինիզմի այդ գլուխգործոցն ու չհիշել դեռ վաղ ժամանակներից ազերիների մոտ տարածված մի օրորոցային, որը հիմա էլ երգում են շատ ազերի մամիկներ. «Քնիր, տղաս, որ մեծանաս, հայերի գլուխ կտրող դառնաս»… Գլուխներ, այո´, կարողանում են կտրել` անպաշտպան, շրջափակման մեջ ընկած, կամ գիշերը խաղաղ քնած մարդկանց գլուխներ: Բայց Ոգի և Էություն չեն կարողանում սպանել, որովհետև դրանց հասնելու համար նրանց ձեռքերը կարճ են… Նրանք Մոնթեին էլ լոկ ֆիզիկապես սպանեցին, բայց չկարողացան ոչնչացնել նրա Ոգին ու Էությունը, նրանից ճառագող այն լույսը, որը ոչ միայն Արցախում է, Գանձասարում, Ամարասում, Ղազանչեցոց եկեղեցու վեր հառնող գմբեթի մեջ, այլև ամենուրեք` ուր հայ կա: Ու դեռ Հայ Դատը հառնում է որպես ազգային պատգամ ու ուղերձ, որպես անարդարության դեմ ելնող սուր…

1993-ի հունիսի 12-ից երկար ժամանակ է անցել, մոտ քսան տարի: Մոտ քսան տարի Մոնթեն շրջանակված անուն է, բայց ո´չ շրջանակված զգացողություն: Այդ օրը կյանքից հեռացավ Մոնթե Մելքոնյանը` միշտ մնալու, միշտ մեզ դեպի պայքար տանելու համար: Վազգեն Սարգսյանը նրա անունը տեսավ Անդրանիկի ու Նժդեհի անունների կողքին, շատերը Մոնթեի մեջ տեսան մեր արթնացած դյուցազնավեպի քաջերին…

Միայն տասնհինգ տարեկանում է Մոնթեն իր համար հայտնագործել իր ազգությունը, հայ լինելու երջանկությունը: Ծնողների հետ եղել է Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, ապա` Արևմտյան Հայաստանում… Երանելի այցելություն իր պապերի տուն, որի պատերն ու քարերն են նրա մեջ արթնացրել պայքարի շունչը, նրան հրամայել հայ լինել ու կռիվ տալ հայեցիի համար: Գիտական գործունեությունը կիսատ թողեց, կիսատ թողեց դոկտորական ատենախոսությունն ու հայտնվեց Լիբանանում, հայ համայնքի ինքնապաշտ պանությանը մասնակցեց, հետո անդամագրվեց ԱՍԱԼԱ-ին ու նրա առաջնորդներից մեկը դարձավ: Հայաստան 1991-ին եկավ ու մեկնեց Արցախ, որովհետև այնտեղ իրեն էին սպասում: Հետո արդեն նրա մասին ռազմական պատմաբանները գրեցին.

- Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում: Մոնթեն հավատում էր իր զինվորներին, մեր ժողովրդին, համոզում, որ պետք է կռվել, որպեսզի հաղթենք: Առանց կռվի ոչինչ չի ստացվում թե´ մարտի դաշտում, թե´ թիկունքում…:

Իսկ հետո արդեն նրա քույրը պիտի խոստովաներ Մոնթեի մասին գրած գրքի առաջին էջերում.

- Բայց ինչպե՞ս պետք է պատմեի Մոնթեի պատմությունը, եթե նրա կյանքի վերջին տասը տարիների ընթացքում, չհաշված 1991 թ. կարճատև այցելությունը, բացակա էի եղել: Այս խնդրի լուծումը հնարավոր դարձավ շնորհիվ Մոնթեի այրու` Սեդայի: Իմ բացակայության տարիների մեծ մասը Մոնթեն կիսել էր Սեդայի հետ, նրան էր հաղորդակից դարձրել իր մտքերին և մասնակից` իր վտանգավոր ճամփորդությանը: Այսպես ես սկսեցի բացահայտել եղբորս պատմությունը: Մոնթեն վարել էր աստանդական կյանք, ապրել տասնյակ երկրներում, տասնյակ մականուններով ու տասնյակ կեղծ անձնագրերով: Նա իր տարիների կեսն անցկացրել էր փախստականներով բնակեցված ետնախորշերում, պարտիզանական ռազմակայաններում, թաքստոցներում, մեկուսարաններում ու բանտերում, հեռավոր խրամատներում: Նրա ճամփորդությանը մասնակցել էին բազմաթիվ մարդիկ` լավ ու վատ, բայց նա շատ վայրեր լքել էր շտապ ու անսպասելի: Ուստի միայն տարիներ անց, ուսումնասիրությունների, հարցուփորձի ու հայտնագործությունների շնորհիվ, ես և Սեդան կարողացանք հետևել այն քայլերին, որոնք ի վերջո նրան հասցրին ժայռոտ բարձունքի գագաթը, որտեղ նա թաղվեց ամառային այդ շոգ օրը:

Հիմա այդ բարձունքին նայելով ենք ասում. «Շնորհավոր ծնունդդ, Մոնթե Մելքոնյան… Այդ օրը միշտ մեզ հետ է…»… 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ